Օգոստոսի 11-ին ՀՀ Զինված ուժերում միանգամից երկու զինծառայողների՝ Ժորա Զոհրաբի Կարապետյանի և Գրանիկ Վարդանի Խնկոյանի մահվան մասին լուրը մտահոգություններ է առաջացրել իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչների շրջանում։

«Արտառոց է պաշտոնյաների ու հատկապես պետական մարմինների լռությունը արձանագրված մահվան դեպքերին։ Հիշեք՝ Ազատ գյուղում 15 զինծառայող մահացան, բայց պաշտպանության նախարարը անտարբեր էր ու նույնիսկ չցավակցեց զոհերի հարազատներին», -այսօր Մեդիա կենտրոնում «Երկու զինվորի մահվան դեպք մեկ օրում բանակում ոչինչ չի փոխվո՞ւմ»  թեմայով տեղի ունեցած քննարկմանը ասել է «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը։

Նա հիշեցրել է, որ ավելի վաղ ևս մեկ զինծառայող էր մահացել՝ Մուրադ Գրիգորյանը, որի վերաբերյալ պաշտոնական վարկածն էր՝ ինքնասպանության հասցնելը։ «Ոչ մի արձագանք մենք չենք լսել, պաշտպանության նախարարը, որը պարտավոր է հանրությանը բացատրել, ասել՝ ինչ է կատարվել, լռություն է։ Սա գնահատում եմ բացարձակ անպատասխանատվություն և անտարբերություն, որովհետև մահերի թիվը գնալով աճում է, հենց նրանց իշխանության օրոք», -ասել է Ալեքսանյանը։

Ըստ Ժաննա Ալեքսանյանի, հավանաբար այս իշխանությունները մտածում են՝ բանակ գնացող զինվորը զոհվելու համար է։

2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում հրադադարի պայմաններում մահացել է 21 զինծառայող, սակայն այս տարվա ընթացքում՝ օգոստոսի 1-ի դրությամբ 39 զինծառայող է մահացել։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ասել է, որ զինծառայողների մահերի նման թիվը պետք է որ լուրջ ահազանգ լինի։ «Ոչ միաայն ահազանգ պետք է լինի, այլ նաև բացատրություններ պետք է լինեն։ Այդ ամենի հասցեատերը պաշտպանության նախարարն է, գլխավոր շտաբի պետը, իսկ մյուս մարմինը՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը, որը պարտավոր  պառլամենտական վերահսկողություն ապահովել ու հրավիրել պաշտպանական գերատեսչության ղեկավարներին ու հարցեր ուղղել նրանց», -հայտարարել է Սաքունցը։

Մեդիա Կոնտրոնից տեղեկացրել են, որ քննարկմանը մասնակցելու հրավեր է ուղարկվել նաև Պաշտպանության նախարարություն, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, սակայն այս մարմիններից որևէ ներկայացուցիչ չկար։

Իսկ քանի դեռ պաշտոնյաները չեն ներկայանում, բացատրություններ չեն տալիս, իրավապաշտպանները ազատ են ենթադրություններ անել։ Սաքունցը նկատել է, որ այս ամենից կարելի է ենթադրել, որ կանոնադրական հարաբերությունները չեն պահպանվում, վերահսկողություն չի իրականացվում։

Ըստ Ժաննա Ալեքսանյանի, խորհրդարանական վերահսկողություն չի կարող լինել, քանի որ ինչպես թելադրում են, այնպես էլ խորհրդարանական հանձնաժողովը աշխատում է։ «Նա (նկատի ունի ԱԺ պաշտպանության, անվտանգույան հարցերի մշտական հանձնաժողովի նախագհ Անդրանիկ Քոչարյանին-խմբ․) կարո՞ղ է Պապիկյանին ասի՝ արի այստեղ, բացատրություն ներկայացրու։ Նրանք ոչ թե կատարում են իրենց պարտականությունները, այլ անում են այն, ինչ թելադրվումէ  վարչապետի կողմից», -ընդգծել է Ալեքսանյանը։

Դիտարկմանը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար խոսում է բանակում բարեփոխումներից, իրավապաշտպանը արձագանքել է․ «Վարչապետը ստում  է, ոչ մի բարեփոխում չի իրականացվում․ մարդիկ կյանքի իրավունքի նկատմամբ բացահայտ անտարբերություն են ցուցաբերում․․․ այն, որ մահերի թիվը ավելանում է․․․լսե՞լ եք՝ մի օր վարչապետն ասի՝ ինչ վիճակ է բանակում։ Ոչ կանոնադրական հարաբերությունները կրիմինալ մթնոլորտն է զորամասերում»։

Ըստ Սաքունցի, բանակում մահերի նման աճը ցուցիչ է իրականացվող այսպես կոչված բարեփոխումների մասին․ «Կներեք, ձեր բարեփոխումների արդյունքը սա է, ինչպե՞ս եք խոսում բարեփոխումների մասին»։

Մանրամասները՝ տեսանյութում

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest