Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետից օգոստոսի 28-ին առևանգված արցախցի երեք երիտասարդների ծնողներն այսօր հանդիպել են Արցախի նախագահի հետ։ Այս մասին Forrights.am-ի հետ զրույցում ասաց առևանգված տղաներից Վահե Հովսեփյանի հայրը՝ Ջամբուլ Հովսեփյանը։ «Հանդիպել ենք Արայիկ Հարությունյանին, ասեց՝ գնացեք վաղը կզանգեմ, արխային կացեք, ոչ մի բան չեն անի։ Մեր հանդիպումը 20 րոպե է տևել»,-ասաց հայրը։

Տղաների առևանգումից հետո Արցախում բողոքի ինքնաբուխ հավաք տեղի ունեցավ։ Արայիկ Հարությունյանը գործող և նախկին իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ փակ քննարկում է անցկացրել, որը տևել է վեց ժամ։ Հանդիպումից հետո դուրս գալով Վերածննդի հրապարակ՝ Արայիկ Հարությունյանը խոսեց առևանգված տղաների մասին՝ նշելով, որ լավ լուր ունի։ «Հուսադրող լավ լուրեր ունեմ, բայց չեմ բարձրաձայնի։ Առավոտյան առաջին հերթին կապ եմ ստեղծելու մեր բալիկների հետ և իրենց ներկայությամբ ստանամ հստակ օր, որը շատ երկար չի լինելու, որ իրենց բերելու են և թողնելու են Ստեփանակերտում»,-հայտարարել է Արցախի նախագահը։

Ջամբուլ Հովսեփյանից հետաքրքրվեցինք, թե Արայիկ Հարությունյանն ի՞նչ հուսադրող նորություն է փոխանցել ծնողներին։

«Արայիկ Հարությունյանն ասաց՝ 9 օրից ձեր երեխաները կգան, ասացինք՝ մենք էլ գիտենք, որ 9 օրից գալու են, թշնամին 10 օր կալանք է տվել, դու մեզ լավ նորություն ասեք։ Դե ինչ պետք է ասի, ասում է՝ արխային մնացեք։ Հարցնում եմ, որ քո երեխան լինի, դու արխային կմնա՞ս, ասում է՝ ձեր ցավը զգում եմ, 9 օրից գալու են»,- պատմեց Ջամբուլ Հովսփեյանը։

Ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան տեղափոխվող Ալեն Սարգսյանին, Վահե Հովսեփյանին և Լևոն Գրիգորյանին։ Վահե Հովսեփյանը 20 տարեկան է, հայրն ասաց՝ սովորում է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում։ Նա Մարտունի քաղաքից է։ Հայրն ասաց՝ որդու հետ վերջին անգամ խոսել է օգոստոսի 28-ի առավոտյան։

«Վերջին անգամ առավոտյան եմ զանգել՝ 08:45, երբ դեռ Ստեփանակերտի տակն էր, ասում էր քաղաքից դուրս ենք գալիս, դրանից հետո կապ չի եղել իր հետ։ Հետո զանգեցինք, անհասանելի էր, չկար, հետո մի աղջիկ զանգեց, ասաց, որ ձեր տղան մնացել է անցակետում»,-ասաց  Ջամբուլ Հովսեփյանը։

62-ամյա Ջամբուլ Հովսեփյանը հինգ երեխայի հայր է, որդիներից մեկը զոհվել է 44-օրյա պատերազմում, անհանգստացած է գերեվարված որդու անվտանգությամբ։

Թշնամական Ադրբեջանի գլխավոր դատախազությունից հայ երիտասարդներին տասը օրվա կալանքի են դատապարտել, ապա պետք է վտարեն Ադրբեջանի տարածքից՝ այդ թվում, Արցախի Հանրապետությունից։ Արայիկ Հարությունյանը ծնողներին առաջարկել է տղաներին վերադարձնել Ստեփանակերտ։ «Արայիկ Հարությունյանն ասում է՝ ուզում եք՝ բերենք Ստեփանակերտ, ասեցինք՝ չենք ուզում, մեկ էլ գա, մեկ էլ գնա, նորից բռնեն»,-ասաց տղայի հայրը և նշեց՝ նախագահից հետաքրքրվել է, թե ինչո՞ւ Արցախի ԱԱԾ-ն չի ունեցել օպերատիվ տեղեկություններ, որ տղաները հետախուզման մեջ են։

«Ես Արայիկ Հարությունյանին հարց տվեցի՝ ինչու ԿԳԲ-ն չի իմացել, որ որոնվում են, ասում է՝ դե չեն իմացել, ասում եմ՝ ոնց չեն իմացել, երբ բոլորը իմանում են, որ մեր երեխաները ռոզիսկում են»,-ասաց նա։

Նարեկ Կիրակոսյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest