Այսօր Ազգային ժողովի նիստում Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը ներկայացրեց «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին, կոնվենցիային կից՝ «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
Արձանագրությունը ԵԽ-ն ստորագրել է 2002 թվականի մայիսի 3-ին, այն ուժի մեջ է մտել 2003 թվականի հուլիսի 1-ին։
Ըստ Կարապետյանի՝ այս պահի դրությամբ արձանագրությունը ստորագրվել է Եվրոպայի խորհրդի 46 անդամ պետությունների կողմից և ուժի մեջ է մտել 44 պետության համար։
Հայաստանի Հանրապետությունն արձանագրությունը ստորագրել է դեռևս 2006 թվականին, սակայն մինչ օրս այն չի վավերացրել։ Մինչդեռ, այս արձանագրությունը այն եզակի միջազգային փաստաթղթերից է, որի առնչությամբ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հանդիպման ընթացքում ամեն տարի մահապատժի վերացման համընդհանուր արշավի շրջանակներում գրավոր հարցում է իրականացվում այն չվավերացրած Եվրոպայի խորհրդի անդամ երկրներին՝ պարզաբանելու վավերացման ձգձգման պատճառները ։
Արձանագրության վավերացման հարցը պարբերաբար դրվում է նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի օրակարգում։ Ըստ էության, արձանագրությունը ամրագրում է, որ մահապատիժը վերացվում է, և ոչ-ոք չի կարող դատապարտվել և ենթարկվել մահապատժի, իսկ արձանագրության դրույթների որևէ վերապահում կոնվենցիայի 57-րդ հոդվածի մասով թույլատրելի չէ։
«Արձանագրության վավերացումը համահունչ է Հայաստանի՝ որպես մահապատիժը ամբողջական վերացման կողմնակից պետության քաղաքականությանը։ Ավելին, մահապատիժն արդեն արգելված է Հայաստանի սահմանադրությամբ։ Թիվ 13 արձանագրությունը համահունչ է նաև Հայաստանի Հանրապետության արդեն իսկ ստանձնած միջազգային պարտավորությունների ենթատեքստում»,- ասաց Կարապետյանը։
Նախարարի տեղակալի խոսքով՝ 2003 թվականին Հայաստանն արդեն վավերացրել է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի թիվ 6 արձանագրությունը և այս առումով 13-րդ արձանագրությունը համարվում է դրա տրամաբանական շարունակությունը և արտահայտում է ԵԽ անդամ պետությունների վճռականությունը ձեռնարկել վերջանական քայլ՝ ուղղված արդեն բոլոր դեպքերում մահապատժի վերացմանը։
«Բացի այդ, 2001 թվականի հուլիսի 18-ից Հայաստանի Հանրապետությունում ուժի մեջ է մտել քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի՝ մահապատժի վերացմանն ուղղված երկրորդ կամընտիր արձանագրությունը, որին Հայաստանի Հանրապետությունը միացել է առանց որևէ վերապահումների։
Հետևապես, թիվ 13 արձանագրության վավերացումը Հայաստանի Հանրապետության համար լրացուցիչ պարտավորություններ չի առաջացնելու, մինչդեռ միջազգային մակարդակով այս քայլը կգնահատվի որպես երկրում մարդու իրավունքների պաշտպանության ուղղված կարևորագույն, դրական առաջընթաց և կամրապնդի Հայաստանի վարկանիշը որպես իր պարտավորությունները հարգող միջազգային համայնքի անդամ-պետություն»,- եզրափակեց Կարապետյանը։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: