Ուրբաթ օրը, սեպտեմբերի 1-ին, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը վերջապես ընդունել է  44-օրյա պատերազմում անհետ կորած զինվորենրի ծնողներին։

Ըստ ականատեսների, ՊՆ մտնելիս նրանց մանրակրկիտ և նվաստացուցիչ ստուգման են ենթարկել։ Տղամարդկանցից վերցրել սիգարետի տուփերը։ Կանանց պայուսակների խուզարկությունն իրականացրել են տղամարդիկ։

«Էն տիպի ստուգում էին անցկացնում, խստագույնս, որ անգամ սիգարետները տղամարդկանց մոտից վերցրեցին, դրեցին «յաչեյկեքը»։ Էսքան ժամանակ շատ տեղեր ենք մտել, վարչապետի մոտ, ԱԱԾ պետի մոտ, բայց մեր մոտից երբեք սիգարետ չեն վերցրել։ Ծխելը այնպես թե այնպես արգելված է, բայց այս անգամ նույնիսկ կանանց «կասպետիչկեքն» էին ստուգում։ Ընդ որում, կանանց ստուգում էին տղամարդիկ։ Մտնում էին պայուսակները, որտեղ կարող են անձնական իրեր լիներ, ու ստուգում, չգիտես, ինչ իրավունքով։ Թող կանանց բերեն, կանգնացնեն, որ նրանք ստուգեն, ռազմական ոստիկանության սպան ինչ իրավունքով պետք է մտնի զոհվածի  մոր պայուսակը», — ասում է «Հույսի ճրագ» ՀԿ հիմնադիր Արսեն Ղուկասյանը։

Նրան և անհետ կորած զինծառայողների  ծնողներից ևս մեկին թույլ չեն տվել ներս մտնել։  «Իմ մուտքը վարչապետի և պաշտպանության նախարարի մոտ արգելված է, որովհետև հայտարարություն եմ արել,  որում օգտագործել եմ «տուզիկներ» բառը», — բացատրում է Արսեն Ղուկասյանը։

Ասում է, որ հանդիպումից ակնկալիք չի էլ ունեցել։  «Գերիներով ու անհետ կորածներով զբաղվում է ԱԱԾ-ն, իսկ քննություններով զբաղվում են քննչական մարմինները։ Հատկապես վերջիններից ես դեռ չեմ տեսել, որ մի բան անեն անհայտ կորածների հետ կապված։ Օրինակ, իմ եղբոր որդու հետ կապված քննչական վարույթ  կա, բայց երեք տարում ոչինչ չեն արել։ Անգամ գրավոր դիմել եմ, որ «Իքս» մարդուն հարցաքննեն, չեն հարցաքննում։ Ասում են՝ երկու անգամ ծանուցում ենք ուղարկել, չի ներկայացել։ Էհ, չի ներկայանում, նարյադով բերեք»։

Ըստ հանդիպման մասնակիցների, պաշտպանության նախարարը ոչ մի նոր բան չի ասել ծնողներին։ Սա բարկացրել է անհետ կորածների հարազատներին։ Նրանցից երկուսը հանդիպման կեսից դուրս են եկել։ Էջմիածնի «Քիմիկների զորամասի» անհետ կորածներից մեկի մայրը՝ Կարինե Մանավազյանը, թեև մինչև վերջ մասնակցել է  2,5 տևած հանդիպմանը, բայց նա նույնպես վրդովված է։

«2,5 ժամ նստեցինք, ոչ մի հարցի կոնկրետ պատասխան չտվեց Սուրեն Պապիկյանը։ ինչից խոսեցինք, ասեց՝ կփորձեմ օգտակար լինել։ Ես չեմ հասկանում, թե նրան ինչու են այնտեղ նստեցրել։ հետն էլ ասում են՝ աշխատում ենք, աշխատույմ ենք։ Ոնց են աշխատում, որ օրը 2-3 զոհ ենք տալիս», — ասում է Կարինեն։ Նրան զարմացրել է նախարարի խոսքը։ «Ասաց՝ մինչև խաղաղության պայմանագիրը չկնքվի, մենք ձեր երեխաների մասին կոնկրետ ոչ մի դրական պատասխան չենք կարող տալ, ոչ մի լուծում ձեր երեխաների հարցը չի ստանա, մինչև խաղաղության պայմանագիրը չկնքվի։ Սա շանտաժի նման է»։

Նա պատմում է, որ երկու օր առաջ էլ ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ծնողներից մեկը՝ Աբաջյան ազգանունով մի տղամարդ, թեժ վիճաբանության մեջ է մտել փոխնախարարի հետ։ Այս անգամ նրան թույլ չեն տվել մասնակցել նախարարի հետ հանդիպմանը։

«Երբ մեր խոսակցությունը սկսվեց, ես ասեցի՝ կներեք, ներքեւում ծնող ունենք, ուզում է  մասնակցել։ Պապիկյանը ասաց՝ ոչ, նա ինձ վիրավորել է, ես չեմ թողնում, որ բարձրանա վերև։ Ներքեւում ծնողները ջուր են ուզել, նրանց ջուր չեն տվել։ Ու էլի սկանդալ ու կռիվ է եղել իրավապահների հետ։ Մեր Արսենի վրա հսկող ոստիկանները, չգիտեմ, անվտանգության աշխատող էին, ինչ էին, ձեռք են բարձրացրել։ Այն էլ այդ լարված օրով, սեպտեմբերի մեկին, երբ որ մենք Սոթքում զոհ ունեինք», — նշում է Կարինեն։

Նա հարցրել է նախարարին՝ ոնց է լինում, որ Էջմիածնի քիմիկների զորամասի հրամանատարը այդքան մարդկանց գլուխը կերավ, փախավ, եկավ, համարվում է դավաճան, գործ կա հարուցված, բայց դու նրան բերել ես ՊՆ նախարությունում պաշտոն տվել, կողքդ ես նստեցրել։ Ինձ պատասխանեց՝ նա իմ կողքը չի, երեք դուռ այն կողմ է նստած։ ՄԻ խոսսքով, ծնողներին, իբր, ընդունեցին, իրականում իրենց գլխից ռադ արեցին», — ասում է Կարինեն։

Հիշեցնենք՝ «Քիմիկների զորամասի» գործը դատարանում է։ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանի, հրամանատար Արսեն Աբգարյանի, ևս 2 անձանց  պատճառով ավելի քան վաթսուն զինվորականները հայտնվել  են ադրբեջանական շրջափակման մեջ Զանգելանում։ Նրանք չեն ընդունում մեղադրանքները։ Արսեն Աբգարյանը ներկայումս ՊՆ-ում պաշտոն է զբաղեցնում։

Ինչո՞ւ էին մարդկանց ՊՆ մտնելիս խստորեն ստուգում։ «Էն էլ ինչ խստորեն։ Կանայք կային, փոքրիկ դրամապանակների մեջ դեղեր էին պահում, ուզեցին վերցնեն հետները, չթողեցին, որ տանեն հետները։ Մենք ասեցինք՝ եթե մարդը վատանա, դու չես էլ հասցնի շտապօգնություն կանչել։ Միևնույն է, թույլ չտվեցին», — պատասխանեց Կարինեն։

Անհայտ կորած Նարեկ Հովհաննիսյանի հայրը՝ Կարեն Հովհաննիսյանը ասում է․ «Մենք գնացինք, հանդիպեցինք, բայց անարդյունք։ Քիչ էր մնում, մեզ ասեին՝ ինչի պատերա՞զմ է եղել։  Մի բան գիտեմ․ այսօրվա դրությամբ մենք չունենք այն կառույցը, այն մարդուն, չունենք մի կազմակերպություն, որը կարողանա հետ բերի մեր երեխեքին, մեր հարցին պատասխանի»։

Ո՞րն է ձգձգման պատճառը, եթե պետք է ոչինչ չասեին ձեզ։ Կարեն Հովհաննիսյանը Ջեբրայիլում կորած որդու՝ Նարեկի հետ վերջին անգամ կապ է հաստատել 2020 թվականի հոկտեմբերի 5-ին։

«Կատարել են ԴՆԹ հետազոտություն։ Իմ տղայի ոտքը 43 համարի է, ինձ տվել են 41 համարի բատինկեք հագնողի  մարմին, ասում են՝ սա է։ Նման բան հնարավո՞ր է, լավ, դուք ասեք»,- ասում է Կարեն Հովհաննիսյանը։

Նրան ընդամենը տեղեկություն  է պետք որդու մասին։ «Նրանք պարտավոր են մեզ տեղեկություններ տան, դա նրանց գործն է։ Եթե չունեն, ինչո՞ւ են մեզ տանում-բերում», — վրդովվում է որդեկորույս հայրը։ Նա իրեն անտեսված է զգում, ասում է, ոչ  ոք պետական մարմիններից չի զանգում ծնողներին, ասում՝ ո՞նց եք։

«Մարդիկ են, ծնող են, ասում են՝ մի տեղից մի բան կիմանանք,  հույս են փայփայում։ Իրենք էլ մանիպուլյացիա են անում։ Արման Սարգսյանի հետ  հանդիպեցինք, ասեց՝ ես ձեզ ոչ մի բան չեմ  կարող ասել, ես ձեր երեխեքի տեղը չգիտեմ։ Պապիկյանը ոչինչ չասեց։ Չլում են մարդկանց՝  գնացդեք ստեղ, ինձ մոտ չի, գնացեք քննչական։ Գնում ենք քննչական, ասում են՝ վարույթի շրջանակում բան չեմ կարող ասել», -Forrights. Am-ի հետ զրույցում  դժգոհում է Արսեն Ղուկասյանը։ Նա վրդովված է հասարակոթւթյան անտարբերությամբ զինվորների հանդեպ։

«3 օր առաջ երեք տղա է զոհվել, մեկին մի կերպ կարելի է ասել,  էն աշխարհից հետ բերեցին, փառք Աստծո։ Բայց նույն  օրը՝ սեպտեմբերի 1-ին Թալինում շքեղ հրավառություններով տոն էր։ Երևանում, Հաղթանակ զբոսայգում «փարթի» էր ու համերգ, մեքենաների ազդանշաններ, աղմուկ, քեֆ-ուրախություն։ Երեխեքը կոտորվում են, իսկ մարդիկ ուրախանում են»։

Հիշեցնենք, որ նախարար Պապիկյանի հանդիպումը անհայտ կորած զինծառայողների հարազատների հետ ոչ մի կերպ տեղի չէր ունենում։

Հուլիսին էր դեռ խոստացվել, որ կընդունեն նրանց ու կպատասխանեն նրանց հարցերին։

Հուլիսի 26-ին զինծառայողների հարազատները ստիպված եղան փակել Բաղրամյան պողոտան։ Ցույցը ցրեցին, հանդիպում տեղի չունեցավ։

Օգոստոսի 30-ին նրանց հրավիրել էին ռազմական գերատեսչություն, ասել էին, որ նախարարին են տեսնելու, սակայն ընդունել էր ծնողներին փոխնախարար Արման Սարգսյանը։

Վերջիններս սրտենեղել էին, անգամ հրաժարվել էին դուրս գալ նախարարության շենքից։ Մի երկու տասնյակ անձինք տուն չեն գնացել ու գիշերը  մնացել են ՊՆ շենքի մոտ։

Հաջորդ օրը նրանց խոստացել էին, որ վերջապես կտեսնեն նախարար Սուրեն Պապիկյանին։ Բայց օգոստոսի  31-ի առավոտյան ծնոնղերին նախարարութունից զանգեցին  և տեղեկացրեցին , որ նախարարին կտեսնեն հաջորդ օրը։

Սեպտեմբերի 1-ին վերջապես հանդիպումը տեղի ունեցավ և փաստորեն, ինչպես ծնողներն են վկայում, ուղեկցվեց նոր սկանդալային միջադեպերով։

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest