Ֆրանսիան պատրաստվում է բանաձև ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Ղարաբաղի հայերին աջակցելու համար, հաղորդում է Le Figaro-ն։ Փարիզը և Ֆրանսիայի խոշոր շրջանները հաջորդ շաբաթ մարդասիրական ավտոշարասյուն են ուղարկելու դեպի Հայաստան․ գրում է caucasefrance.com-ը։ «Մենք սովի շեմին ենք»,- վստահեցնում են Ղարաբաղի հայկական իշխանությունները, որոնք կոչ են անում միջազգային միջամտության՝ փրկելու տարածաշրջանի հայ բնակչությանը։ Օգոստոսի 16-ին Նյու Յորքում տեղի ունեցավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ քննարկելու իրավիճակը։ Այդ ժամանակվանից ի վեր Ֆրանսիան պատրաստում է մի բանաձև, որն ընդունվելու համար պետք է ստանա Անվտանգության խորհրդի 15 ներկայիս անդամներից առնվազն 9 ձայն՝ առանց 5 մշտական անդամներից մեկի վետոյի (Ռուսաստան, Չինաստան, Միացյալ Թագավորություն, Ֆրանսիա և Միացյալ Նահանգներ):
«Եթե թվում է, թե Ալբանիան և Արաբական Միացյալ Էմիրությունները գտնվում են Բաքվի գծում, ապա Ճապոնիան, Մալթան, Շվեյցարիան, Գաբոնը, Գանան, Մոզամբիկը, Բրազիլիան և Էկվադորը, հավանաբար, կմիանան փարիզյան տեքստին», – ասում է Ֆիգարոյի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բույիսոնը: «Իսկ Ֆրանսիան կհամարձակվի՞ ռիսկի դիմել, եթե իր նախագիծը մերժվի: Իսկ ինչպիսի՞ն կլինի [նախագծի⌉ բովանդակությունը։ Արդյո՞ք այն նախատեսում է պատժամիջոցներ բռնապետ-նախագահ Ալիևի նկատմամբ, եթե նա չկատարի ապաշրջափակման հրամանը։ Եվ այդ դեպքում Ֆրանսիան կառաջարկի՞ պարտադրել, օրինակ, ավիափոխադրում կատարել դեպի մայրաքաղաք Ստեփանակերտ՝ թռչելով Ադրբեջանի տարածքի վրայով, ինչպես 1948 թվականին «Բեռլինի կամրջով» (նկատի ունի 1948 թվականի հայտնի դեպքը, երբ բեռլինցի երեխաներին օդային կամրջով օգնություն էր հասցվել-խմբ․)։ Եվ ամենակարևորը, Ռուսաստանը չի՞ ընդդիմանա դրան՝ վախենալով իր «հարավկովկասյան այգին» տեսնել օտար ուժերի կողմից ներխուժված՝ նույնիսկ եթե նրանք չեզոք կապույտ սաղավարտներով են (նկատի ունի ՄԱԿ խաղաղապահ ուժերի կապույտ սաղավարտները- խմբ․)»,- հարցադրում է անում caucasefrance.com-ը։
ՄԱԿ-ում Փարիզի նախաձեռնությանը զուգահեռ ֆրանսիացի մի քանի քաղաքական գործիչներ հաջորդ շաբաթ կմեկնեն Հայաստան՝ ուղեկցելու շուրջ տասը բեռնատարներից բաղկացած մարդասիրական շարասյունը, որով հիմնականում երեխաների համար սնունդ է առաքվելու: Մարդասիրական օգնությունը նախաձեռնել է CCAF-ը (Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը)՝ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ համատեղ։ Նշվում է, որ շարասյունը կուղեկցեն սենատորներ Բրունո Ռետալոն, Քսավյե Բերտրանը և Ֆրանսիայի խոշոր շրջանների բարձրաստիճան ներկայացուցիչներ:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: