Արցախում պատերազմի բավական մեծ վտանգ կա, ոչ պակաս քան 50 տոկոս։ Այս մասին Forrights.am-ի հետ զրույցում նշում է քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը՝ մատնանշելով գործընթացներ, որոնք տեղի են ունենում տարածաշրջանում։
«Այս կանխատեսումը ցույց է տալիս Իսրայելից ռազմական օգնությունը, զորքերի տեղակայումը համապատասխան տեղերում և այլն։ Մենք պարտավոր ենք դիտարկել, որ այդ շանսը բավական մեծ է, պետք է զգոն լինել»,-ասաց քաղաքագետը՝ նշելով, որ չի բացառում, որ ռազմական գործողությունները կներառեն նաև ՀՀ-ն։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 1-ին, թշնամական կողմը կրակ էր բացել հայկական դիրքերի ուղղությամբ, մասնավորապես, Սոթքի։ ՀՀ ՊՆ-ն հայտնեց երեք զոհի և երկու վիրավորի մասին։
«Սոթքը ցույց տվեց, որ հարվածներ լինելու են նաև ՀՀ-ին։ Հայաստանին հարվածներ են տրվելու, որպեսզի պարալիզացվի ու չկարողանա օգնել, Արցախում հատուկ ռազմական օպերացիայի փորձ կարող է լինել։ Այստեղ կան երազողներ, որ ասում են Արցախի հարցն ուզում է լուծեն, ուզում են չլուծեն, Հայաստանին ձեռք տվող չեն, բայց ոչ, եթե հաջողվի հաղթել Արցախում փորձելու են լուծել Սյունիքի միջանցքի հարցը։ ՀՀ-ին վզին փաթաթելու են մի պայմանագիր, որի համեմատ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը դառնա դրախտային։ Ես դա կանվանեի սահմանափակ ինքնիշխանություն»,-ասաց Արմեն Հովհաննիսյանը՝ նշելով, որ դա ենթադրում է ոչ միայն Լաչինի միջանցքի հանձնում, այլ նաև, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի»։
Արցախի նախագահի հրաժարականը կարող է նպաստել ռազմական գործողությունների սկսմանը, կարծում է Արմեն Հովհաննիսյանը։
«Արայիկ Հարությունյանի հրաժարականը Ռուսները և ադրբեջանցիները դիտարկում են մեկ քայլ դեպի պատերազմի ուղղությամբ։ Ես չեմ բացառում, որ ռուսները ոչ միայն մի կողմ կքաշվեն, այլ նաև տեղ-տեղ համատեղ գործողություններ կիրականացնեն ադրբեջանցիների հետ»,-ասաց նա։
Հայաստանի իշխանությունները վերջին հինգ տարիներին կտրուկ փոխել են իրենց մոտեցումը Արցախյան հիմնախնդրի առնչությամբ, չեն խոսում կարգավիճակի և ինքնորոշման մասին։ Իսկ հավանական ռազմական սցենարների դեպքում արդյո՞ք աջակցություն կլինի։ «90-ականների գտնվում էին մարդիկ, որ օգնում էին, սա մոտեցման հարց է։ Խոսքն արցախահայության մասին է»,-ասաց նա՝ նշելով, թե ինչ քայլեր պետք է կատարել Արցախը հայկական պահելու համար։
«Այդ ամենը հնարավոր կլինի կանգնացնել Արցախում և ՀՀ-ում համաձայնեցված դիմադրությամբ, երկրորդ՝ հարցը միջազգայնացնելով և երրորդը պետք է իր ռազմաքաղաքական կապերը խզեն Ռուսաստանի հետ»։
Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի խոսքով էլ Ադրբեջանում պատերազմ սկսելու քաղաքական որոշում է կայացվել։ «Իմ կարծիքով, որոշումը, հարձակվել Արցախի և Հայաստանի վրա արդեն ընդունված է, քաղաքական որոշում է։ Հիմա մնում է այդ որոշման իրականացման գործընթացը»,-ասաց Ղուկասյանը և որպես հիմնավորում նշեց Ադրբեջանի կողմից մե]աքանակ զենքի ձեռքբերումը Իսրայելից, պահեստազորի զինծառայողներին ծառայության կանչելու որոշումը և շարասյուների կուտակումները առաջնագծում։
«Կան օդում պտտվող լուրեր, որ Ադրբեջանը մինչև սեպտեմբերի 10-ը ժամկետ է տվել Արցախի ղեկավարությանը հեռանալ և Արցախում հաստատել ադրբեջանական վարչակարգ, եթե չենթարկվեն այս հրահանգին, ապա Ադրբեջանը մտադիր է անցնել գործողությունների։ Սա ստուգված տեղեկություն է»,-ասաց Անդրիաս Ղուկասյանը՝ նշելով, որ ՀՀ-ն պետք է պատրաստվի պատերազմի՝ արցախցիներին պաշտպանելու համար։
Նարեկ Կիրակոսյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: