Կարմիր Խաչի միջազգային կազմակերպությունը բեռնատարներով անհրաժեշտ մարդասիրական օգնություն է հասցրել Ստեփանակերտ՝ և՛ Լաչինով, և՛ Աղդամով, հաղորդում է APA լրատվական գործակալությունը: Դա, ըստ ադրբեջանական աղբյուրի, ալյուր է և դեղամիջոցներ:
«Մենք շատ գոհ ենք, որ որոշում կայացնողները եկել են մարդասիրական կոնսենսուսի, և այս գործընթացը կայացել է: Մենք հուսով ենք, որ մարդասիրական կոնսենսուսը թույլ կտա անհրաժեշտ օգնություն տրամադրել կարիքավորներին շարունակական հիմունքներով», — նշել է ԿԽՄԿ ներկայացուցիչը:
ԿԽՄԿ-ը մարդասիրական գործունեություն է ծավալում անցյալ տարվա դեկտեմբերից։ Դեկտեմբերից մինչ այսօր ավելի քան 800 մարդ է տարհանվել բուժական նպատակներով։
«Նաև այս բժշկական տարհանումների ընթացքում որոշ բժշկական պարագաներ առաքվել են Լաչինի ճանապարհով։ Այնուամենայնիվ, վերջին շրջանում մեծածավալ բժշկական պարագաներ կամ մեծածավալ մարդասիրական օգնություն չէր հաջողվում մատակարարել: Այսօր մեզ հաջողվեց իրականացնել այս առաքելությունը։ Որպեսզի ԿԽՄԿ-ն իրականացնի իր գործունեությունը, պետք է լինի որոշում կայացնողների համաձայնությունը», — նշել է ԿԽՄԿ ներկայացուցիչը։
Հայկական կողմն այս մասին դեռ չի հաղորդել:
Կիրակի օրը Արցախի իշխանությունները համաձայնեցին Աղդամի ճանապարհով ու Լաչինի միջանցքով հումանիտար բեռների միաժամանակ տեղափոխմանը:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: