Արցախի Կրթության, գիտության, սպորտի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է հետևյալը․

Հարգելի՛ հայրենակիցներ,
Ինչպես գիտեք, յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարությունը առաջին դասարանցիներին տրամադրում էր պայուսակներ՝ առաջին անհրաժեշտության գրենական պարագաներով: Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը փակելու պատճառով հնարավոր չէ այս ուսումնական տարվան ընդառաջ կազմակերպել ավանդական դարձած ծրագիրը:

Հաշվի առնելով նաև խանութներում դպրոցական պայուսակների պակասը՝ ԿԳՄՍ նախարարությունն իրականացնում է պայուսակների հավաքագրման՝ «Լույսի պայուսակ» ակցիան:
Ըստ այդմ.

մայրաքաղաքի ու շրջանների բոլոր դպրոցներում ստեղծվել են պայուսակների հավաքագրման կետեր,
ովքեր տանն ունեն համեմատաբար լավ վիճակում գտնվող լրացուցիչ դպրոցական պայուսակներ, կարող են տանել իրենց բնակության վայրին մոտ գտնվող դպրոց և հանձնել,

լրացուցիչ խնդրանք. ովքեր տանն ունեն առաջին դասարանի այբբենարաններ (բարվոք վիճակում), նույնպես կարող են հանձնել դպրոցների հավաքագրման կետեր:

Ովքեր մինչև սեպտեմբերի մեկը հնարավորություն չեն ունենա ձեռք բերել պայուսակներ, կարող են օգտվել հավաքագրման կետերից։

Սոցիալական բաղադրիչից զատ՝ «Լույսի պայուսակ» ակցիան նաև խորհրդանշական բնույթ ունի՝ պաշարված Արցախում իրար փոխօգնության ձեռք մեկնելու, միասին խնդիրները հաղթահարելու, բարության ու գիտելիքի լույս տարածելու:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest