Օգոստոսի 15-ին՝ վաղ առավոտյան, Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնից հեմոդիալիզ ստացող տասը հիվանդ ԿԽՄԿ մեքենաներով ուղևորվել է Հայաստանի Հանրապետության մասնագիտացված բժշկական կենտրոններ` բուժում ստանալու նպատակով։
ՀԲԿ հեմոդիալիզի բաժանմունքի վարիչ Քրիստինե Ավագիմյանը «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ լիակատար շրջափակման մեջ գտնվելու պատճառով հնարավոր չէ ապահովել հիվանդների համար անհրաժեշտ դեղորայքն ու համապատասխան սարքավորումները` բուժման ընթացքը կազմակերպելու համար։
«Ստեղծված իրավիճակի պատճառով ստիպված ենք մեր հիվանդներին ուղարկել Երևան` հետագա բուժման համար՝ հույս ունենալով, որ այս իրավիճակը կկարգավորվի։ Այս որոշմանը շատ մեծ դժվարությամբ ենք հանգել, սակայն մեր հիվանդների առողջությունը մեզ համար առաջնային է։ Կան հիվանդներ, ովքեր, ընտանեկան պայմաններից ելնելով, չեն կարողանում ուղևորվել Երևան, և ստացվում է, որ նրանք հետագա բուժումը պետք է շարունակեն այստեղ, ինչը շատ մեծ դժվարությամբ կկատարվի։ Անհրաժեշտ դեղորայքի և սարքավորումների սուղ պայմաններից ելնելով` սկսել ենք աշխատել խիստ խնայողաբար։ Եթե մեր բուժառուները սովորաբար գալիս էին շաբաթական երեքանգամյա սեանսի, ապա այժմ երկու անգամ են գալիս։ Այդ ամենն, իհարկե, խիստ բացասաբար է ազդում նրանց առողջական վիճակի վրա, և, ցավոք, ունենք երկու հիվանդ, ովքեր հայտնվել են ինտենսիվ թերապիայի մեջ։ Եղած դեղորայքի ու սարքավորումների պաշարով այսուհետ կարող ենք աշխատել միայն երկու շաբաթ»,- ասել է Ավագիմյանը։
Նրա խոսքով՝ հեմոդիալիզ ստացող քսանինը հիվանդ է ուղևորվել ՀՀ բուժհաստատություններում բուժումը շարունակելու, իսկ տասը հիվանդ կտրականապես հրաժարվել է մեկնել Երևան։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: