Արցախում բնակվող Գայանե Առստամյանը Ադրբեջանի կողմից Հակարի կամրջի անցակետից երեք երիտասարդների առևանգումը զարմանալի չի համարում։ Բացատրությունը արցախցու համար պարզ է՝ դա ադրբեջանցիների ձեռագիրն է, ոչինչ չի փոխվել։

Հիշեցնենք՝ օգոստոսի 28-ին Ալեն Սարգսյանը, Վահե Հովսեփյանը և Լևոն Գրիգորյանը չեն հատել անօրինական անցակետը և ռուս խաղաղապահների ներկայությամբ առևանգվել են ադրբեջանցի ուժայինների կողմից։ Ավելի ուշ դեպքի ականատեսները պատմել են, որ 7-8 ադրբեջանցի հարձակվել են Ալեն Սարգսյանի վրա, գետնին գցել ու քաշքշելով տարել։ Նաև պատմել են, որ այդ ամենը տեղի է ունեցել ռուս խաղաղապահների լուռ ներկայությամբ, և նրանք նույնիսկ չեն փորձել միջամտել կամ խոչընդոտել

«Զարմանում եմ, որ մարդիկ զարմանում են այդ պահվածքից։ Դա այդ քոչվորների մշտական ձեռագիրն է։ Այլ բան էիք սպասո՞ւմ այդ քոչվորներից», —Forrights.am-ի հետ զրույցում ասում է տիկին Առստամյանը։

Արցախցին ռուս խաղաղապահների վարքագիծը տարօրինակ չի համարում․ «Եթե այդ խաղաղապահների քաղաքական առաջնորդը Լաչինի միջանցքի գոյություն չի կարևորել և հայտարարել է, որ այդ միջանցքը պետք է հանձնվի, ինչո՞ւ զարմանալ այդ խաղաղապահների պահվածքից»։

Նրա խոսքով, տարիներ շարունակ հարևանների կողմից նման վարքագիծը պետք է հասկացներ բոլորին, որ չկա դաշնակից, կա «նախնադարյան քոչվոր մտածելակերպով Ադրբեջան, որի հետ հարցերը պետք է մենք միայնակ լուծենք»։

«Պետք է հասկանանք ու մտածենք՝ ոնց ենք մենք շարժվելու առաջ։ Սա մենակ Արցախի հարցը չի, միայն Արցախով նրանք չեն բավարարվի։ Եկեք դա հասկացեք վերջնականապես», -ասում է Գայանե Առստամյանը։

Դիտարկմանը, թե Արցախից հնչում էին առաջարկներ՝ տարհանել կանանց, երեխաներին, տարեցներին, մեր զրուցակիցը նշում է, որ դա անպատկերացնելի է։

«Ինչպե՞ս են տարհանելու, ադրբեջանցիները այդպես հեշտ ու հանգիստ կթողնեն, որ բնակչությանը տարհանե՞ն, ինչպե՞ս են պատկերացնում, կարծում են՝ չեն տանի՞ իրենց դուր եկած աղջկան կամ կնոջը։ Ո՞նց են պատկերացնում։ Այդ ճանապարհի վրա արդեն վերահսկողությունը կորցրած է, չի կարող հեշտ ու հանգիստ տարհանում լինել։ Տարհանում կարող է լինել միայն հնարավոր մարտական գործողությունների պարագայում», -հավելում է Գայանե Առստամյանը։

Նա ասում է՝ բնական է, այս օրերին Արցախում կլինեն մարդիկ, ովքեր կմտածեն երկրից դուրս գալու մասին, քանի որ սով է, չեն դիմանում շատերը։ «Նրանց չես կարող մեղադրել, թե ինչու ազգովի հերոսաբար չեն դիմադրում սովին։ Այո, կան մարդիկ, ովքեր կուզենան այս ընթացքում այստեղ չլինեն, դա նորմալ է, քննադատաբար չենք վերաբերում դրան։ Մյուս կողմից կլինի՞ որևէ ազգ, որն այսպես կազմակերպված դիմանա սովին։ Չեմ կարծում։ Հարցն այն է, թե ի՞նչ են մտածում մեր պարագլուխները։ Ինչքա՞ն լռենք, որ այդ քոչվորները գան էս մի կտորի տերն էլ դառնան, չեն բավարարվելու, նրանք Արցախից հետո Հայաստանի հողերն են ուզելու», -ասում է Գայանե Առստամյանը։

Իսկ պարագլուխների կամ Արցախի ղեկավարության կողմից հստակ գործողություններ Արցախի քաղաքացին չի տեսնում։ Ավելին, նրա խոսքով, Արցախի իշխանությունը «պարալիզացված» վիճակում է։

«Ես ի ծնե նժդեհական ոգի ունեմ, կարծում եմ՝ անելանելի վիճակ չի լինում, պետք է ուղղակի դրանց (ադրբեջանցիների-խմբ․) հախից գալ։ Բայց մինչ այդ՝ չկոտրվել, չկոտրվել։ Մենք սա տեսել ենք, նույն ձև դրանք գործել են 90-ականներին, շատ-շատ մարդ են առևանգել, ուղղակի դրա մասին չի գրվել, չի ասվել։ Դրանք անգամ Երևան-Թբիլիսի գնացքից են մարդկանց առևանգել, պատկերացնո՞ւմ եք Վրաստանի տարածքում են հայերին առևանգել, տարել։ Դա այդ սատանի ծնունդների ձեռագիրն է, նրանք արյունով են սնվում, ու հենց հայի արյունով», -նշում է Գայանե Առստամյանը։

 

 

Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը:

Pin It on Pinterest