Միջազգային քրեական դատարանի հիմնադիր դատախազ, Global Practice Hub-ի հիմնադիր, արգենտինացի փաստաբան Լուիս Մորենո Օկամպոն երեկ հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքի փակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում առաջացած ծանրագույն կացության մասին:
Հայտարարության վերնագիրն է՝ «Հայոց ցեղասպանությունը 2023թ»:
Նա գրել է, որ Լեռնային Ղարաբաղում, որը հայտնի է նաև որպես Արցախ, շարունակվում է 120 հազար հայերի ցեղասպանությունը:
Վկայակոչելով Ցեղասպանության մասին միջազգային կոնվենցիայի II հոդվածի «c» կետը՝ Օկամպոն նշում է՝ սննդամթերքի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ պարագաների մատակարարման խոչընդոտումը զանգվածային ֆիզիկական ոչնչացման համար միտումնավոր ստեղծված պայման է և համարվում է ցեղասպանություն:
«Չկան դիակիզարաններ, չկան սրերով հարձակումներ։ Սովն է այդ ցեղասպանության անտեսանելի զենքը: Եթե կացության անհապաղ դրամատիկ փոփոխություն չլինի՝ հայերի այդ խումբը շաբաթների ընթացքում կկոտորվի», — զեկույցում նշել է Միջազգային քրեական դատարանի հիմնադիր դատախազը՝ թվարկելով՝ սովը, որպես մարդկանց ոչնչացնելու միջոց,1915-ին կիրառվել է հայերի, 1939-ին՝ հրեաների և լեհերի, 1941-ին՝ Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) բնակիչների, 1975-76 թվականներին՝ կամբոջացիների և 1993-94 թվականների ձմռանը Սրեբրենիցայի բնակիչների նկատմամբ։
Վերլուծելով Սրեբրենիցայի գործը՝ արդարադատության միջազգային դատարանը վճռել է, որ «սննդից, բժշկական օգնությունից, կացարանից կամ հագուստից զրկելը ցեղասպանություն է»: Ցեղասպանության մասին կոնվենցիայի II հոդվածի «c» կետի իմաստն այն է, որ Ցեղասպանության կոնվենցիայի մասնակից պետությունները պարտավորվում են այն կանխել և պատժել մեղավորներին: Արդարադատության միջազգային դատարանը որոշել է, որ մասնակից պետությունները չպետք է սպասեն մինչև սկսվի Ցեղասպանության իրականացումը: Այդ հոդվածի նշված կետի ամբողջ իմաստն արարքի կատարումը կանխելն է կամ կանխելու փորձ անելը, նշել է փաստաբանը:
«Կան ողջամիտ հիմքեր ենթադրելու, որ Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի հանդեպ 2023 թվականին Ցեղասպանություն է իրականացվում», — գրել է Օկամպոն՝ շեշտելով՝ Արդարադատության միջազգային դատարանը, Հայաստանի պահանջով, արդեն վերլուծել է Լաչինի միջանցքի շրջափակումը։
«Դատարանը շեշտը դրել է ենթադրյալ պետության պատասխանատվության վրա: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միտումնավոր արգելափակել է պարենով և անհրաժեշտ այլ պարագաներով Լեռնային Ղարաբաղի հայերի մատակարարումը: Նա հրապարակավ չի ընդունել Լաչինի միջանցքի երկայնքով երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների, բեռների անարգել տեղաշարժն ապահովելու Միջազգային դատարանի հատուկ հրամանները: Արդարադատության միջազգային դատարանը նրան նախազգուշացրել է, որ Լաչինի միջանցքի փակումը հայերի առողջությանը և կյանքին սպառնացող իրական և անմիջական վտանգ է», — եզրակացությունում գրել է Միջազգային քրեական դատարանի հիմնադիր դատախազը:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն էր հուլիսի 29-ին նամակ հղել Օկամպոյին՝ փորձագիտական կարծիք խնդրելով, թե արդյոք Արցախի խորացող շրջափակումը համապատասխանում է ցեղասպանության հանցագործությանը: Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազն էլ խոստացել էր վերլուծել ու եզրակացություն ներկայացնել, թե արդյոք Արցախում խորացող շրջափակումը համապատասխանում է ցեղասպանության հանցագործությանը։
Օկամպոյի ամբողջական եզրակացությունը՝ այստեղ
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: