Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության Հռչակագրի ընդունման 33-րդ տարեդարձի առթիվ։
Իր ուղերձում նա նշում է, որ Հռչակագիրը պարունակում է «տարածաշրջանային միջավայրի հետ կոնֆրոնտացիոն խոսույթ, որը մեզ անընդհատ կոնֆլիկտների մեջ է պահելու մեր հարևանների հետ»։ «Եվ հիմա, անկախության Հռչակագրի 33-րդ տարեդարձի օրն ուզում եմ ընդգծել, որ մեր կառավարության որդեգրած խաղաղության օրակարգը անկախության օրակարգն է, որովհետև, եթե ունենանք խաղաղություն, կունենանք անկախություն: Քանի դեռ չունենք խաղաղություն, ԽՍՀՄ ուրվականը թևածելու է մեր երկնքում, մեր տարածաշրջանի երկնքում»,- ասված է ուղերձում։
Իսկ ի՞նչ կլինի, եթե Աստված մի արասցե ստացվի Փաշինյանի ծրագրած խաղաղությունը։ Ի՞նչ է ներառելու Անկախության (կամ կախվածության) նոր հռչակագիրը:
Իր կառավարման 5 տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանն արել է ամեն ինչ՝ խուսափելու «տարածաշրջանային միջավայրի հետ առճակատման դիսկուրսից և հարեւանների հետ կոնֆլիկտից», ինչը բերել է միայն կորստի եւ պատերազմի։ 2020 թվականի նոյեմբերի 9-ին անօրինական Եռակողմ հայտարարությամբ նա հայկական տարածքները փոխանցել է Բաքվի և Մոսկվայի վերահսկողության տակ։ Այժմ նա շարունակում է պնդել 29,8 հազար քմ. կմ, որը ոչ մի տեղ ամրագրված չէ։
Ինչպե՞ս կարող է Հայաստանը ներկա պայմաններում խուսափել հակամարտություններից իր հարեւանների հետ։ Միայն պետությունը լուծարելով ու հարեւանների համար «Կլոնդայկի» վերածելով։
«Եթե որեւէ մեկն ասում է, որ Հայաստանը պետք է ապրի առճակատման ռեժիմում, նա, փաստորեն, կասկածի տակ է դնում պետության գոյությունը»,- իր վերջին ասուլիսում ասե,լ էր Փաշինյանը։
Նա, ըստ էության, ասում է, որ եթե հասարակությունը մերժի իր «խաղաղության օրակարգը», ապա մենք կարող ենք կորցնել պետությունը։ Նա առաջարկում է մեկ այլ տարբերակ՝ պահպանել «պետություն առանց սահմանների և քաղաքական իրավունքների», որը կկոչվի «հայրենիք»։
Նա իր «պետական ռազմավարության» գլխավոր նպատակներից է համարում «ռեգիոնալիզացիան»։ Այսինքն՝ առանց պետության՝ գոյություն տարածաշրջանային «մեծ տանը»։ Ու այս տան սեփականատերը կլինի ոչ թե Ռուսաստանը կամ Արևմուտքը, այլ «տարածաշրջանային տերությունները», այսինքն՝ Թուրքիան։
Սա պատահական չէ․ Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրված Էրդողանը հայտարարեց նոր Սահմանադրություն ընդունելու իր մտադրության մասին՝ մինչև 2023 թվականի հոկտեմբերի 29-ը, երբ նշվելու է Հանրապետության 100-ամյակը։
Թուրքիայի 1924 թվականի Սահմանադրության մեջ կան դրույթներ, որոնք սահմանում են թուրքական պետության տարածքները։ Թուրքիայի սահմանները որոշվում են Լոզանի (1923) և Կարսի (1921) պայմանագրերով։ Էրդողանն, ըստ ամենայնի, ցանկանում է դուրս գալ այդ կախվածությունից, իսկ Հայաստանը՝ ի դեմս Փաշինյանի, կօգնի նրան դրանում։
Պետության վերածումը «հայրենիքի»՝ առանց տարածքների, քաղաքական կարգավիճակի, Փաշինյանի «ռեգիոնալիզացիայի» և «խաղաղության օրակարգի» նպատակն է։
Նիկոլ Փաշինյանը երկար ժամանակ փորձում է իրավական հիմք գտնել այդ «ստրատեգիայի» համար։ Այն ամենը, ինչ նա գտավ, պարունակում էր կամ պահանջներ Թուրքիային, կամ Բաքվին, կամ Մոսկվային. խոսքը 1921 թվականի Կարսի պայմանագրի մասին է, որը Արցախը «չի ճանաչում» որպես Ադրբեջանի մաս, իսկ Նախիջևանը կոչում է «Հայկական ինքնավարություն»: Բայց ամենից շատ նա խորշում է Հայաստանի Անկախության Հռչակագրից և դրա հիման վրա ընդունված Սահմանադրությունից, որում անդրադարձ կա Ղարաբաղը Հայաստանին վերամիավորելու մասին 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշմանը եւ 1918 թվականի Առաջին Հանրապետություն փաստացի իրավահաջորդությանը։
Փաշինյանն հիմա անում է ամեն ինչ, որպեսզի «հողի վրա» վերադարձը 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշմանը և Առաջին Հանրապետության իրավական ժառանգությանը անհնար դառնա։ Սա «հարևանների հետ կոնֆլիկտից խուսափելու» միակ ճանապարհն է։
Նաիրա Հայրումյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: