Գյումրու «Ասպարեզ» ակումբի նախագահ, հասարակական գործիչ Լևոն Բարսեղյանի կարծիքով, Գյումրիում ռուս զինծառայողների մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքը ոչ առաջին և ոչ էլ վերջին անգամն է։
«25 տարիների ընթացքում մի քանի տասնյակ նման դեպքեր են տեղի ունեցել Գյումրիում, և հանրությունը նման դեպքերի մասին իմացել է այն ժամանակ, երբ մարդ է մահացել կամ վնասվածք է ստացել։ 25 տարիների ընթացքում, իմ տեղեկություններով, ռուսական ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ դեպքերի հետևանքով ավելի քան 10 մարդ սպանվել է, շուրջ 16 մարդ էլ մարմնական վնասվածք է ստացել», -ասում է Բարսեղյանը՝ մեկնաբանելով օրերս Գյումրիում տեղի ունեցածը։
Գյումրիի «Ռոսիա» խանութում ռուս զինծառայողներն իրենց լավ չէին պահել․ օգոստոսի 20-ին Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի 3 զինծառայողներ հարբած վիճակում մտել են խանութ ու քանի որ իրենց վատ են պահել, աշխատակիցները նրանց դուրս են հրավիրել։ «Ազատության» հետ զրույցում խանութի սեփականատերը պատմել է, որ երեք զինվորները 10-15 րոպե անց վերադարձել են մի քանի անգամ ավելի մեծ խմբով ու ծեծել խանութի աշխատակիցներին։
«Խմած, իրենց անշնորհք պահելուց հետո դուրս հրավիրեցինք, որից հետո վիրավորված գնացին, մոտավորապես մի 15-20 հոգով եկան, հարձակվեցին խանութի աշխատողների վրա, հաճախորդների վրա, աֆիցեռներ էին։ Չափելուց հետո 1500 է ցույց տվել, այսինքն՝ գարյաչկա, տեղում տարել են, չափել։ Ցերեկով, պարեկները կանգնած, ոչ մի բանից էլ չեն վախենում, արտոնյալ են։ Եթե ոստիկանությունը շուտ չհասներ, ով գիտի՝ ինչ պիտի լիներ հետո»։
Գյումրու բժշկական կենտրոն տեղափոխված խանութի աշխատակցի քիթն է կորվել, ուղեղի ցնցում է ստացել։
Բարսեղյանն ասում է՝ «Ռոսիա» խանութը, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, գտնվում է հենց ռուսական զորամասի հարևանությամբ։ Դրա կողքին, սյան վրա մինչև Պերմյակովի կողմից գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի վրա հարձակումը, ռուսական դրոշ է կախված եղել, բայց գյումրեցի ընտանիքի հետ կատարված ողբերգական դեպքի օրերին ցուցարարները հանել ու շպրտել են այդ դրոշը։ Սակայն, միևնույն է ռուսական տառերով, ռուսական հնչողություն ու նշանակություն ունեցող խանութի անվանումը չի փրկել իրավիճակը․ ոչ սթափ վիճակում մտել են ու վիճաբանություն հրահրել։
«Չեմ կարծում, թե ազգային վեճ է, սարսափելի լակած են եղել, մտել կռիվ են սարքել։ Նման բաներ Գյումրիում ռուսական ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ հաճախակի են տեղի ունենում», -նշում է Բարսեղյանը։
Նրա խոսքով, նման դեպքերում պետությունը կարող է առաջարկել ռուսական ռազմաբազայի ղեկավարությանը՝ պարտադրել պատշաճ վարք դրսևորել հանրային վայրերում։ Մինչդեռ, ըստ Բարսեղյանի, ամեն նման միջադեպից հետո գործն ավարտվում էր զորամասի հրամանատար-մարզպետ կամ համայնքի ղեկավար-զորամասի հրամանատար զրույցներով ու ներքին պայմանավորվածություններով։ Հստակ պահանջներ չկան։
Բացի այդ, Լևոն Բարսեղյանն ասում է, ռուսական ռազմաբազայի բոլոր զորամասերը դրսից պետք է օպերատիվ հսկողության տակ լինեն Հայաստանի իշխանությունների կողմից․ պետք է տեղադրվեն տեսահսկողական սարքեր, որպեսզի զորամասերի շրջակայքը տեսագրվի ու արտակարգ իրավիճակի պարագայում արագ արձագանք տեղի ունենա։
«Հայաստանի իշխանությունները պետք է հսկողության տակ պահեն օտար երկրի, ռազմավարական դաշնակցի զորամասերի ելումուտը, պարսիպները, հիշենք, որ Պերմյակով կոչվածն էլ ասում էին՝ փախել է զորամասից։ Այդ ամբողջը պետք է մարդավարի հսկվի ինչ-որ կենտրոնում։ Պետք է հսկել՝ ինչ է տեղի ունենում այդ զորամասերի կողքուբոլորը, և արագ արձագանքման համակարգ պետք է գործարկվի արտակարգ պայմաններում», -առաջարկ է ներկայացնում հասարակական գործիչը։ Նման հանցագործությունները, որ մնում են անպատիժ, ծնում են այլ հանցագործություններ, քանի որ միշտ էլ կգտնվեն մարդիկ վենդետայի միջոցով հարցեր լուծելու համար։
Ոստիկանությունից տեղեկացրել են, որ ծեծկռտուքի հետևանքով 3 անձ ձերբակալվել է և հարուցվել է վարույթ։ Ովքեր են ձերբակալվածները, արդյոք զինծառայողներ են և այլ հարցերին պատասխաններ չկան։ Քննչական կոմիտեի խոսնակն այլ մանրամասներ չի փոխանցում։ Հորդորում են հարցերը ուղարկել գրավոր։
Բարսեղյանի համար պարզ է՝ ինչ է լինելու այս գործի քրեական վարույթը․ ռուսական կողմը կվերցնի իր ենթարակության տակ ու իր համար ցանկալի ձևերով հարցին լուծում կտա։
«Հայաստանի իշխանությունը պարտավոր է պատասխանատու լինել իր քաղաքացիների առաջ։ Կներեք, ո՞վ պետք է պաշտպանի իր բնակիչներին։ Ինչ է, դուրս գանք ու փողոցները հսկե՞նք։ Պետական իշխանություն ինչի՞ համար ես դու։ Սա պետական իշխանության թերի աշխատանքի հետևանքն է», -ընդգծում է Լևոն Բարսեղյանը։
Հասմիկ Համբարձումյան
Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը: