Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար Սերգեյ Սմբատյանը 100 միլիոն գրավի դիմաց ազատ է արձակվել. նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց տնային կալանքը փոխվել է։ սեպտեմբերի 8-ին և նա հնարավորություն է ստացել մասնակցել սեպտեմբերի 14-ին մեկնարկող պետական սիմֆոնիկ նվագախմբի համեերրգաշրջանի փորձերին։ Ազատ է արձակվել նաև Արմեն Սմբատյանը, այդ մասին իր  ֆեյսբուքայն էջում հայտնում է գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը:

«Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների հիման վրա՝ հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել դատարանի կողմից ընտրված խափանման միջոցը փոխելու և Սերգեյ Սմբատյանի նկատմամբ գրավ կիրառելու մասին՝ 100 մլն դրամի չափով: Հսկող դատախազի մեկ այլ որոշմամբ՝ Արմեն Սմբատյանի նկատմամբ ևս կիրառվել է գրավ խափանման միջոցը՝ 100 մլն դրամի չափով, ինչպես նաև համակցված այլընտրանքային մեկ այլ խափանման միջոց՝ բացակայելու արգելքը», — գրել է նա:

Հիշեցնենք՝ հուլիսի 30-ին կալանավորվել էին Իսրայելում նախկին դեսպան Արմեն Սմբատյանն ու նրա որդին` դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Արմեն Սմբատյանին մեղադրանք է ներկայացվել 2003 թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախության կազմակերպիչ), իսկ Սերգեյ Սմբատյանին և գործարար Ա.Պ–ին՝ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախություն)։

Օգոստոսի 24–ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բեկանեց դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին առաջին ատյանի դատարանի որոշում փոխարինելով տնային կալանքով։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest