Ադրբեջանը համաձայնել է Լաչինի և Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհների միաժամանակյա օգտագործմանը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն ի պատասխան տեղական լրատվամիջոցների հարցերի։
«Մենք ևս մեկ անգամ հայտարարում ենք, որ ադրբեջանական կողմը պատրաստ է Աղդամ-Խանքենդի [Ստեփանակերտ. — խմբ.] ճանապարհին զուգահեռ ԿԽՄԿ-ի միջնորդությամբ բեռների փոխադրման համար պայմաններ ստեղծել՝ Լաչինի սահմանային անցակետում սահմանային և մաքսային ընթացակարգերի պահպանմամբ», — ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարը:
Այսօր ավելի վաղ հաղորդվեց, որ ռուսաստանյան Կարմիր Խաչի մարդասիրական օգնությամբ բեռնատարն Աղդամով հասել է Ստեփանակերտ։
Անցած շաբաթվա վերջին Արցախի իշխանությունները որոշեցին թույլ տալ Աղդամով ռուսական բեռների մուտքը Լեռնային Ղարաբաղ։
Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդում էր, որ միաժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի՝ Լաչինի միջանցքով վերականգնվելու են հումանիտար բեռնափոխադրումները ռուս խաղաղապահների ու Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի կողմից: Սրան հետևեց ադրբեջանական արձագանքը, թե ռուսականի բեռի մուտքը Ստեփանակերտ առանձին պայմանավորվածություն է, չշփոթել Աղդամն ու Լաչինը միաժամանակ բացելու առաջարկի հետ:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: