Հայաստանում տեղեկատվական հոսքերը ակնհայտ ցույց են տալիս այն ահավոր խզվածքը, որը գոյություն ունի իրական կյանքի և այն պատկերի միջև, որը իշխանությունները ցանկանում են ցույց տալ,  թաքցնելով սեփական ստոր ձգտումները։

Ամեն օր «խաղաղ» բանակում ոչ թե մեկ, այլ երկու զինվոր է զոհվում, Արցախը մոտենում է սովի շեմին, Բերձորի միջանցքում ապօրինի տեղադրված անցակետից առևանգում են հայկական անձնագրերով մարդկանց, Գեղարքունիքն ու Սյունիքը անընդհատ գնդակոծվում են, երեկ Երասխում կառուցվող գործարանը ենթարկվել է աննախադեպ գնդակոծության, իսկ բանակը այս ամենին պատասխանում է «մարտական նկարահանումներով»՝ չօգտագործելով զինված պատասխանի լեգիտիմ իրավունքը։

«Վեստեռն»-պատերազմը տեղի է ունենում ինչ-որ հեռու տեղ, իսկ Հայաստանի ղեկավարությունն ունի իր «կինոն»՝ ասֆալտապատվող ճանապարհներ, բանակային «խաղեր», և ամենակարևորը՝ Երևանի քաղաքապետի ընտրություն։

Փաշինյանի կուսակցությունն իր ողջ ուժերը նետել է Երևանում տներ կառուցելուն և մայրաքաղաքի «առմանը»։ Տրամաբանությունը հուշում է, որ Փաշինյանը, ով քիչ ուշադրություն է դարձնում «ծայրամասի» վիճակին (Երասխը Երևանից 30 կմ հեռավորության վրա է), փորձում է տիրանալ Երևանին և դառնալ քաղաք-պետության «արքայազն»։ «10 միլիոն հայի վարչապետ» դառնալը չհաջողվեց, եղածն էլ մսխվում է, մնում է միայն Երեւանը։

Սահմաններին տիրող իրավիճակը, բանակի փաստացի կազմաքանդումը, արցախյան խնդիրը Փաշինյանին առանձնապես չեն մտահոգում. միայն Երեւանն ու ճանապարհները՝ «ռեգիոնալ առեւտրի» համար։ Ի վերջո, ամոթ է, եթե թուրքերը սկսեն քշել մեր ճանապարհներով, ու պարզվի, որ դրանք բարեկարգ չեն։ Կարո՞ղ եք հիմա Թուրքիայում անբարեկարգ ճանապարհ գտնել: Միայն Արարատ տանող ճանապարհն է։ Բայց Արարատի մասին հիմա չի կարելի հիշատակել, Փաշինյանը թույլ չի տալիս։

«Երևանի առումը» շատ կոնկրետ քաղաքական նախագիծ է, Երեւանն այն գինն է, որը Փաշինյանը ցանկանում է ստանալ Հայաստանի հանձնման դիմաց։ Բացահայտ խոսելով Անկախության հռչակագրի, Սահմանադրության «աննպատակահարմարության», «կադաստրային թղթի» բացակայության մասին, խոստովանելով, որ Ադրբեջանը չի ճանաչում Հայաստանի ամբողջականությունը չգիտես որտեղից վերցրած 29,8 քառ. կմ տարածքում, Փաշինյանը պատրաստվում է կազմաքանդել պետականությունը և որպես «ատկատ» տերերից խնդրում է Երևանը։

Եթե ​​Փաշինյանին հաջողվի «վերցնել» Երևանը, ապա մնացած Հայաստանը վերջապես կդառնա անտեր, անշունչ, դժգույն տարածք, որը կարելի է օգտագործել միայն որպես «խաչմերուկ», «կամուրջ» Եվրոպայից Ասիա, «միջանցք», բայց ոչ որպես ազգային պետության տարածք:

Նաիրա Հայրումյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest