Եթե քաղաքական ու իրավական տեսանկյունից գնահատենք այն, ինչ հիմա կատարվում է Հայաստանում և դրա շուրջ, ապա պատկերը հետևյալն է.
Նիկոլ Փաշինյանի՝ իրավական, սահմանադրական կամ այլ հիմք չունեցող բանավոր հայտարարության հիման վրա, թե «Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, նեռարյալ Ղարաբաղը», իրականացվում են աշխարհաքաղաքական մանիպուլյացիաներ, որոնց էությունը Հայաստանի հրաժարումն է Ղարաբաղից և այլ ազգային տարածքներից։ Դրա հռչակված նպատակը՝ Հայաստանը պետությունից վերածել «խաչմերուկի», «Արևելք-Արևմուտք, Հյուսիս-Հարավ միջանցքի»՝ առանց սահմանների, Արարատի, զինանշանի, Անկախության հռչակագրի։
Ելնելով Փաշինյանի առ ոչինչ հայտարարությունից՝ արևմտյան քաղաքական գործիչները հրաժարվում են ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և Արդարադատության միջազգային դատարանի առաջարկներից ու որոշումներից, որոնցում Ղարաբաղը կոչվում է առնվազն վիճելի տարածք, որի կարգավիճակը եւ տիտղոսը պետք է որոշվի՝ համաձայն ինքնորոշման իրավունքի։ Այսինքն, պետք է որոշվի, ո՞վ է այդ հողի տերը։ Եւ, ըստ այդ փաստաթղթերի, տերը հաստատ Ադրբեջանը չէ։
Որոշ արևմտյան քաղաքական գործիչներ, հասկանալով, որ խաղում են Ռուսաստանի և Թուրքիայի խաղը, փորձում են հիմա ակտուալացնել միջազգային իրավունքը տարածաշրջանի վերաբերյալ, սակայն Նիկոլ Փաշինյանը ամեն անգամ մերժում է բոլոր նախաձեռնությունները՝ հիշեցնելով, որ չի կարելի «քաղաքականացնել հումանիտար խնդիրները», որ տարածքների խնդիր չկա, միայն մարդկանց խնդիր կա։ Նա ասում է դա, որ չասի, թե ինչ իրավունքով է հրաժարվում հայկական հողից։
Ելնելով այս աննշան հայտարարությունից՝ ՌԴ նախագահ Պուտինը փաստացի չեղարկում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթուղթը՝ հայտարարելով, որ քանի որ Հայաստանը ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, ապա Ալիևը կարող է «նրբորեն» իրականացնել «էթնիկ զտումներ», այսինքն՝ արտաքսել կամ հպատակեցնել ղարաբաղցուն հայկական հողում։
Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարությունն ամեն ինչ հատուկ իջեցնում է մարդկանց «իրավունքների եւ անվտանգության» մակարդակի, լռելով այդ մարդկանց հիմնական իրավունքի մասին՝ իրենց տարածքի, նախնիների հողի հանդեպ բնածին տիտղոսի։ Հողի հանդեպ իրավունքը՝ միջազգային կառուցվածքի հիմնասյունն է: Ո՞վ ունի Արցախում հողի իրավունք։ Միայն այնտեղ ապրող հայերը՝ թե՛ հողի իրավունքի ժառանգական փոխանցման ուժով, թե՛ սահմանադրական իրավունքի ուժով։
Պուտինն ու մյուսները փորձում են հայկական տիտղոսը «վերագրել» Հայաստանի ներկայիս իշխանության, բայց դրանով իրենք իրենց խրում են ավելի մեծ ծուղակի մեջ։ Եթե Հայաստանը «հրաժարվել է Ղարաբաղից», դա նշանակում է, որ նրանք ընդունում են, որ «Ղարաբաղը պատկանում է Հայաստանին»։
Հայերի իրավունքների և տիտղոսների օտարումը կարող է դիտվել միայն որպես անեքսիա, և այժմ Ռուսաստանը օգնում է Երևանին և Բաքվին «ձեւակերպել» հայկական հողի անեքսիան։
Պուտինի հայտարարությունից հետո, որ «խաղաղապահների մանդատի հարց է առաջացնում, բայց այդ մանդատը մնում է», և նա հույս ունի, որ Ալիեւը Ղարաբաղում «փափուկ» ինտեգրում կիրականացնի, պետք է խոստովանենք, որ ռուսական զորքերը այժմ կարող են կոչվել օկուպացիոն ուժեր, քանի որ նրանք ապահովում են հայ ժողովրդի՝ իր հազարամյա հողի հանդեպ տիտղոսի օտարումը։
Այս քաղաքականությունն անհնարին կլիներ առանց Փաշինյանի հայտարարության, բայց այս փաստն ինքնին խոսում է ողջ կառույցի փխրունության մասին։ Փաստորեն, եթե «դուրս քաշեք» Փաշինյանի հայտարարությունը, ամբողջ կառույցը կփլվի։ Եվ այդ ժամանակ մենք ստիպված կլինենք ուղղակիորեն անվանել Արցախի «ինտեգրումը» «անեքսիա», ռուս «խաղաղապահներին»՝ «օկուպացիոն զորքեր», իսկ Հայաստանի ղեկավարության պահվածքը՝ «մեղսակցություն հայկական հողերի օտարմանը»։
Ահա թե ինչու բոլորն այդքան համառորեն աջակցում են Փաշինյանին՝ Արևմուտքը, Ռուսաստանը, Բաքուն և բուն Հայաստանում՝ երկիրը խաչմերուկի վերածելու կողմնակիցները։ Եթե կառույցը քանդվի, բոլորը պետք է պատասխան տան միջազգային դատարանի առաջ։
Նաիրա Հայրումյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: