Արդեն 3 օր է, Ստեփանակերտում հաց չկա։ Հացի փռերը ալյուր չեն ստանում։ Համացանցի արցախյան տիրույթում մարդիկ իրար հարցնում են, թե որտեղից կարող են հաց, կամ ալյուր գնել։
Արցախցիների ֆեյսբուքյան փակ խմբերում ապրանքների փոխանակման մասին հայտարարություններ ենք գտնում։ Ավելի հաճախ մարդիկ փոխանակում են ինչ-որ իրեր սննդամթերքի, կամ առաջին անհրաժեշտության ապրանքների հետ։ Օրինակ՝ «Թեյը փոխանակում եմ օճառով», «Միջադիրը /պրոկլադկան/ փոխանակում ալյուրավ», «1 լիտր մեղրը փոխանակում եմ 10 լիտր բենզինով»,կաթնային շոկոլադե սալիկի նկար է դրած, որի դիմաց 1 տուփ աղ են ուզում։
Բայց ամենից հաճախ արցախցիները արևածաղկի ձեթ, սիգարետ ու շաքարավազ են փնտրում։
Սիգարետ փնտրողները շատ են
«Թվիքս» շոկոլադի հետ են փոխանակում, բենզինի՝ 4 լիտր բենզինը 2 տուփ սիգարետի հետ, ձեթի, և այլն։
Աստղաբաշխական գներով այն կարելի է գտնել այն անձանց մոտ, որոնք «Կարմիր Խաչի» մեքենաներով եկել են Հայաստանից։ «Մեծածախ վաճառքում 1 բլոկը արժե 25000 դրամ։ Իսկ տուփը 3000 դրամից թանկ ա, ու գաղտնի են ծախում։ Ավելի հաճախ փոխանակում են, փողը էլ Արցախում արժեք չունի։
Գյուղերում բախչաները թալանում են։ Ում բախչան հեռու ա տնից, անպայման թալանված ա։ էդ հայտարարություն տվողներն էլ շատը իրանց անունով չեն, որ չմտնեն տներն ապրանքները գողանան։ Կարտոշկա քաղաքում չկա, պոմիդորը 1000 դրամ ա։ Ձուն 300 դրամ հատիկը, ու չկա, կանաչին 600 դրամ։ Գյուղերում կա կաթ, բայց վառելիք չունեն, որ բերեն քաղաք, իսկ պանիր էլ չեն կարում սարքեն, աղ չկա։ », — ասում է մեր զրուցակիցը Ստեփանակերտից։
Վերջերս, Արցախի նախագահի պաշտոնից հրաժարական տալուց առաջ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ ամեն ընտանիքի օգնություն է հատկացնելու։ Մարդկանց բաժանել էին չզտված կտավատի ձեթ, որն անհնար էր օգտագործել, քանի որ տաքանալուց գարշահոտ էր արձակում։
«Սեպտեմբերի 1-ն է, բայց մարդիկ չկարողացան երեխաների համար շոր, կոշիկ գնել։ հասարակ տետրեր չկան», — գանգատվում է ծնողներից մեկը։ Նա երեխային դպրոց չի ուղարկում։ Ասում է․ «Թույլ է, հանկարծ կընկնի դասարանում, կամ ճանապարհին։ Երեխան խաշած բրինձ ա ուտում»։
«Արայիկ Հարությունյանի գնալուց հետո ոչինչ չի փոխվել։ Նա կա, թե չկա, նույնն է։ Առանց հացի նստած ենք։ Մեր իշխանությունն ամեն ինչ անում է Աղդամի ճանապարհը բացելու համար։ Սա ինտեգրացիայի ծրագիր է, սովի մատնելով մեզ ուզում են ինտեգրել Ադրբեջանի հետ», — ասում է Ստեփանակերտի կենտրոնում բնակվող մեր զրուցակիցը։
Երազանքի ավտոբուսը
Ստեփանակերտը դատարկ է։ Ոչ մի երթուղային տաքսի չես տեսնի, իսկ սեփական ավտոմեքենաները հատուկենտ են հանդիպում։
Փողոցներով ուրվականի պես շրջում է «Գանձասար» տուրիստական գործակալության ավտոբուսը, որը քաղաքի միակ տրանսպորտն է, փաստորեն։ Ժամանակին Լևոն Հայրապետյանին պատկանող այս գործակալությունն էլ չկա, իսկ ավտոբուսը գնել է մի երիտասարդ։ Մարդկանց տանում, հասցնում է «Տատիկ-Պապիկի» մոտ, ու այնտեղից նորից բարձրանում է դեպի Վերածննդի հրապարակ։ Կարուսելի պես մի բան է, զվարճանք, ուրախություն երեխաներիկ համար։ Ավտոբուսն այս հայրենասիրական բարձր երգ-երաժշտության ներքո պտտվում է Արցախի մայրաքաղաքով։ Մեկ պտույտը արժե 1000 դրամ։
Ըստ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի, այն «գիբրիդային» եղանակով է աշխատում։ «Կեսը վառելիքով, կեսը հոսանքով։ Նա քիչ ա օգտագործում վառելիք։ երեխաներին պտտեցնում է քաղաքով։ Երեխաներից փող չեն վերցնում, մենակ մեծերից են վերցնում», — ասում է քաղաքապետը։
Լույսը անջատել են, փուռը կանգնել է
Մարտակերտից գործարար Մհեր Մ-ին պատկանող հացի արտադրամասը մոտ 600 հազար պարտք ունի։ Հոսանքի դիմաց չի կարողացել վճարումներ կատարել։ «Միշտ չյոտկի աշխատել ա, ալյուրը ճարել ա, աղը ճարել ա, աղով ա միշտ հաց թխել։ Իրա փուռը ոչ մի օր առանց ալյուր հաց չի թխել։ Հիմա բռնել են երկու կոպեկի համար լույսը անջատել են։ Մարդկանց թողել են սոված։ Լույս չունի, որ հաց թխի։ Այ տենց բաներ են կատարվում շրջափակման մեջ», — Forrights.am –ին ասաց Մարտակերտի մի բնակիչ։
Խոսեցինք Մհեր Մ-ի հետ։ Նա հաստատեց տեղեկությունը։ «Էսօր տարանք գումարի կեսը ստեղից էնդեղից մուծեցինք։ Տեսնենք, ինչ են անում։ Մի գրեք, կարող ա դեռ տան լույսս», — ասաց նա։
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: