Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը արագորեն վատթարանում է, X-ի (նախկին՝ Թվիթեր) իր էջում գրել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) տնօրեն Սամանթա Փաուերը։

Նա կարևորել է «Լաչինի և Աղդամի երթուղիների անհապաղ վերաբացումը, որպեսզի փրկարար օգնությունը հասնի Լեռնային Ղարաբաղի ժողովրդին»:

Գրությանը կից Սամանթա Փաուերը տարածել է նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի երեկվա հայտարարությունը, որով ԱՄՆ-ն կոչ է անում բացել երկու ուղիներն էլ՝ թույլ տալու մատակարարումները Լեռնային Ղարաբաղ։

Շաբթ օրը հայտնի դարձավ, որ Ռուսաստանի կառավարությունը հումանիտար օգնություն է ուղարկում Լեռնային Ղարաբաղ՝ ադրբեջանական Աղդամի ճանապարհով։ Ադրբեջանական Կարմիր մահիկը հայտարարեց, թե փոխադրումն իրականացվում է Կարմիր մահիկի և Ռուսաստանի Կարմիր խաչի ընկերությունների համագործակցության հուշագրով։ Ըստ ադրբեջանական կողմի՝ մեքենան մտել է Բարդա քաղաք և սպասում է այնտեղ։

Ստեփանակերտը հաղորդեց, որ որոշել են թույլ տալ Աղդամով ռուսական բեռների մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ նշելով, որ միաժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Լաչինի միջանցքով վերականգնվեն հումանիտար բեռնափոխադրումները ռուս խաղաղապահների ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից: Արցախը նշեց, որ այս քայլին դիմում է՝ ելնելով Ադրբեջանի կողմից իրականացվող լիակատար շրջափակման հետևանքով առաջացած սուր հումանիտար խնդիրները մեղմելու անհրաժեշտությունից։

Երկու օր անց, սակայն, ճանապարհները դեռ շարունակում են փակ մնալ։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest