Օգոստոսի 16-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտահերթ նիստ կգումարի Արցախում տիրող իրավիճակի և Բերձորի միջանցքի ապաշրջափակման հարցով։ Հայկական դիվանագիտության հաջողությունը կախված կլինի նրանից, թե ինչ պահանջներ կառաջադրվեն և որքանով են այդ պահանջները ընկալելի միջազգային հանրության համար։
Երեւանը Ստեփանակերտի խնդրանքով դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, սակայն ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցչի հրապարակված նամակում միայն հումանիտար խնդիրներ են թվարկված, իսկ պաշտոնական Ստեփանակերտի պահանջները նշված չեն։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի օգոստոսի 8-ի հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է, որ «անհրաժեշտ է համաձայնեցնել միջազգային մեխանիզմը, որն օժտված կլինի համապատասխան միջազգային մանդատով և կսահմանի բանակցային գործընթացի չափանիշները` ելնելով միջազգային իրավունքի նորմերից և միջազգային պրակտիկայից»:
Ստեփանակերտն այսպիսով սահմանեց հայկական կողմի նշաձողը` պահանջելով, որ Բերձորի միջանցքի ապաշրջափակումը դիտարկվի ոչ թե որպես առանձին հումանիտար ակտ, գրեթե ողորմություն, այլ որպես կարգավորման համապարփակ գործընթացի մաս, և այդ գործընթացը պետք է տեղի ունենա «միջազգային մեխանիզմի» շրջանակներում։
Արդյոք Երեւանը պնդելու է այս պահանջը։
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորք մեկնելուց առաջ բազմիցս ասել է, որ Հայաստանը չի շեղվելու «խաղաղության օրակարգից»՝ չհայտարարելով նաև արցախյան հիմնախնդիրը արատավոր «եռակողմ» ուղուց դեպի լեգիտիմ միջազգային հարթություն դուրս բերելու իր մտադրության մասին, ինչը ենթադրում է միջազգային մեխանիզմների և ՄԱԿ-ի խաղաղապահների պահանջ։
Առանց նման պահանջի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելը կարող է դառնալ հերթական ցուցամոլությունը, որով Հայաստանի ղեկավարությունն այնուհետ կհիմնավորի այն փաստը, որ «ամբողջ աշխարհը մեր դեմ է, և մենք ոչինչ չենք կարող անել»։ Միգուցե նույնիսկ ընդունվի բանաձեւ, որը կոչ կանի Բաքվին բացել միջանցքը, սակայն առանց դրա իրականացման քաղաքական մեխանիզմների բանաձեւը կաշխատի միայն ՀՀ իշխանության «խաղաղ օրակարգի» օգտին։
Մի շարք փորձագետներ կարծում են, որ Ռուսաստանը, ինչպես նախկինում, վետո կդնի բանաձեւի վրա։ Բայց սա խիստ վիճելի պնդում է, քանի որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղղված նամակում Երեւանը զգուշորեն խուսափում է Ռուսաստանի դերի և պատասխանատվության հիշատակումից։ Թեկուզ հենց Ռուսաստանն է, ըստ 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթի, պարտավոր վերահսկողություն իրականացնել Բերձորի միջանցքում։
Դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, առանց Ռուսաստանի պատասխանատվության մասին հիշատակելու, Մոսկվայի «դեմքը փրկելու» լատենտ փորձ է։ Նույն փորձն արվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վերջին նիստում, որը նվիրված էր Ռուսաստանի կողմից սովը որպես քաղաքական հարցերի լուծման միջոց օգտագործելուն։ ԱՄՆ-ի նախաձեռնությամբ հրավիրված հանդիպումը հիանալի առիթ էր Հայաստանի համար՝ մատնանշելու Ռուսաստանի պատասխանատվությունը՝ սովը որպես ճնշման միջոց օգտագործելու Արցախում։ Բայց հայկական կողմը կրկին զգուշորեն շրջանցեց Ռուսաստանին՝ մեղադրելով միայն Բաքվին։
Եթե Արարատ Միրզոյանն այս անգամ չհիշատակի Ռուսաստանի պատասխանատվությունը և նորից պնդի միայն հումանիտար հարցերի լուծումը, ապա Ռուսաստանը սիրով կստորագրի այս բանաձեւը, իսկ որպես խնդրի լուծում կկրկնի իր նախկին առաջարկը, որի մասին գրել էր «Կոմերսանտ»-ը։ Հիշեցնենք՝ թերթը գրել էր, որ Մոսկվան առաջարկել է բացել Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը, ապահովել անհրաժեշտ ապրանքների առաքումը Արցախ (որտեղի՞ց) և բացել Լաչինի միջանցքը 24 ժամ հետո, բայց միայն Երևան բժշկական տարհանման նպատակով։ Ստեփանակերտը մերժել էր այդ առաջարկը։
Հիմա Ստեփանակերտը սպասում է ՄԱԿ-ի բանաձեւին։
Հարցին, թե ինչ դիրքորոշում է սպասվում Արցախը Հայաստանից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Արցախի նախագահի խորհրդական Արտակ Բեգլարյանն ասել է.
«Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը պատշաճ կերպով կներկայացնի իրավիճակը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և կանի հնարավոր ամեն բան՝ այլ երկրների հետ միասին ընդունելու այնպիսի բանաձև, որը կսահմանի գործնական քայլեր և միջոցներ՝ ստիպելու Ադրբեջանին բացել միջանցքը»։
Նաիրա Հայրումյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: