Օգոստոսի 30-ին առավոտյան ժամը 07։00-ին Երևանից Լաչինի միջանցք ուղևորվեց Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի և այլ խոշոր քաղաքների հումանիտար օգնությունը։ Խոսքը 10 բեռնատարի մասին է, որը պարունակում է սննդամթերք և մանկական ուտելիքներ։
Ժամը 13։00-ին ֆրանսիական հումանիտար բեռներն արդեն Կոռնիձորից դեպքի Լաչինի միջանցք տանող ճանապարհահատվածում էին, որտեղից հնարավոր չեղավ առաջ շարժվել, ադրբեջանական կողմը իր ցեղասպան քաղաքականության շրջանակներում թույլ չտվեց բեռների տեղաշարժը։
Հումանիտար օգնության շարասյունն ուղեկցում էր Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն։ Նրա գլխավորությամբ ֆրանսիական պատվիրակությունը ժամանեց Կոռնիձոր։ Շրջայցի ընթացքում Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը պատվիրակության անդամներին ներկայացրեց ստեղծված իրավիճակը։
Մենք կարողացանք Արցախի համար մարդասիրական օգնությամբ 10 բեռնատար ուղարկել։ Սա հիմնականում չփչացող սնունդ է, մանկական սնունդ, գեներատորներ, արևային մարտկոցներ՝ այն ամենը, ինչը հնարավորություն կտա դիմակայել ստեղծված իրավիճակին։ Կոռնիձորում շրջայցից հետո Գորիսում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն։
Նրա խոսքով՝ օգնությունը նախատեսված է անցած տարվա դեկտեմբերից շրջափակման մեջ գտնվող Արցախի 6 քաղաքների համար՝ այն մարդկանց, ովքեր զրկված են իրենց հողում արժանապատիվ ապրելու հնարավորությունից։
«Մենք եկել ենք մեր աջակցությունն ու համերաշխությունը հայտնելու։ Հայաստան ժամանած պատվիրակության կազմում կան տարբեր քաղաքական ուժերից մարդիկ, մեզ բոլորիս միավորում է Հայաստանն ու Արցախը»,- շեշտեց Իդալգոն։
Փարիզի, Ստրասբուրգի, Մարսելի քաղաքային իշխանությունների ղեկավարները իրենց ելույթներում շաշտեցին կարևորությունը, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պետք է դիմի ՄԱԿ` բանաձևի համար։
«Դիմում ենք Ֆրանսիայի նախագահին՝ օգտագործելու Ֆրանսիայի ազդեցությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում՝ Արցախի ժողովրդի իրավունքները հարգելու վերաբերյալ բանաձեւ ընդունելու համար։
Կոչ ենք անում հարգել միջազգային իրավունքը, արցախահայությունն իր կամքին հակառակ գտնվում է շրջափակման մեջ, շրջափակումն իրականացվում է միջազգային իրավունքի և 2020 թվականի հրադադարի մասին հռչակագրի խախտմամբ։
Այն, ինչ այսօր կատարվում է Արցախում, նման է ցեղասպանության. Արդարադատության միջազգային դատարանի նախկին դատախազը սա որակում է որպես ցեղասպանություն, չորս սկզբունքները, որոնք երևույթը բնորոշում են որպես ցեղասպանություն, ճանաչված են միջազգային հանրության և փորձագետների կողմից։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի` ցեղասպանության կանխարգելման համար պատասխանատու խորհրդականն օգտագործում է նույն բառը` որակելով այն, ինչ այսօր տեղի է ունենում, որպես ցեղասպանություն և էթնիկ զտում ավտորիտար ռեժիմի կողմից մի ժողովրդի նկատմամբ, որը միայն պահանջում է հարգել այն իրավունքները, որոնք պետք է ունենա ցանկացած մարդ, ցանկացած ժողովուրդ:
Մենք դատապարտում ենք այս իրավիճակը»,- ասել է Անն Իդալգոն:
Նարեկ Կիրակոսյան
Կոռնիձոր-Երևան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: