Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում անազատության մեջ գտնվող անձանց խոշտանգումների մասին բազմաթիվ ահազանգեր է ստանում «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպությունը։

Դրանք մարդուն և հատկապես առողջական խնդիրներ ունեցող մարդուն տանջելու, խոշտանգելու, նվաստացնելու, նրան ժամանակին պատշաճ բուժօգնություն չցուցաբերելու մասին են։ Մեզ ուղղված ահազանգերի հիման վրա հնարավոր է պնդել, որ քրեակատարողական հիմնարկի ծառայողներն այդ քաղաքացիներին ընդունում են որպես հանցագործներ (անկախ նրանից՝ դատարանի վճիռ կա, թե՞ ոչ-հեղ․)՝ չնկատելով, որ նրանք կարող են առողջական բազում խնդիրներ ունենալ։

Օրերս Forrights.am-ը գրել էր 54-ամյա Անդրանիկ Սարգսյանի մասին, որն ունի ողնաշարային տուբերկուլյոզ ու պարբերական ցավերի մեջ է քրեակատարողական հիմնարկում, որի արտաքնոցից օգտվելիս մշտական խնդիրներ է ունենում։

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում խիստ անմարդկային վերաբերմունք ցուցաբերել են նաև 45-ամյա Արմեն Սիմոնյանի նկատմամբ, ինչի հետևանքով քաղաքացին նախ 96 կիլոգրամից դարձել է 36 կգ ու այժմ քաղաքացիական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է։

Սիմոնյանը, որն ունեցել է բազում առողջական խնդիրներ, թմրանյութ օգտագործելու մեղադրանքով կալանավորվել է 2022-ի մայիսին։ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ունեցած առողջական խնդիրները խորացել են, սակայն ՔԿՀ որևէ ներկայացուցիչ չի նկատել կամ չի ցանկացել նկատել դրանք։

Արմեն Սիմոնյանի քույրը՝ Մարգարիտա Վարդանյանն ասում է՝ այնքան են անտարբերության մատնել, որ լյարդի հետ կապված հիվանդությունը (լյարդի ցիռոզը) սրվել է, հերթական սուր նոպայի ու ուշաթափության ժամանակ այլ ելք չի եղել, տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց, բայց առանց որևէ բուժման անմիջապես վերադարձրել են դարձյալ ՔԿՀ։

«Հիվանդանոցում բժշկուհի Հասմիկ Լևոնովնայի ախտորոշմամբ պարզվեց, որ անալիզները չէին համապատասխանում կալանավայրում պահման պայմաններին, պետք էր տեղափոխել հիվանդանոց, որպեսզի հսկողություն լիներ, բուժում նշանակեին։ Բայց անգամ բժշկի ցուցումը հիմք չէր, որ տեղափոխեին, եղբայրս սուր ցավերից ուշաթափվել էր, վատացել, հասկացան, որ ամեն ինչ վատ է, տեղափոխեցին քաղաքացիական հիվանդանոց, բայց շատ շուտ նորից հետ տարան։ Մի քանի անգամ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից փորձել ենք տանել քաղաքացիական հիվանդանոց բուժման, բայց ՊՈԱԿ-ը չէր համաձայնում, ասում էր, որ կալանավորը դատավորի հայեցողության տակ է, կուզի բաց կթողի, կուզի՝ ոչ», -Forrights․am-ին պատմում է կալանավորի քույրը՝ Մարգարիտա Վարդանյանը՝ պնդելով՝ եղբորը քրեակատարողական հիմնարկի պաշտոնյաները խոշտանգել են։

Վարդանյանի մատնանշած ՊՈԱԿ-ը «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ն է։ Այդ հիմնարկի ղեկավարի տեղակալը՝ Նաիրա Բաբայանը, ասում է՝ բժիշկ է, համատեղությամբ լրատվամիջոցների հետ կապերն է համակարգում։ Բժիշկ մամուլի խոսնակը երբեք ըստ կարգի չի պատասխանում լրագրողների հարցերին, գտնում է ամեն պատճառ դրանցից խուսափելու համար, իսկ եթե պատասխանում էլ է ապա դրանք շատ կոպիտ են, սաստող ոճով։

Այս անգամ էլ՝ Արմեն Սիմոնյանի հետ կատարվածի մասին հրաժարվեց խոսել՝ պատճառաբանելով, թե «հեռախոսով որևէ տեղեկություն չենք տրամադրում»։ Առաջարկեցինք գրավոր հարցում անել, սակայն այս անգամ էլ ասաց, որ մարդու առողջական վիճակի մասին տեղեկություններ չեն հայտնում կամ պետք է հայտնեն տվյալ անձի համաձայնությունն ստանալու դեպքում։

Ինչևէ, Մարգարիտա Վարդանյանն ասում է՝ եղբոր վիճակն այնքան վատ է եղել, որ «Արմավիրից» տեղափոխել են Դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկ։ «Այնքան էր վատացել, որ թոքից ջուր էին քաշում, արյունը շատ քիչ էր, ներարկեցին։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ ենք դիմել ու նրանց միջամտությամբ հանձնաժողով է կազմվել։ Արդեն երրորդ ամիսն է, հանձնաժողովը պետք է իր եզրակացությունը տա, որի հիման վրա էլ կորոշեն՝ սահմանե՞լ բաց կալանք, թե՞ ոչ», -ասում է քույրը։

Մինչ հանձնաժողովը կորոշի՝ ինչպես սահմանել Արմեն Սիմոնյանի ճակատագիրը, նա այժմ քաղաքացիական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է։ Քույրն ասում է՝ «վրան հալ չկա, մի թևը թուլացել է, անգիտակից վիճակում է»։

«Մի քանի օր է՝ բժիշկը դատապարտյալների հիվանդանոցից ուզում է նրա հիվանդության մասին թղթերը, չեն տրամադրում, իբր ոչ մի թուղթ չկա։ ՊՈԱԿ-ի Նաիրան պնդում է՝ Արմենը առողջ է, հանկարծակի է ուշաթափվել։ Ու դա ասում է՝ լինելով բժիշկ։ Մինչդեռ քաղաքացիական հիվանդանոցում բժիշկներն ասում են՝ անեմիա է սկսվել նրա մոտ։ Ուներ լյարդի ցիռոզ, թոքերի հետ կապված խնդիր, ու այս հիվանդությունները քրեակատարողական հիմնարկի պայմաններում խորացան։ Որ եղբորս տեսնեք, կվախենաք», -ասում է տիկին Վարդանյանը։

Մեկ այլ խնդիր է այն, որ ուղեկցող գումարտակի հսկողությամբ է Արմեն Սիմոնյանը գտնվում վեակենդանացման բաժանմունքում։ Թույլ չի տրվում քույրերին մոտենալ եղբորը կամ բժիշկների խորհրդով արգանակներ տանել նրան։ Կերակրում են ՔԿՀ-ի ուտելիքներով։

«Բժշկուհին ասում է՝ բլենդերով խփած մսի արգանակ բերեք, որ կերակրենք, նրան հսկող ոստիկաններն ասում են՝ չենք կարող թույլ տալ։ Իսկ բանտի կերակուրը, որ տրամադրում են, բլենդերով խփա՞ծ է։ Թույլ չեն տալիս մտնել հիվանդասենյակ։ Կամ տակդիրը տանելու համար, պետք է տանենք քրեակատարողական հիմնարկ, կնքեն, նոր տանենք հիվանդանոց։ Էդ հիվանդ մարդուն մենք տակդիրով պետք է ինչ-որ բան փոխանցե՞նք։ Սա ցինիկ պահելաձև է, անմարդկային վարքագիծ, խոշտանգում քաղաքացու նկատմամբ։ Քույրերով ուզում ենք մեր եղբորը տեսնել, գուցե վերջին անգամ ենք տեսնում», -նշում է հիվանդի քույրը։

Հասմիկ Համբարձումյան

 

 

 

 

 

Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը:

Pin It on Pinterest