Սուրեն Պապիկյանի պաշտոնավարումը ՊՆ-ում շատ նման է պետական նյարդային համակարգը ոչնչացնելուն: Էս մարդը անհետ կորածների հարազատների է ընդունել իր մոտ ինչպես ԱՄՆ նախագահ մի տարբերությամբ: ԱՄՆ նախագահը վրեժի սեփական զգացումը հրապարակային չի դարձնում, որովհետև գործ ունի իր քաղաքացու հետ:
Սուրեն Պապիկյանը որոշներին չի ընդունել, որովհետև վիրավորել են իրեն: Եվ, իսկապես, ծնողներից մեկը նրան տուզիկ է ասել: Սա դեռ քիչ է, նախարարի մոտ մտնելիս ոչնչով չմիխաթարվող այս մարդկանց՝ մայրերի և հայրերի, նվաստացուցիչ ստուգման են ենթարկել, կանանց խուզարկել են տղամարդիկ:
Անկեղծ ասած, մի բան չեմ հասկանում: Զոհվածների հարազատներն ինչո՞ւ են գնացել նախարարի մոտ, եթե իրենց հարազատների տեղեկատվության առաջին աղբյուրը ԱԱԾ-ն է, էլ չեմ ասում՝ վարչապետը: Մյուս կողմից չեմ կասկածում, որ Պապիկյանը հաստատ մի բան ավելին գիտի նրանց որդիների մասին, քան հենց ծնողները: Բայց այս ամբողջ պատմության մեջ ահա թե ինչն է սարսափելի: պատերազմը դեռ չի ավարտվել: Տասնյակ հազար որդիներ կան, որոնց ծնողները տեսնում են նախարարի այս վերաբերմունքը զոհերի հարազատների հետ:
Հայաստանն ամեն օր գտնվում է ավելի լայնամասշտաբ հարձակման շեմին: Աստված հեռու պահի, բայց նոր զոհերը բացառված չեն, բացառված չեն նոր անհետ կորածներն ու գերիները: Իսկ ի՞նչ է ասում Պապիկյանի վարքը: Այդ վարքն ասում է, որ սա իշխանության վերաբերմունքն է զոհերի ծնողներին: Գարիկ Գալեյանի հոր ձերբակալությունը՝ ձեզ օրինակ: Ես չգիտեմ, թե ինչ հանցանք է գործել այդ մարդը: Մասնավորապես չափազանց կասկածելի է թմրամիջոց պահելու մասին մեղադրանքը: Այն շատ նման է տոտալիտար երկրների իշխանությունների հորինած մեղադրանքներին, որոնք ավելի լուրջ բան չեն գտնում մարդուն բռնելու համար: Ահա այսպիսի վարքով իշխանությունը դժվարացնում է այս երկրում պատերազմի համար որդի ունենալը: Ու գուցե դիտավորյալ է անում դա «ի սեր խաղաղության դարաշրջանի»:
Բայց էստեղ հարց կա՝ քո ինչի՞ն է պետք խաղաղության դարաշրջանը, եթե բոլորի արժանապատվությունը գետնին է տրված հանուն իշխանության արժանապատվության: Էլ չեմ ասում, որ էսպիսի իշխանության արժանապատվությամբ մտահոգվելն էլ է դարձել կասկածելի մի բան զուտ այն պատճառով, որ 2021-ի հունիսի ընտրություններին այն իշխանությունը պահպանել է բոլորովին այլ կարգախոսներով և դրանցում, դիցուք, չի եղել, ասենք, Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելը:
Ես տպավորություն ունեմ, որ հեղափոխական իշխանությունը պատերազմ է հայտարարել զոհերի ծնողներին: Բայց այս պատերազմը նրանց չէ ուղղված: Այս պատերազմը ուղղված է նրանց, որոնք (մեղա, մեղա) դեռ զոհեր չունեն: Նրանք պետք է հասկանան, որ ինչ էլ պատահի, այս իշխանությունն այնքան թույլ չի լինի, որ նրանք ոնց ուզենան և ինչ ուզենան անեն նրա հետ: Իշխանությունն ուժ է ցույց տալիս, որը պարտված երկրի ապագա կռվողներին ոչ մի լավ բան չի խոստանում:
Եվ այդ «առաքելությունը»՝ բոլոր զոհերի ծնողներին դնել իրենց տեղը, դրված է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի վրա:
Մհեր Արշակյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: