ՄԱԿ-ի փորձագետները կոչ են անում Ադրբեջանին վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումը և դադարեցնել հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին ասված է միջազգային կառույցի հրապարակած հաղորդագրության մեջ։

ՄԱԿ-ի փորձագետների խումբն ահազանգում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման մասին, որը հանգեցրել է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում հումանիտար սարսափելի ճգնաժամի։

«Վերջին յոթ ամիսների ընթացքում Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը խոչընդոտող շրջափակումը բնակչությանը կանգնեցրել է սննդամթերքի, դեղորայքի և հիգիենայի միջոցների սուր պակասի առաջ, ազդել բժշկական և կրթական հաստատությունների գործունեության վրա և վտանգել մարդկանց կյանքը։ Բնակիչները, հատկապես երեխաները, հաշմանդամություն ունեցող անձինք, տարեցները, հղի կանայք և հիվանդները, զգալի վտանգի տակ են»,- նշում են փորձագետները։

Նրանք Ադրբեջանի իշխանություններին կոչ են անում անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով, մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ և անվտանգ տեղաշարժը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրին համապատասխան։

«Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը պահպանել իր միջազգային պարտավորությունները՝ հարգելու և պաշտպանելու մարդու իրավունքները, ներառյալ՝ սննդի, առողջության, կրթության և կյանքի իրավունքը: Մենք նաև ընդգծում ենք համագործակցության և երկխոսության կարևորությունը բոլոր ներգրավված կողմերի միջև՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը խաղաղ և կայուն լուծում գտնելու համար »,- նշում են փորձագետները։

Նրանք ռուս խաղապահներին էլ կոչ են անում պաշտպանել Լաչինի միջանցքը՝ հրադադարի համաձայնագրի պայմաններով։

«Վերացնելով շրջափակումը, իշխանությունները կարող են մեղմել հազարավոր մարդկանց տառապանքը Լեռնային Ղարաբաղում և թույլ տալ մարդասիրական օգնության անարգել մուտքը», — ասում են փորձագետները՝ շեշտելով․ — «Այս կրիտիկական ժամանակաշրջանում կարևոր է ապահովել բոլոր անհատների անվտանգությունը, արժանապատվությունը և բարեկեցությունը»։

Բաքուն արձագանքել է ՄԱԿ-ի հատուկ զեկուցողների հայտարարությանը։ «Մտահոգիչ է, որ 30 տարի Ադրբեջանի տարածքների գրավման, մեկ միլիոն փախստականների և հարկադիր տեղահանվածների մարդու իրավունքների ոտնահարման վրա աչք փակած ՄԱԿ-ի հատուկ զեկուցողներն ու փորձագետները, խաբվելով ու ենթարկվելով Հայաստանի մանիպուլյացիաներին՝ հանդես են գալիս կողմնակալ հայտարարություններով»,- ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրությունում:

Նախարարությունը, մասնավորապես, նշել է, որ «այդ հայտարարություններում օգտագործվել է «Լեռնային Ղարաբաղ» եզրույթը, եղել է միջամտություն Ադրբեջանի ներքին գործերին և թույլ են տրվել երկակի մոտեցումներ»։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest