44-օրյա պատերազմի հետևանքով Հադրութից տեղահանված 26 հազարից ավելի քաղաքացիներ արդեն երեք տարի է՝ չեն կարողանում որևէ կարգավիճակ ստանալ։ Փախստականի կարգավիճակ ստանալու մասին Հայաստանի կառավարության հետ եռամյա պայքարը առայժմ արդյունքներ չի տալիս։ Հադրութեցիներին համախմբող «Հանուն Հադրութի» հասարակական կազմակերպության նախագահ Լևոն Հայրիյանն ասում է՝ փախստականի կարգավիճակ իրենց չեն տրամադրում ռուսական քաղաքականության և Հայաստանի գործող իշխանության քաղաքական կամքի բացակայության պատճառով։

«Մեզ համար ամենաառաջին հարցը հայրենիքի՝ Հադրութի վերադարձն է։ Մենք ունենք սոցիալական բազում խնդիրներ՝ մարդիկ զրկվել են տնից, աշխատանքից, բոլոր-բոլոր հնարավորություններից։ Բայց այդ սոցիալական հարցերը լուծելու համար նախ պետք է սոցիալական կարգավիճակ ունենանք», —Forrights.am-ի հետ զրույցում ասում է Հայրիյանը։

Իսկ սոցիալական կարգավիճակ ունենալու համար, հադրութցիները պետք է փախստականի կարգավիճակ ունենան, ինչը, ըստ Հայրյանի, քաղաքական լուծում է պահանջում։ Հադրութի բնակիչները, որոնք պատերազմի հետևանքով զրկվել են իրենց ունեցվածքից, համարվում են տեղահանվածներ։ «Իրականում մեր կարգավիճակը փախստականի կարգավիճակ է, բայց մեզ չեն ուզում փախստականի կարգավիճակ տրամադրել, որովհետև դա քաղաքական լուծում է պահանջում։ Հենց ռուսները արգելում են փախստականի կարգավիճակ տրամադրվի Արցախից տեղահանված բնակիչներին, քանի որ ամբողջ աշխարհով հայտարարում են, թե Արցախում հումանիտար խնդիր է մնացել, փախստականություն չկա», -նշում է «Հանուն Հադրութի» ՀԿ-ի նախագահը։ Հատկանշական է, որ ըստ Հայրյանի, կառավարական շրջանակներում հանդիպումների ժամանակ, երբ նշում են, որ ռուսական կողմի պատճառով իրենց փախստականության հարցը լուծում չի ստանում, պաշտոնյաները չեն հերքում։

Նրա համար տարօրինակ է՝ ինչպես է ադրբեջանական կողմը իր չեղած փախստականների հարցերը ամենուրեք՝ միջազգային հարթակներում բարձրացնում, սակայն հայկական կողմը չի օգտագործում այդ հարցը։ Պատճառը, Հայրյանը իր եռամյա պայքարի արդյունքում պարզել է՝ «Որովհետև գտնվում են ռուսական իշխանության ազդեցության գոտում, իսկ ռուսներն էլ լինելով փախստականների առաջացման պատճառը, չէին ցանկանա, որ որևէ միջազգային ատյանում քննարկվեր փախստականների հարցը։ Արդյունքում մեր ղեկավարներին ստիպում են, որ փախստականության հարց չճանաչվի»։

Բազում նամակներ են հղվել թե Հայաստանի գործող իշխանություններին, թե ՄԱԿ-ի փախստականների հարցերով զբաղվող կառույցներին։ ՄԱԿ-ից արձագանքել են՝ Արցախից տեղահանվածներին համարելով «փախստականի նման կարգավիճակ» ունեցող անձինք։ «Կառավարությանը մեր գրություններով բազմիցս հուշեցինք, որ գոնե մեզ համարեն փախստականի նման կարգավիճակ ունեցող անձինք, բայց դա էլ չեն անում, որովհետև պատճառը ռուսական քաղաքականությունն է», -պնդում է Լևոն Հայրիյանը։

Հայաստանի կառավարությանը, մասնավորապես, վարչապետի աշխատակազմին ուղղված նրանց հարցումները կամ մնում են անպատասխան, կամ ուղղվում են ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։ «Սոցապը, իհարկե, վատ չի աշխատում, մեր սոցիալական հարցերը լուծումներ ստանում են, բայց մեր խնդիրն այլ է, մենք ուզում ենք փախստականի կարգավիճակ», -նշում է Հայրիյանը։

Արցախից տեղահանված անձանց պայքարի արդյունքում այս տարի գարնանը տեղի ունեցավ «Ադրբեջանական ագրեսիայի հին և նոր փախստականները. անցյալը, ներկան, ապագան» թեմայով համաժողովի արդյունքներով որոշվել էր ստեղծել մի մարմին, որը կզբաղվի հենց պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված բնակչության կարգավիճակի հարցերով։ Սակայն այդ մարմինն այդպես էլ չի ստեղվծել, կառավարությունը ականջալուր չի լինում այս խմբի մարդկանց խնդրանքներին, պահանջներին։

«Մենք փախստականի կարգավիճակ ենք ուզում։ Մեր պահանջը ներկայացրինք Արդարադատության նախարարությունում նաև ասացինք, որ մեր փախստականների համար համայնք ենք ուզում, որ չկորենք։ Մենք չենք ցանկանում, որ Հադրութի սովորույթները, Հադրութի կոլորիտը, բնակչության նիստուկացը կորի, պետք է համայնք լինի, որ այդտեղ ապրենք ու մեր սովորությունները պահպանենք», -նշում է Հայրիյանը՝ ընդգծելով, որ ԱՆ-ում քննարկումը հաջող էր, բայց շոշափելի արդյունքներ, լուծումներ դեռևս չկան։

Հասմիկ Համբարձումյան

 

 

Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը:

Pin It on Pinterest