Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում արագորեն վատթարացող հումանիտար իրավիճակով, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։

«Մենք կրկնում ենք մեր կոչը, ինչպես և պետքարտուղարը՝ շաբաթավերջին արած հայտարարությունում, Լաչինի և Աղդամի երթուղիների անհապաղ և միաժամանակյա բացման վերաբերյալ», — ասել է Միլլերը։

«Մենք կոչ ենք անում ղեկավարներին, ինչպես պետքարտուղարն՝ իր կոչերում, չձեռնարկել որևէ գործողություն, որը կբարձրացնի լարվածությունը կամ կշեղի այդ նպատակից», — ընդգծել է Պետդեպարտամենտի խոսնակը։

Միլլերը նշել է նաև, որ պաշտոնական Վաշինգտոնը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ և ինքնիշխան պետություն և հետևաբար չի ճանաչում այնտեղ օրերս անցկացված նախագահական ընտրությունները։

Խոսնակն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի վճռականորեն աջակցել Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին` լուծելու առկա խնդիրները ուղղակի երկխոսության միջոցով: Նրա խոսքով՝ այդ իսկ պատճառով պետքարտուղար Բլինքենը և Կովկասի բանակցությունների գծով ավագ խորհրդական Լու Բոնոն հետևողականորեն ներգրավված են եղել և կշարունակեն ներգրավված լինել այս հարցով:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest