Ադրբեջանի գործողությունները ոչ այլ ինչ են, քան էթնիկ զտման և ցեղասպան քաղաքականություն, և այն իրականացնելով, Բաքուն շահարկում է հումանիտար միջանցքի և մարդասիրության այլ կեղծ օրակարգեր: Այս մասին նշված է Արցախի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:
«Հերթական անգամ խախտելով 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին լայնամասշտաբ ռազմական գործողություններ է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ՝ թիրախավորելով նաև քաղաքացիական օբյեկտներն ու խաղաղ բնակչությանը, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ կանայք, տարեցներ և երեխաներ:
Ադրբեջանի գործողությունները ոչ այլ ինչ են, քան էթնիկ զտման և ցեղասպան քաղաքականություն, և այն իրականացնելով, Բաքուն շահարկում է հումանիտար միջանցքի և մարդասիրության այլ կեղծ օրակարգեր»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը շտապ հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ և քննարկել ստեղծված իրավիճակն ու հետագա անելիքները:
Հաշվի առնելով հազարավոր մարդկանց կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգը՝ պաշտոնական Ստեփանակերտը կոչ է անում միջազգային դերակատարներին և շահագրգիռ բոլոր կողմերին անհապաղ ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ Արցախի նկատմամբ ագրեսիան դադարեցնելու ուղղությամբ:
«Արցախի Հանրապետությունը մշտապես եղել է խաղաղ կարգավորման կողմնակից և վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ բոլոր հարցերի լուծումը տալ բանակցությունների միջոցով»,- ընդգծված է հաղորդագրության մեջ:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: