Այս օրերին դիրիժոր Սերգեյ Սմբատյանին աջակցելու նպատակով դիմում են բազմաթիվ մտահոգ մարդիկ Հայաստանից եւ արտերկրից՝ կոլեգաներ, իր սիրելի հանդիսատեսը, ընկերները։ Բոլորի անհանգստությունը մեկն է՝ Մաեստրոն չպետք է զրկվի ազատությունից, իր գործով զբաղվելու հնարավորությունից եւ պետք է շարունակի դասական երաժշտությանը ծառայելու շնորհակալ ու կարեւոր առաքելությունը։ Քաղաքացիները պահանջում են արդար քննություն անցկացնել եւ մինչեւ դատարանի վճիռը փոխել Մաեստրոյի նկատմամբ ընտրված խափանման միջոցը։
Եվ որպեսզի Սերգեյ Սմբատյանի աջակիցները հնարավորություն ունենան իրենց ձայնը բարձրացնելու եւ զորակցություն հայտնելու Սերգեյ Սմբատյանին, ստեղծվել է կայքը։ Այս հարթակի միջոցով յուրաքանչյուր ոք կարող է միանալ դիրիժորի պաշտպանությանն ուղղված ստորագրահավաքին։ Հաղորդվում է, որ կայքը գործում է ազատ եւ չի պարունակում կոմերցիոն բնույթ. ցանկացած ոք կարող է միանալ այս հարթակին՝ ստորագրելով ու հայտնելով իր անհամաձայնությունը Մաեստրոյի կալանավորմանը եւ կիսվելով սոցցանցերի էջերին:
«Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի անվան շուրջ ծավալվող անախորժ տեղեկությունները խոր տարակուսանք են առաջացրել ինչպես ներքին, այնպես էլ միջազգային լսարանի շրջանում՝ հայաստանյան և արտասահմանյան գործընկերների, արվեստի աշխարհի հեղինակավոր գործիչների և Մաեստրո Սերգեյ Սմբատյանի ու Սիմֆոնիկ նվագախմբի երկրպագուների մոտ:
Մենք համոզված ենք, որ դատական գործընթացը կընթանա թյուրիմացությունների պարզաբանման, իսկությունների վերհանման ուղղությամբ, որի արդյունքում Մաեստրո Սմբատյանը հնարավորություն կունենա վերականգնելու իր հայրենանվեր գործունեությունը: Ամենայն հարգանքով օրենքի գերակայության նկատմամբ՝ ցանկանում ենք ընդգծել, որ Մաեստրո Սմբատյանի միջազգային մշակութային ներգրավվածության անխաթարությունը նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Հայաստանի Հանրապետության միջազգային վարկանիշի պահպանման խնդիր է: Նվագախմբի գործունեությունը և այս ընթացքում նախատեսված բոլոր միջազգային հյուրախաղերի և նախագծերի իրագործման խափանումն ու չեղարկումը լուրջ վտանգ է մեր երկրի վարկանիշին միջազգային հանրության շրջանում:
Հաշվի առնելով այս բոլոր հանգամանքները, ինչպես նաև գործի քննությունը բացառապես իրավական ճանապարհով իրականացնելու անհրաժեշտությունը՝ մենք՝ ներքոստորագրյալներս, միջնորդում ենք Սերգեյ Սմբատյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը վերանայել, որպեսզի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հնարավորություն ունենա անցնել իր բնականոն գործունեությանը, հայտարարել 2023թ. սեպտեմբերին մեկնարկող նոր համերգաշրջանի և նվագախմբի գալիք հյուրախաղերի մասին և իհարկե շարունակել հայկական մշակույթը հանրահռչակելու և Հայաստանի անունը ամբողջ աշխարհում բարձր պահելու իր մեծ առաքելությունը», -նշվում է ստորագրահավաքի տեքստում։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: