Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբը Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ իր երկիրը մտահոգված է Արցախի խնդրի շուրջ լարվածության կապակցությամբ։
«Մեծ հուզմունքով հարգանքի տուրք մատուցեցի Հայոց ցեղասպանության զոհերին։ Մեր բոլորի պարտավորությունն է չմոռանալ պատմության այս ողբերգական էջը և անել ամեն ինչ՝ խուսափելու համար պատմության կրկնությունից»,- նշեց նա։
Նախարարը կարծում է, որ այս պատմական հակամարտությունից դուրս գալու միակ ճանապարհը բանակցություններն ու կոմպրոմիսներն են։
«2023 թվականին, մասնավորապես Շառլ Միշելի կազմակերպած հանդիպումների շրջանակներում պայմանավորվածությունները դրական առաջընթաց են: Երկու երկրների ղեկավարները հաստատել են երկրների տարածքային ամբողջականությունները և ես ողջունում եմ ձեր վարչապետի համարձակ հայտարարությունները, որոնք խաղաղության ուղին են բռնել», — ասաց նա։
Լահբիբի խոսքով, Բրյուսելում կայացած վերջին բանակցությունները ցույց տվեցին, որ խաղաղության համաձայնագիրը մոտ է և երկրների ղեկավարների պարտականությունն է ամեն ինչ անել հայ և ադրբեջանցի բնակիչներին թույլ տալու խաղաղության մեջ ապրել:
«Նոր խորհրդակցություններ պետք է տեղի ունենան Բրյուսելում, ինչպես նաև Երևանում և Բաքվում: Մենք հուսով ենք, որ դրանք պատմական շրջադարձի կհասնեն», — ասաց նա։
Լահբիբը նաև ընդգծեց, որ Ադրբեջանի պարտավորությունն է ապահովել Արցախի բնակչության անվտանգությունը և Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը:
«Բելգիան և ԵՄ-ն կշարունակեն իրենց դիվանագիտական շփումներում պնդել և գործել այս ուղղությամբ: Ինչպես գիտեք, 2024 թվականի հունվարի 1-ից Բելգիան ԵՄ նախագահությունը կստանձնի, Հայաստանը եվրոպացիների համար կարևոր գործընկեր է և համաշխարհային անկայուն իրավիճակում մենք ցանկանում ենք ամրապնդել մեր գործընկերությունը», — նշեց նա:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: