Ժորան Գեղարքունիք գյուղի դպրոցն ավարտեց «ամենաժպտերես աշակերտի» կոչմանն արժանանալով։ Այժմ այդ պատվոգիրը փակցված է նրա հիշատակի անկյունում՝ բանակային լուսանկարների կողքին։ Յոթ ամսվա ծառայող էր Ժորան, երբ դիրքերում մահացավ: Նախնական վարակածը, ինչպես սովորաբար ներկայացնում է Քննչական կոմիտեն, ինքնասպանության հասցնելն է։
Forrights.am-ի հետ զրույցում Ժորայի հայրն ու հորեղբայրն այս վարկածը բացառում են։ «Ինքնասպանություն, որ ասում են, դա հնարավոր չէ։ Ձեռքինը պիստալետ չէր, որ դներ գլխին, կրակեր։ Ավտոմատը երկար է, ոնց էր ճակատին դնելու»,-ասաց հայրը՝ Զոհրաբ Կարապետյանը, իսկ հորեղբայրն՝ Արծրուն Կարապետյանը ներկայացնում է զորմասից իրենց փոխանցված վարկածը, ինչին չեն հավատում։
«Կրակոցը ճակատին է եղել, երկու հատ։ Բախշիկ կոչեցյալն ասում է՝ ինքը ճակատին խփեց, չմահացավ, հետո հելավ նորից խփեց։ Բախշիկն հիմա կալանավայրում է, զինվոր է, Ժորայի հետ էր ծառայում»,-ասաց նա։
Բախշիկն այն երկու զինծառայողներից մեկն է, որը Քննչական կոմիտեի փոխանցմամբ, դիրքի ավագի հետ Ժորային հասցրել է ինքնասպանության։ Հորեղբայրն ասում է, որ զորամասում դեպքից հետո իրենց իրարամերժ տեղեկություններ են հայտնում։
«Ասում են՝ կազարմից դուրս է եկել ու դիրք չի հասել, մեջտեղում կրակել է։ Ասում են՝ իրեն գտել են փորի վրա ընկած, ոմն Ռոմանի զենքն էլ տակը, որը սերժանտ է։ Միաժամանակ էլ ասում են, որ սերժանտն այնքան խեղճ է եղել, որ Աբրահամն (դիրքի կալանավորված ավագը) ու Բախշիկը նեղացրել են․․․ Բախշիկը խփել է Ռոմանի զենքով։ Բախշիկը եղել է պոստի ավագին փոխարինող, երբ ավագը վերապատրաստումների է եղել։ Այդ ընթացքում, իբր, Ժորան քնել է պոստերում, հետո, երբ Աբրահամը, որ գանցել է պոստ Բախշիկը իրեն պատմել է։ Ժորան, երբ հերթապահությունը հանձնել է ու գնացել, քնել է, Աբրահամը ոտքով խփել է ու ասել հել, քնել ես, պետք է բոլորի տեղը կանգնես։ Ծեծ է եղել, կռիվ, ջարդ, որ Ժորան ամեն օր կանգնի, բայց ինքը չի կոտրվել, չի կանգնել»,-ասաց Արծրուն Կարապետյանը
Հորեղբայը նշում է, որ Ժորան հուլիսի 28-ին է դիրքերից իջել, 30-ին իրեն արձակման թերթիկ են տվել, մի քանի ժամով եկել է տուն, քանի որ քույրը երեխա է ունեցել։ Արծրուն Կարապետյանի խոսքով՝ Ժորան զորմաս ներկայանալու ժամից ուշացել է, քանի որ Սևան-Երևան ավտոճանապարհին խցանումներ են եղել։ «Այդ ժամանակ զանգահարեց զամպալիտ, մայրո։ Ես հետ զանգեցի, ինքը իմ հետ լպիրշ ձևով խոսեց, բայց ես լռեցի, քանի որ գիտակցում էի իմ մեղքը, ուշանում էինք»,-ասաց նա և նշեց, որ մոտ երեք ժամ ուշացել են, հետո մինչև գեշերը ժամը երեք զորմասում քննարկել են Ժորայի ուշանալու հետևանքերը։
Ժորա Կարապետյանն, ըստ հորեղբոր, դիրքերից իջնելուց վեց օր անց կրկին հանել են դիրքեր, որտեղ էլ գտնվելու չորրորդ օրը տեղի է ունեցել դեպքը։ Ընտանիքի փոխանցմամբ՝ Ժորային նախատեսվածից շուտ են հանել դիրքեր, քանի որ խախտել է կանոնդարությունը և ուշացել է, սակայն, ուշագրավ է, որ մինչ դիրքեր հանել որպես պատժի կրում նշել են մեկ ամսով անազատությունը։ Կարապետյանները տարակուսած են՝ ինչպես ստացվեց, որ իրենց այլ տեղեկություն են փոխանցել, բայց լրիվ այլ գործողություն իրականացրել։
«Ասեցին, որ պետք է գուբախտ նստի, ասացի՝ եթե դա է պահնաջում օրենքը, որը իմ էրեխեն ոտնահարել է, թող նստի։ Հաջորդ օրը հեռախոսով խոսում եմ նույն մայորի հետ, ինձ ասաց, որ Ժորային կանչել են շտաբ և որոշվել է, որ մեկ ամիս պետք է նստի։ Անցավ 20 րոպե Ժորան զանգեց, խոսեցինք, ասաց, որ շտաբ չեն կանչել։ Հաջորդ օրն արդեն զանգեց ու ասաց, որ էլի պետք է պոստեր բարձրանա, քանի որ զորացրումներ են լինում, անձնակազմը չի հերիքում, բայց իրենց վաշտը նույնությամբ չի բարձրանում։ Ուրիշ սաստավի հետ՝ որպես չեպեշնիկ, հանում են պոստ։ Եթե դու որպես ղեկավար զանգում ու ինձ բացատրում ես օրենսգիրքը, ինչու ես դու քո օրենքերը ոտնահարում և հանում պոստեր։
Էս դեպքով այդ զորմասի սպայական կազմի հետ այդքան շփվեցինք, մատներիդ վրա կարող ես հաշվել երեք սպա, որ ադեկվատ է։ Զանգում են նույն մայորին, որը ինձ զանգել ու օրենք էր բացատրում, ինչի իմ էրեխուն չտարար գուբախտ, ինձ ասում է՝ ես այդ օրվա հերթապահն էի, ինչու ես ինձ զանգել։ Ինձ ասում է հարգում եմ վիշտդ, թե չէ հետդ ուրիշ ձև կխոսեի»,-ասաց հորեղբայրը։
Արծրուն Կարապետյանը զրույցի ընթացքում մեկ այլ կարևոր տեղեկություն էլ հայտնեց։ Նշեց, որ զինվորների հետ հրամանատար չի եղել, իսկ որպես պարզաբանում զորամաաից նշել են այն սպայական թերի կազմը։ Եթե այս տեղեկությունն իրականությանը համապատասխանում է, ապա խիստ մտահոգիչ է, երբ զինվորները չունեն անմիջական հրամանատար։
«Եթե այսօր ղեկավարությունը տեղում լիներ․․․ էս էլ ո՞ր դեպքն է, եթե մեր նախարար կոչվածը ցինիկ ժպիտի փոխարեն էս սպայական կազմին հետևեր տեսներ, թե ինչ է տեղի ունենում։ Զորքի կեսը խաղաղ պայմաններում զոհվում է։ Ծնողն ի՞նչ անի, որ սպաները քիչ են, չեն հերիքում»,-ասաց նա և նշեց․
«Ես կոչ եմ անում Արարատի զորամասում ծառայող զինվորների ծնողներին, եթե իրենց էրեխեքի կյանքը թանկ է, թող իրենց էրեխեքին տեղափոխեն, որովհետև այդ զորամասում երկու-երեք ադեկվատ սպա կա, ընդեղ տարրական, մարդկային շփումը չկա սպաների մեջ»։
Ժորա Կարապետյանը սեպտեմբերի 28-ին դառնալու էր 19 տարեկան։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյանը լրագրող է, աշխատում է «մարդը բացարձակ արժեք է» սկզբունքով։