Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպանական խումբը հայտարարություն է տարածել՝ կապված Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ միջնոդրության քննության հետ։
Հայտարարությունը ամբողջությամբ՝ ստորև.
«Դավիթ Տոնոյանի նկատմամբ դեռևս 2021 թվականից մտացածին մեղադրանքների հիման վրա նախաձեռնված բացահայտ «քրեադատավարական փաթեթավորմամբ քաղաքական» հետապնդման առաջին իսկ օրվանից Դավիթ Տոնոյանի պաշտպանական խումբը հայտարարել է հարուցված քրեական գործի շինծու և անհիմն լինելու վերաբերյալ: Ակնհայտ ապօրինություններով և պաշտպանական որոլտի վերաբերյալ ոչ կոմպետենտ մեղադրանքներով զուգորդվող քրեական վարույթը նպատակ է հետապնդում Դավիթ Տոնոյանին հնարավորինս երկար ժամանակ հասարակությունից մեկուցացված պահել:
Այդ ապօրինի մտադրության հերթական ապացույցը ներկայացվում է ստորև․
Այսպես, Դավիթ Տոնոյանի նկատմամբ իրականացվող քրեական վարույթի շրջանակներում դատարանի կողմից արդեն հարցաքննվել են բոլոր վկաները և երկու ամբաստանյալ։ Որևէ վկայի կողմից Դավիթ Տոնոյանի և մյուսների նկատմամբ առաջարդված մեղադրանքը հիմնավորող որևէ ցուցմունք չի տրվել։ Ի սկզբանե Դավիթ Տոնոյանին կալանքի տակ պահելու հիմքում դատարանը դրել էր հենց վկաների նկատմամբ ապօրինի ազդեցություն գործադրելու կասկածը։ Ակնհայտ էր, որ Դավիթ Տոնոյանին շարունակական կալանքի տակ պահելու համար անհրաժեշտ էր մոգոնել նոր հիմք, քանի որ դատակոչված վկաներին հարցաքննելուց հետո Դավիթ Տոնոյանին անազատության մեջ պահելու հիմքերը սպառվում էին և դատարանը ստիպված էր լինելու ազատել նրան կալանքից։ Ըստ այդմ՝ առանցքային վկաներին հարցաքննելուց հետո ՀՀ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանի կողմից Դավիթ Տոնոյանի կալանքը այլ խափանման միջոցով փոխարինելու միջնորդության քննության արդյունքում կայացվեց դատական ակտ, որով Դավիթ Տոնոյանին կալանքի տակ պահելու հիմքերին ավելացվեց նաև ամբաստանյալների նկատմամբ ապօրինի ազդեցություն գործադրելու կասկածը, որը զուրկ էր որևէ հիմնավորումից։
Ասվածը հաստատվել ՀՀ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 27.07.2023 թվականի որոշմամբ, որով դատարանի կողմից մասնակի բավարարվեց Դավիթ Տոնոյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին ՀՀ Հակակոռուպցիոն դատարանի վերոնշյալ որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը այն հիմնավորմամբ, որ Հակակոռուպցիոն դատարանն առանց որևէ հիմնավորման բողոքարկվող որոշման մեջ նշել է Դավիթ Տոնոյանին անազատության մեջ պահելու նոր հիմք (ամբաստանյալների նկատմամբ ապօրինի ազդեցություն գործելու կասկածը):
Վերաքննիչ դատարանի վերոնշյալ դատական ակտը 08.08.2023 թվականից փոխանցվել է ՀՀ Հակակոռուպցիոն դատարան` նոր քննության։ Հակակոռուպցիոն դատարանը, նախագահությամբ դատավոր Դոլմազյանի, պարտավոր էր ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջների համաձայն ապահովվել այդ միջնորդության անհապաղ քննությունը: Այլ կերպ, դատարանը պարտավոր էր Վերաքննիչ դատարանի որոշումը ստանալուց հետո անմիջապես՝ սեղմ ժամկետում ձեռնամուխ լինել Վերաքննիչ դատարանի որոշման պահանջների կատարմանը, այն է` Դավիթ Տոնոյանի կալանքը այլ խափանման միջոցով փոխարինելու միջնորդությունը քննարկելուն:
Մինչդեռ, դատավոր Դոլմազյանի կողմից Վերաքննիչ դատարանի որոշումը ստանալուց հետո արդեն տեղի է ունցել թվով երեք դատական նիստ, սակայն դատարանը դեռևս չի քննարկել միջնորդությունը` այլ դատական նիստերով ծանրաբեռնված լինելու պատճառաբանություններով չավարտելով հարցաքննվող ամբաստանյալի հարցաքննությունը և դրանով փաստացի հետաձգելով օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պահանջի կատարումը։
Վերոգրյալով պայմանավորված առկա են հիմնավոր կասկածներ առ այն, որ դատարանը միտումնավոր է հետաձգում Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ միջնորդության քննարկումը՝ մինչև դատախազության կողմից ՀՀ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք ներկայացնելն ու վճռաբեկ դատարանում Դավիթ Տոնոյանի համար նշված հարցի կանխատեսելի անբարենպաստ լուծումը։
Վստահեցնում ենք, որ Դավիթ Տոնոյանին առաջադրված մեղադրանքը նույնքան անհիմն է, որքան նրան անազատության մեջ պահելու այս ապօրինի գործելաոճը և նշված հանգամանքների հաշվառմամբ Դավիթ Տոնոյանը դատավարության առաջին իսկ օրվանից մշտապես պահանջել է իր վերաբերյալ քննվող քրեական գործով դռնբաց և հրապարակային դատաքննության անցկացում` հանրությանը իրեն ներկայացված մեղադրանքի մերկությունը և դատավարության ընթացքում տեղի ունեցող ապօրինություններն ի ցույց դնելու համար։ Չնայած, որ նշված քրեական գործի գրեթե բոլոր հանգամանքները հանրությանը արդեն իսկ հայտնի են, Հակակոռուպցիոն դատարանը շարունակում է քրեական գործի վարույթը «քողարկել» պետական գաղտնիքի շղարշի տակ՝ մերժելով Դավիթ Տոնոյանի միջնորդությունները դատական նիստը դռնբաց ռեժիմով անցկացնելու և լրագրողների հետ վերջինիս հաղորդակցվելու արգելքը վերացնելու վերաբերյալ։ Մինչդեռ, համոզված ենք, որ առկա են բոլոր անհրաժեշտ նախադրյալները դատական քննությունը մասամբ կամ առնվազն նիստերի մի մասը նախկին ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածով սահմանված կարգով դռնբաց անցկացնելու համար:
Միաժամանակ հայտնում ենք, որ Դավիթ Տոնոյանը պատրաստվում է 29.08.2023 թվականին նշանակված հերթական դատական նիստում Վերաքննիչ դատարանի որոշման կատարման արդյունքում խափանման միջոցի փոփոխության միջնորդության քննությունից առաջ միջնորդելու դատարանին` նախկին ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածով սահմանված կարգով միջնորդության քննությունն իրականացնել դռնբաց ռեժիմով:
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին անհիմն, առանց որևէ ապացույցի մեղսագրվում է 01․08․2003 թ․ ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքը, որը Դավիթ Տոնոյանը չի ընդունում և հրաժարվում է ցուցմունք տալուց` քրեադատավարական վարույթն իրականացնող մարմինների նկատմամբ անվստահությամբ և «ցուցումով» արդարադատության իրականացման պատճառաբանությամբ։ Նշված քրեական գործով Դավիթ Տոնոյանն արդեն 1 տարի 11 ամիս է կրում է ապօրինի կալանք, որը զուրկ է իրավական հիմքից և ունի բացառապես պատժիչ բնույթ»,- նշված է Դավիթ Տոնոյանի պաշտպանական խմբի տարածած հայտարարությունում։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: