ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցով նամակ է ուղղել Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին։
«Արցախյան ճգնաժամը պահանջում է ԱՄՆ կողմից անհապաղ գործողություններ։
Այսօր ես նախագահ Ջո Բայդենին հորդորեցի շտապ հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ դադարեցնելու ադրբեջանական շրջափակումը և գործածելու բոլոր հասանելի գործիքները՝ աջակցելու Արցախի ժողովրդին և կանխելու հերթական ցեղասպանությունը»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Շիֆը՝ կից հրապարակելով նաև Բայդենին ուղղված նամակը։
Նամակում նշված է.
«Միացյալ Նահանգները պետք է ձեռնարկի կոնկրետ գործողություններ և անհապաղ օգտագործի այլ գործիքներ՝ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար՝ վերադառնալու համար միջազգային իրավունքի և կարգի պահանջներին։ Ուստի ես Ձեզ կոչ եմ անում ձեռնարկել հետևյալ քայլերը.
• Գումարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽԽ) արտակարգ նիստ՝ նվիրված Արցախի ճգնաժամին:
• Ուղղորդել ԱՄՆ առաքելությանը ՄԱԿ-ում առաջնորդելու Անվտանգության խորհրդի բանաձևը, որը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ կատարել Արդարադատության միջազգային դատարանի հրամանները:
•Ուղղորդել ԱՄՆ ՄԶԳ-ին (Միջազգային զարգացման գործակալություն) և Պաշտպանության նախարարությանը, որպեսզի գնահատեն ԱՄՆ-ի կողմից Արցախին աջակցելու տարբերակները:
• Անձամբ զանգահարել Ալիևին և հորդորել վերացնել շրջափակումը. Զգուշացրեք նրան, որ շրջափակումը շարունակելու դեպքում կլինեն հետևանքներ՝ ներառյալ պատժամիջոցների կիրառումը, վիզային սահմանափակումները և ԱՄՆ արտաքին օգնության դադարեցումը։ Կոնգրեսում մեզանից շատերը կարծում են, որ Ադրբեջանը վաղուց պետք է կտրված լիներ ԱՄՆ-ի օգնությունից։
Հիշեցնենք, որ ԱՄՆ Գլենդել քաղաքում հարյուրավոր ամերիկահայ ցուցարարներ օգոստոսի 9-ի գիշերը փակել են մայրուղիներից մեկը՝ ուշադրություն հրավիրելու Արցախում տիրող ճգնաժամի վրա։ Վերջին օրերին ցուցարարները մի քանի անգամ հավաքվել են ԱՄՆ դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆի գլենդելյան գրասենյակի մոտ՝ նրան կոչ անելով առավելագույն ջանքեր գործադրել Արցախին աջակցելու համար։
Նամակի ողջ բովանդակությունը ստորև.
«Հարգելի Նախագահ Բայդեն,
Հունիսի 8-ին ես գրել էի Ձեզ՝ հայտնելով իմ խորը մտահոգությունը Ադրբեջանի կողմից Արցախը արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի շրջափակման կապակցությամբ, բայց այսօր ճգնաժամը զգալիորեն վատթարացել է և պահանջում է Ձեր անձնական և անհապաղ ուշադրությունը։
2022 թվականի դեկտեմբերից Արցախի ժողովուրդն ապրում է Ադրբեջանի ապօրինի շրջափակման տակ: Դա իր կործանարար հետևանքներն ունի. 120,000 անհատ զրկվել է սննդից, ջրից, բժշկական պարագաներից ու ծառայություններից, գազից և մշտական էլեկտրականությունից:
Նախկինում Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեն (ԿԽՄԿ) կարողանում էր ապահովել սննդամթերքի ու դեղորայքի սահմանափակ առաքումներ և հեշտացնել տրանսպորտի օգտագործումը շտապ բժշկական օգնության դեպքում, սակայն Ադրբեջանը շաբաթներ առաջ դադարեցրեց նույնիսկ Կարմիր խաչի մուտքը: Ինչպես հայտարարել է ԿԽՄԿ-ն, «տասնյակ հազարավոր մարդիկ հույս ունեն մարդասիրական օգնության վրա, որը հասնում է իրենց այդ ուղիներով»: Փրկության օղակի կտրված է, բնակչությունը լիովին մեկուսացված է, իսկ խաղաղ բնակիչների զոհերն արագորեն աճում են: Կասկած չկա, որ իրավիճակն այժմ վերածվել է «սարսափելի հումանիտար ճգնաժամի» (ինչպես հայտարարեց ՄԱԿ-ի փորձագետների խումբը օգոստոսի 7-ին):
Արցախի բնակչությունը հրատապ օգնության կարիք ունի: Կարիք ունեցողների թվում են ամենախոցելիները՝ հղի կանայք, երեխաներ, տարեցներ ու հաշմանդամներ։ Կյանք փրկող դեղամիջոցներն ու մանկական սնունդը գրեթե անհետացել են: Արցախի առողջապահական մարմինները հայտնել են, որ հիվանդությունների և մահացության մակարդակի աճ կա՝ կապված թերսնման, դեղերի բացակայության և շտապ բժշկական ծառայությունների/տրանսպորտի բացակայության հետ։ Օրինակ, հղիների շրջանում անեմիայի մակարդակը հասել է մոտ 90 տոկոսի, և թերսնման հետևանքով ուշագնացության դեպքերը լայնորեն տարածվել են: Ծանր հետևանքն այն է, որ Ալիևի կանխամտածված և ռազմավարական նախագծով՝ անմեղ, խաղաղ բնակիչներն ավելի ու ավելի են տառապում թերսնումից և բախվում սովի անմիջական վտանգի: Հենց այս պահին Ադրբեջանը 400 տոննա մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարների շարասյուն է արգելափակել և թույլ չի տալիս մտնել Արցախ։ Այս գործողությունները միջազգային իրավունքի և 2020 թվականի եռակողմ հրադադարի մասին հայտարարության բացահայտ խախտում են:
ՄԱԿ-ի փորձագետների օգոստոսի 7-ի հայտարարությունը կոչ էր անում Ադրբեջանին «պահպանել մարդու իրավունքները հարգելու և պաշտպանելու իր միջազգային պարտավորությունները, ներառյալ սննդի, առողջության, կրթության և կյանքի իրավունքը», և ես միանում եմ նրանց այդ կոչին:
Թեև ԱՄՆ կառավարությունը, Եվրամիությունը, ՄԱԿ-ի փորձագետները և Ռուսաստանը դատապարտել են շրջափակումը և կոչ են արել բացել միջանցքը կանոնավոր երթևեկության համար, Ադրբեջանը ամիսներ շարունակ անտեսել է այդ հայտարարությունները:
ԱՄՆ Պետդեպարտամենտը և Միջազգային զարգացման գործակալությունը փորձել են դիվանագիտական ճանապարհով վերջ դնել Ալիևի կողմից Լաչինի միջանցքի շրջափակմանը, սակայն հայտարարությունների և նման կոչերի ժամանակն ակնհայտորեն վաղուց անցել է։ Միացյալ Նահանգները պետք է ձեռնարկի կոնկրետ գործողություններ և անհապաղ օգտագործի այլ գործիքներ՝ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար՝ վերադառնալու համար միջազգային իրավունքի և կարգի պահանջներին։
Ուստի ես Ձեզ կոչ եմ անում ձեռնարկել հետևյալ քայլերը.
• Գումարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽԽ) արտակարգ նիստ՝ նվիրված Արցախի ճգնաժամին՝ Միացյալ Նահանգների նախագահության պայմաններում։ Այս իրավիճակը համընկնում է մեր երկրի մտադրության հետ՝ այս նստաշրջանը կենտրոնացնելու պարենային անապահովության դեմ պայքարի և մարդու իրավունքների պաշտպանության վրա, և սա հրատապ խնդիր է, որը պահանջում է ՄԱԿ-ի ԱԽ-ի ուշադրությունը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշը օգոստոսի 2-ի իր հայտարարությամբ խորը մտահոգություն է հայտնել շարունակվող շրջափակման և «տեղում վատթարացող իրավիճակի» կապակցությամբ: Նա և ՄԱԿ-ի հատուկ զեկուցողները կոչ են արել գործել: Ժամանակն է, որ ՄԱԿ-ը ներգրավվի:
Ես համաձայն եմ, ինչպես Հայաստանի կառավարությունն էր օգոստոսի 12-ի իր նամակում նշել, որ «ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, որպես միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար պատասխանատու գլխավոր մարմին, կանխի զանգվածային վայրագությունները, ներառյալ ռազմական հանցագործությունները, էթնիկ զտումները, մարդկության դեմ հանցագործությունները և ցեղասպանությունը»: Պետք է որքան հնարավոր է շուտ ժողով հրավիրի այս ճգնաժամի վերաբերյալ։
• Ուղղորդել ԱՄՆ առաքելությանը ՄԱԿ-ում առաջնորդելու Անվտանգության խորհրդի բանաձևը, որը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ կատարել Արդարադատության միջազգային դատարանի հրամանները, ինչը նախատեսում է ՄԱԿ-ի փորձագետների թիմ տեղակայել Արցախ՝ տեղեկատվություն հավաքելու և անկախ փաստաթուղթ ստեղծելու համար։ Զեկուցել մարդու իրավունքների և հումանիտար իրավիճակի մասին և պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ միջազգային իրավունքի և Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի կոպտագույն խախտումների համար:
• Ուղղորդել ԱՄՆ ՄԶԳ-ին (Միջազգային զարգացման գործակալություն) և Պաշտպանության նախարարությանը, որպեսզի գնահատեն ԱՄՆ-ի կողմից աջակցության տարբերակները՝ ցամաքային կամ օդային ճանապարհով օգնություն տրամադրել Արցախին, որպեսզի կանխենք սովամահության իրական սպառնալիքը և խուսափենք անմեղ քաղաքացիների կանխարգելելի մահերից:
• Անձամբ զանգահարել Ալիևին և հորդորել վերացնել շրջափակումը. Զգուշացրեք նրան, որ շրջափակումը շարունակելու դեպքում կլինեն հետևանքներ՝ ներառյալ պատժամիջոցների կիրառումը, վիզային սահմանափակումները և ԱՄՆ արտաքին օգնության դադարեցումը։ Կոնգրեսում մեզանից շատերը կարծում են, որ Ադրբեջանը վաղուց պետք է կտրված լիներ ԱՄՆ-ի օգնությունից։
Ես պատրաստ եմ ցանկացած աջակցություն ցուցաբերել Ձեր վարչակազմի ջանքերին՝ ուղղված այս ճգնաժամին, այդ թվում՝ ձեր վարչակազմի և ազգային հայ համայնքի շահագրգիռ կողմերի միջև հանդիպման կազմակերպման նպաստելուն: Նրանք կարող են կիսվել Արցախում տիրող աղետալի իրավիճակի վերաբերյալ իրենց հաշվետվություններով:
Ժողովրդին ոչնչացնելու այս անմարդկային և չար արշավը սարսափելիորեն ծանոթ է հայերին, որոնց նախնիները 108 տարի առաջ կրել են Հայոց ցեղասպանության սարսափը: Օգոստոսի 7-ին հրապարակված փորձագիտական եզրակացության մեջ Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ և միջազգային իրավական փորձագետ Լուիս Մորենո Օկամպոն եզրակացրեց. «Կա ողջամիտ հիմք ենթադրելու, որ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի նկատմամբ ցեղասպանություն է իրականացվում»:
Նա հայտարարեց. «Ադրբեջանական անվտանգության ուժերի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը, որը խոչընդոտում է ցանկացած սննդամթերքի, բժշկական պարագաների և այլ անհրաժեշտ պարագաների հասանելիությանը, պետք է համարվի ցեղասպանություն՝ համաձայն Ցեղասպանության կոնվենցիայի II հոդվածի «գ» կետի: Սովը ցեղասպանության անտեսանելի զենքն է: Առանց անմիջական կտրուկ փոփոխությունների, հայերի այս խումբը մի քանի շաբաթից կկործանվի»:
Մենք խոստացել ենք` «այլևս երբեք», պարոն Նախագահ, բայց այսօր Արցախի ժողովուրդը կանգնած է էթնիկ զտումների և ցեղասպանության իրական վտանգի առաջ՝ ինքնավար ադրբեջանական ռեժիմի ձեռքով։
2023 թվականի ապրիլի 24-ին, երբ աշխարհասփյուռ հայությունը ոգեկոչում էր Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցը, դուք հզոր հայտարարեցիք. «Այստեղ և ամբողջ աշխարհում հայ ժողովուրդը հույսով դիմավորեց ատելության չարիքին. դաստիարակեցին իրենց ընտանիքները և պահպանեցին իրենց մշակույթը: Նրանք հզորացրին մեր ազգը: Նրանք նաև պատմեցին իրենց և իրենց նախնիների պատմությունները, որպեսզի հիշեն և երաշխավորեն, որ 108 տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանությունն այլևս երբեք չկրկնվի: Այսօր եկեք նորացնենք այս խոստումը: Եկեք կրկին պարտավորվենք խոսել և պայքարել ատելության դեմ, որպեսզի պաշտպանենք մարդու իրավունքները և կանխենք վայրագությունները»:
Պարոն Նախագահ, դուք եղել եք պատմության ճիշտ կողմում, իշխանությանը ճշմարտությունն եք ասել: Այժմ ժամանակն է տեր կանգնել այս խոստմանն, կանգնել Արցախի ժողովրդի կողքին և կասեցնել հերթական Հայոց ցեղասպանությունը:
Շնորհակալություն այս հարցի նկատմամբ Ձեր ուշադրության համար։ Ես պատրաստ եմ աշխատել Ձեր վարչակազմի հետ՝ ի աջակցություն Արցախի ժողովրդի»:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: