Ուրուգվայում իշխող «Ազգային կուսակցություն»-ն ընդունել է Արցախի ժողովրդի հետ համերաշխության և Բաքվի կողմից շրջափակումը դատապարտող հռչակագիր։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով կուսակցության պաշտոնական կայքը։
«Իրավիճակը չափազանց լուրջ է, քանի որ Ադրբեջանը խախտում է Մարդու իրավունքներն ու ոտնահարում միջազգային փաստաթղթերը, ինչպիսիք են, օրինակ, 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի կողմից ստորագրված եռակողմ հրադադարի համաձայնագիրը և հատկապես Արդարադատության միջազգային դատարանի կողմից ընդունված որոշման դրույթները։ Միջազգային դատական ատյանն Ադրբեջանից պահանջել է երաշխավորել մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով»,- ասված է հռչակագրում։
«Հայ ժողովրդի հետ «Ազգային կուսակցության» մշտական համերաշխությունը հիմք հանդիսացավ դեռ 2022 թվականի սեպտեմբերի 20-ի հռչակագրի ընդունման համար, որով դատապարտվում են Ադրբեջանի կողմից իրականացված հարձակումները Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքների վրա։ Ուրուգվայի հայ համայնքի հետ միասին մենք լիակատար համերաշխություն ենք հայտնում Արցախի ժողովրդին՝ նրա պայքարում։ Միանշանակ մերժում ենք Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը, որը գոյատևման վտանգի տակ է դնում 120․000 բնակիչների: Կոչ ենք անում մեր երկրի օրենսդիր և գործադիր իշխանություններին, ինչպես նաև միջազգային հանրությանը` Ադրբեջանից պահանջել հարգել Միջազգային հասարակական և մարդասիրական իրավունքը, վերջ դնել այս ծայրահեղ ծանր իրավիճակին»,- նշված է հռչակագրում։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: