Գրանիկ Խնկոյանի ընտանիքում դեռ ուշքի չեն գալիս նրա մահվան լուրը լսելուց հետո։ «Չգիտես՝ զինվորին ո՞ր թշնամուց պաշտպանես՝, ներսի՞ թշնամուց, թե՞ դրսի»,-ասում է Գրանիկի մայրը՝ Վարդուհի Աբգարյանը։

Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին։ Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գրանիկ Խնկոյանն, ըստ ՔԿ-ի, ինքնասպան է եղել, քանի որ զորամասի հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ, կոչումով մայոր Ա.Թ.-ն հրապարակավ զինծառայողի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողություններ է կատարել՝ համածառայակիցների ներկայությամբ բռնություն գործադրելով նրա նկատմամբ։ «Սպանություն է, սպանություն, իմ էրեխուն սպանել են։ Ո՞վ է սպանել․ նաչալնիկ շտաբը՝ մեկ, կամբատը՝ երկուս»,-ասում է հայրը՝ Վարդան Խնկոյանը։

Forrighst.am-ն այցելել է Շիրակի մարզի Բենիամին համայնքում բնակվող Խնկոյանների ընտանիքին։ Մինչև նրանց տուն հասնելը՝ համագյուղացիները, այցի նպատակն իմանալով, մեծ ցավով ու վշտով էին խոսում Գրանիկի մահվան մասին՝ թվարկելով, թե ինչ հայրենասեր, ինքնակազմակերպվող և հավասարակշռված երիտասարդ է եղել։

Գրանիկի մահվան նախորդ օրը և մահվան օրը միջադեպ է տեղի ունեցել զորմասի բարձրաստիճան զինվորականների մասնակցությամբ։ Գրանիկ Խնկոյանը եղբորը և մեկ այլ ազգակականի մանրամասներ է հայտնել, որոնք Վարդան Խնկոյանը փոխանցեց Forrighst.am-ին։

«Ասել է՝ կամբատը խփեց ինձ, ես էլ իրեն հրեցի, ինձ ծեծեցին, ու հեռախոսն անջատվում է։ Կապ չկար։ Հետո զանգել է մեր բարեկամին ու պատմել, որ իրեն ծեծել են, նվաստացրել են․ սա մինչև շարքը կանգնեցնելը։ Հետո մեր բարեկամն է զանգում ու փորձում էսքան բանն ինձ պատմել, բայց այդ օրը Շիրակի մարզում կապերի խնդիր կար, ես չէի լսում, ես, որ էդքան բանը լսեի, կգնայի։ Խփել աչքը կապտցրել են, այդտեղ եղել է կամբատը և նաչալնիկ շտաբը։ Կամբատը հայհոյել ու խփել է, որ տղես հրել է։ Չգիտեմ՝ զամպալիտը այնտեղ եղե՞լ է, թե՞ ոչ »,-ասաց հայրը։

Հոր փոխանցմամբ՝ իրեն զանգահարել է զամպալիտն ու ասել, որ որդու մոտ սմարթֆոն կա, որը պարունակում է, ըստ զինվորականի, անթույլատրելի օբյեկտների նկարահանում։ Վարդան Խնկոյանին հրավիրել են զորամաս, սակայն, հաջորդ օրը, երբ հայրը ճանապարհին է եղել, Գրանիկը զանգահարել է ու ասել, որ տագնապ հրաման է տրված և ասել, որ չգա զորամաս։ «Ասաց՝ պապա, զամպալիտն ասաց, որ պապայիդ ասա, թող հետ դառնա, խառն է, երբ նորմալ ժամանակ եղավ ես կկապվեմ իրա հետ, կհրավիրեմ զորամաս։ Այս խոսակցությունից մեկ ժամ հետո դեպքը եղել է»,-ասաց Վարդան Խնկոյանը և նշեց, որ այս հեռախոսային խոսակցությունից հետո զորքին շարք են կանգանցել ու Գրանիկ Խնկոյանին ոչ կանոնադրական օրենքներով «պատասխանատվության են ենթարկել»։ «Ամբողջ զորքը ցուցմունք է տվել, որ շարքի դեմը էրեխուն նվաստացրել է, խփել է։ Շարքը ցրվելուց հետո կրակոցի ձեն են առել, գնացել տեսել են, որ էրեխուս դին գառաժի պատի հետևն է»,-ասաց հայրը ու հավելեց, որ երբ որդու դին հանձնել են ընտանիքին, աչքի տակ կապտուկի հետք են արձանագրել։

Գրանիկի անդառնալի կորստի մասին լսելուց հետո Խնկոյանները, դեռ վերջնական բացահայտումներ չեղած, ստիպված են կարդալ լրատվամիջոցների այն պնդումները, թե Գրանիկը թմրանյութեր է օգտագործել, ինչի համար էլ նրա նկատմամբ բռնություններ են կիրառվել։ Հայրն ու մայրը բացառում են, որ իրենց որդին կարող էր թմրանյութեր օգտագործել՝ շեշտում են, որ անգամ չէր ծխում։ Ծնողներն ասում են՝ եթե անգամ նման խնդիր կար, ինչո՞ւ է հրամանատարական կազմը սեփական պատժամիջոցները կիրառել։

«Եթե վերցնենք, որ ինքն իմ էրեխու ձեռքը թմրանյութ էր բռնել, քաշելով էր բռնել կամ հանցագործության վրա, ինքն իրավունք չուներ զինվորին մատով կպներ։ Կա ռազմական ոստիկանություն, որը կա նաև իրենց զորմասի տարածքում։ Թող կանչեր ասեր՝ տարեք, դատեք։ Մտածված սպանել են իմ էրեխուն։ Հրամանատարին հարցնում եմ՝ եթե իմ էրեխեն հանցագործ էր, իրիկունը նվաստացնում էնք, ինչո՞ւ էինք առավոտյան ձեռքը զենք տալիս»։

Խնկոյաններին վշտացրել է նաև պաշտոնյաների վերաբերմունքը։ Ընտանիքին նախ ասել են, որ Գրանիկին զինվորական կարգով կհուղարկավորեն, իսկ հետո այսպիսի պատասխան տվել․ «Ասացին՝ ինքնասպաններին չի հասնում զինվորական կարգով հուղարկավորութուն։ Դու իմ էրեխուն սպանես, ինքնասպանի պիտակը դոշին զարգես, առանց քննության ասում ես ինքնասպանություն»,- փոխանցեց հայրը։

Խնկոյաններն արդար դատաքննություն են ակնկալում։ Հայրն ասում է՝ պատրաստ է վաճառել միակ տունն ու փաստաբան վարձել, արդարությունը վերականգնելու համար։ Այժմ միայն կալանավորված է զորամասի հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ, կոչումով մայոր Ա.Թ.-ն։

Օգոստոսի 31-ին լրանում է Գրանիկ Խնկոյանի 19-ամյակը։ Նա տան ավագ որդին է։ Ծնողների սպասված զավակն է, քանի որ ամուսնությունից հինգ տարի հետո են միայն կարողացել առաջնեկին լույս աշխարհ բերել։ Մայրը մի կերպ արցունքերի խեղդոցը զսպելով, պատմում է որդու նպատակների մասին։ Գրանիկը պետք է բանակից վերադառնար, ուսումը շարունակեր Շիրակի պետական համալսարանում, հետո Երևանի բժշկական համալսարանում։

«Կյանքով լեցուն էր»,-ասում է մայրը․ «Սիրում էր ծառայությունը, նախատեսում էր, որ եղբայրն էլ իր մոտ ծառայի։ Վերջին անգամ, որ եկել էր, շատ էր գովում իր զորամասը, ասում էր՝ շուտ գնամ ծառայեմ, գամ, որ ուսումս շարունակեմ։ Շատ էր ուզում բանակ գնալ, զորքի հետ ինքը խնդիր չի ունեցել»։

«Իրենց այս բանակին լավ զինվոր պետք չէ, իրենց պետք է վախկոտ զինվոր, որ դավաճանեն»,-հրամանատարների վերաբերմունքն ամփոփելով հարցազրույցը եզրափակում է հայրը:

Նարեկ Կիրակոսյան

Մանրամասները՝ տեսանյութում․

 

 

 

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest