Երեկ 44-օրյա պատերազմի ընթացքում անհետ կորած զինծառայողների ծնողները հավաքվել էին պաշտպանության նախարարության շենքի դիմաց․ պահանջում էին խոստացած հանդիպումը նախարար Սուրեն Պապիկյանի հետ։
ՊՆ նախարարի տեղակալ Արման Սարգսյանն էր մի օր առաջ հերթական ակցիայի ժամանակ հանդիպել ծնողների հետ։
«Ասել էր՝ ներկաների ցուցակը կազմե՛ք։ Մենք էլ 60-ից ավել ցուցակ ենք գրել, որ էսօր ժամը 5-ին հանդիպումը լինի, բայց նորից հետաձգեցին։ Զանգեցինք տեղակալին, վերցրեց, ասեց՝ մենք տեղյակ չենք՝ որտեղ են ձեր երեխաները։ Մեզ ոչ ոք ձեր երեխաների վերաբերյալ տեղեկություն չի տալիս» ,- Forrights․am-ի հետ զրույցում ասաց ծնողներից Կարինե Մանավազյանը։
«Արմանի հետ հանդիպումը հանդիպում չէր, ամեն ինչից անտեղյակ, բախտի բերմամբ, թե պատահմամաբ, դրան բերել, գցել էին էդտեղ՝ որպե փոխնախարար։ Նրանց «վաղը» չի վերջանում։ Մայիսի 2-ից մեզ հանդիպում է խոստացել, ու իրա «վաղը» չի գալիս, որ իմանանք ՝ որ «վաղնա» մեզ ընդունելու»,- ասաց նա։
Այլևս չսպասեով նոր «խոստումների»՝ ծնողները երեկ կրկին հավաքվեցին պաշտպանության նախարարության շենքի դիմաց։
Ծնողներից Լիլիթն էլ ասում է՝ ում դիմում են, պատասխան չեն ստանում․ «Ասում են՝ ՊՆ-ում են, գնացեք, ձեր երեխեքին ՊՆ-ից ուզեք։ Հիմա եկել ենք ՊՆ-ից ենք ուզում մեր երեխեքին։ Եթե նախարարը ոչ մի լուր չունի ասելու ծնողին էս 3 տարվա ընթացքում, թե երեխեքին ուր են տարել, ինչ են արել, էս երկրից ի՞նչ սպասես։
Ես մենակ մի բան եմ ցանականում, որ ով կարա էս իրավիճակից մեզ հանի, մեր երեխեքին տուն բերի, թող էն էլ գա էդ աթոռները զբաղեցնի, ով կուզի, թող լինի, իմ համար միևնույն է, իմ երեխեն թող տուն հասնի, ես հոգնել եմ արդեն, անընդհատ իմ երեխի նկարին նայելով, ողբալով՝ ես հոգնել եմ, էլ ուժ չունեմ ապրելու»։
«Բոլորին թվում է, թե մենք ուժեղ ենք, որ հասնել ենք էստեղ ու էս անարժանների դեմը երկու բառ ճվճվում ենք, երբ որ մեր տների մեջ մեր ձայները չի հելնում։ Ինչի՞ համար մեր թագավոր երեխեքին տվեցինք իրանց, տարան, կորցրեցին ու հիմա ոչ մի բան չգիտեն։ Եթե դու պաշտպանության նախարար ես ու քեզ հարցնում են էս երկրից, բանակից ու դու ոչ մի պատասխան չունես, ի՞նչ ես կառչել էդ աթոռից։ Հել, գրողի ծոց գնա, ով որ կարա, թող գա նստի»,- ասաց Լիլիթը։
Պաշտպանության նախարարության շենքի դիմաց հավաքված ծնողները կոչ են անում քաղաքացիներին միանալ իրենց․ «Մեր երեխաները մենակ իրեց ծնողների համար չեն գնացել, բոլորիդ համար են գնացել, և բոլորը պարտավոր են էսօր, էս պահին ներկա լինելու էստեղ»։
Ծնողներից տեղեկացանք, որ նախարարությունից նոր հանդիպում են խոստացել նախարար Սուրեն Պապիկյանի հետ այսօր ժամը 18։00-ին։
Լուսինե Հակոբյան
Մանրամասները՝ տեսանյութում
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: