Ադրբեջանն ուզում է հրաժարվել եռակողմ՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունից և շարունակել պատերազմը, այսօր Արցախի Հանրային ՀԸ տված հարցազրույցում ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Սա արդեն պատերազմ է, պատերազմի շարունակություն պաշարման միջոցով»,-շեշտել է նա. — «Ադրբեջանը շարունակում է իր ճնշումներրը՝ առավելագույնը կորզելու։ Մենք պետք է ֆիքսենք, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայերին ինչ-որ տեղ նաև պատանդի կարգավիճակով պահելու ցանկություն ունի՝ զուգահեռ իրականացնելով ցեղասպանություն և ճնշում գործադրել Հայաստանի իշխանությունների և միջազգային դերակատարների վրա Զանգեզուրի ճանապարհի առավել արտոնյալ տարբերակ ունենալու առումով»։
«Զանգեզուրի միջանցքի» մասին և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի իշխանությունները շարունակաբար հայտարարում են անգամ հայկական կողմի բազմաթիվ մերժումներից հետո։
Իրավիճակն Արցախում վաղուց արդեն անցել է հումանիտար աղետ հասկացողության սահմանն, և այսօր «Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության ականատեսն ենք», «Արցախպրես»-ի հաղորդմամբ` Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է նախագահ Արայիկ Հարությունյանը։
Արայիկ Հարությունյանը հուլիսի 29-ին նամակ է հղել միջազգային իրավունքի առաջատար մասնագետ, Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օքամփոյին՝ փորձագիտական կարծիք խնդրելով, թե արդյոք Արցախի խորացող շրջափակումը համապատասխանում է ցեղասպանության հանցագործությանը:
Հումանիտար աղետի մասին Ստեփանակերտի մեղադրանքներին ի պատասխան Բաքուն առաջարկում է բեռները լիովին շրջափակված Արցախ հասցնել Աղդամի ճանապարհով։
Ո՞րն է այդ առաջարկին դեմ լինելու պատճառը, մեկնաբանելով հարցը՝ Հարությունյանը, ըստ էության, կրկին մերժել է այն, նախ նկատելով, որ այս աղետը հենց Ադրբեջանի իրականացրած քաղաքականության արդյունք է։
«Մենք դրա համար ենք ասում՝ մենք համակենտրոնացման ճամբար ենք, որովհետև այդ ճամբարում այդպես է լինում՝ դարձնում են ճամբար, հետո սկսում են տրամադրել այն, ինչ նպատակահարմար են գտնում ու ինչքան նպատահարմար են գտնում։ Մենք նաև պետք է հաշվի առնենք Լաչինի միջանցքի կարևորված լինելը միջազգային հանրության կողմից։
Ցանկացած առաջարկ, որ ուղղված է մեզ, պետք է առաջին հերթի հարգի մեր արժանապատվությունը, լինի մեր արժանապատվության շրջանակներում և լինի մարդասիրական միջազգային նորմերի համապատասխան», — ասել է նա՝ հավելելով, որ ցանկացած կարևոր կենսական նշանակություն ունեցող որոշման համար պետք է լինի կոնսենսուս՝ արտահայտող ժողովրդի տրամադրությունները։
Նա համաձայնել է դիտարկման հետ, որ կարծես թե լուռ համաձայնություն կամ որոշում կա, որն ուզում են բոլորը պարտադրել Ստեփանակերտին. — «Կարծես, կա լուռ համաձայնություն, որ Ադրբեջանի հետ մեզ թողնեն մեն-մենակ, և Ադրբեջանն օգտագործի ճնշման մեթոդը… սա արդեն ճնշում չէ, մենք գտնվում ենք այն կարգավիճակում, որ ցեղասպանության եզրին ենք։ Դա երկխոսություն անվանել չի կարելի, ընդամենը մեզ դրդում են ընդունել Ադրբեջանի պահանջները, որ միանշանակ մեզ համար անընդունելի են»։
Արցախը շարունակելու է իր պայքարը, հավաստիացրել է նա։ Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ կոնկրետ առաջարկներով դիմելու է միջազգային դերակատարներին մոտ օրերս. — «Ցանկացած երկխոսություն, հանդիպում պետք է առաջին հերթին իրավահավասարության, արժանապատվության և իրավունքների շրջանակներում լինի։ Այդ երեք սկզբունքները խախտված են, դրա համար ցանկացած հանդիպում չի կարող լինել երկխոսություն: Մենք շարունակելու ենք մեր պայքարը, պնդելով միջազգային հանրությանը՝ հարգելու մեր իրավունքները և այդ առումով դեռ կա լուրջ գործիքակազմ»։
Արցախի ղեկավարը հաստատել է լուրերը, որ Արևմուտքի միջնորդությամբ Ստեփանակերտ-Բաքու ևս մեկ հանդիպում է ձախողվել, որը պետք է տեղի ունենար օգոստոսի 1-ին Բրատիսլավայում։ Ադրբեջանը հրաժարվել է այդ հանդիպումից, պնդել է Հարությունյանը։
Արդյոք կարելի՞ է բանակցություններ կամ երկխոսություն անվանել նախկինում ռուս խաղաղապահների միջնորդությամբ Բաքվի ներկայացուցիչների հետ հանդիպումը. ըստ նախագահ Հարությունյանի՝ ադրբեջանական կողմի հետ եղել է երկխոսությունը, երբ հարգվել է իրենց արժանապատվությունը։ Միաժամանակ, ընդգծեց, որ այդ հանդիպումներին էլ սոցիալական և ենթակառուցվածքային բնույթ են կրել։
«Կար երկխոսություն, արդյունք էլ կար, բայց սկսած դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փոխել է իր վարքագիծը՝ ուղղակի երկխոսությունը և հարգանքի մթնոլորտում զրույցները տեղափոխել է ճնշման, այսօր արդեն նաև ցեղասպանության եզրին կանգնած իրավիճակ: Դրա համար նախկինը չի կարելի համեմատել այսօրվա հետ», — պարզաբանել է նա։
Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը, կարծես, վերահսկելի է, հայտնել է Հարությունյանը՝ նշելով, որ տեղեկությունները փորձում են ստանալ ռուս խաղաղապահներից, Կարմիր խաչից, ում միջնորդությամբ ու ուղեկցությամբ Արցախի 68-ամյա քաղաքացին տեղափոխվում էր Հայաստան բուժվելու նպատակով։ Ադրբեջանը նրան մի շարք հանցանքներ է վերագրել։
«Մի մարդ, որը որևէ կապ չունի ռազմական գործողությունների հետ, առևանգվում և ներկայացվում է որպես ցեղասպանություն իրականացնող անձ, ապա պարզ է, որ Ադրբեջանի քաղաքականությունը հետագայում այդպիսին է լինելու, ու Արցախի ցանկացած քաղաքացու կյանք վտանգված է: Եթե նրանք կարողանում են մեղադրանք առաջադրել Վագիֆ Խաչատրյանին, ապա Արցախի ցանկացած քաղաքացու այդ նույն մեղադրանքը կարող են առաջադրել»,-ասել է նա՝ շարունակելով. — «Վագիֆ Խաչատրյանի ճակատագիրը մեզ համար շատ կարևոր է, և հետագա մեր բոլոր շփումներում, մեր քայլերում մենք հիմք ենք ընդունելու, այսինքն՝ Ադրբեջանի պահվածքը նրա նկատմամբ հենց այն ցուցիչն է լինելու, թե ինչպես են փորձում հետագայում վարվել մնացածի նկատմամբ»։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: