Ռազմական լարվածության աճը և Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի՝ տարածաշրջանը հարկադրված լքելու վտանգը արժանի են միջազգային հրատապ արձագանքի։ Այս մասին հայտարարել է Freedom House միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մայքլ Աբրամովիցը՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում սրվող հումանիտար իրավիճակին և Հայաստանի ու Ադրբեջանի շփման գծի երկայնքով ռազմական տեխնիկայի կուտակման մասին տեղեկություններին։
«Մենք խորապես մտահոգված ենք Ադրբեջանի և Հայաստանի շփման գծի երկայնքով ադրբեջանական զինտեխնիկայի կուտակման մասին տեղեկություններով։ Մենք դատապարտում ենք Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակվելու ցանկացած ծրագիր և կոչ ենք անում միջնորդ կողմերին աշխատել Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունն ապահովելու ուղղությամբ», — ասված է հայտարարությունում, որը թարգմանաբար հրապարակել է Freedom House-ի հայաստանյան գրասենյակը։
«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը էթնիկ զտման վտանգ է ստեղծում տարածաշրջանի հայ բնակչության համար և սրում շարունակվող հումանիտար ճգնաժամը», — հայտարարում է Աբրամովիցը։
«Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը անկեղծորեն ներգրավվել խաղաղության բանակցություններում, ձեռնպահ մնալ Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունը նրանց դեմ իբրև զենք կիրառելուց և բացել Լաչինի միջանցքը՝ երաշխավորելու մարդկանց, մեքենաների և բեռների անխոչընդոտ երկկողմ տեղաշարժը: Մենք նաև կոչ ենք անում Միավորված Ազգերի Կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդին նշանակել Հատուկ Զեկուցող՝ գնահատելու մարդու իրավունքների իրավիճակը Լեռնային Ղարաբաղում», — ասված է Freedom House-ի նախագահի հայտարարությունում։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: