Ներքին Գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը տեղեկացրել է, որ երեխային բռնության ենթարկած մայրը հայտնաբերվել է։

«Հարգելի’ գործընկերներ, քաղաքացիներ, Քանի որ բազմաթիվ զանգեր եմ ստանում համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ, որտեղ մի կին բռնության է ենթարկում անչափահաս աղջկա, տեղեկացնում եմ, որ ՆԳՆ ոստիկանության Հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության, Գավառի և Կենտրոնական բաժինների ոստիկանների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում տեսանյութում պատկերված կինը հայտնաբերվել է: Նա այս պահին ՆԳՆ Ոստիկանությունում է:

Պաշտոնական խողովակներով կտրամադրենք լրացուցիչ տեղեկատվություն: Միաժամանակ, հորդորում եմ չտարածել տեսանյութը՝ հաշվի առնելով երեխայի լավագույն շահը»։

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից տեղեկացնում են, որ երեխայի նկատմամբ բռնության տեսարանով տեսանյութի` համացանցում տարածվելուց անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է դեպքի առնչությամբ ուսումնասիրություն։

«Երեխայի լավագույն շահից ելնելով` Պաշտպանը հորդորում է չտարածել սոցիալական ցանցերում հայտնված տեսանյութը՝ զերծ մնալով երեխային նույնականացնող անձնական տվյալները հրապարակելուց։ Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ յուրաքանչյուր երեխայի լավագույն շահն առաջնահերթություն է։

Պետությունն ունի պարտավորություն` ձեռնարկելու անհրաժեշտ և բավարար միջոցներ՝ երաշխավորելու երեխայի պաշտպանությունը բռնությունից։ Պաշտպանը գրություններ է հասցեագրելու իրավասու պետական մարմիններին` իրենց իրավասության շրջանակներում անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու պահանջով», —նշվում է ՄԻՊ հայտարարության մեջ։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest