Ընդամենը 5 տարի պահանջվեց ՔՊ-ին գրեթե նույնությամբ կրկնելու Հանրապետականի բոլոր «այիբները»: Դիցուք, Երևանի ավագանու ընտրությունների համար կազմակերպված դրամահավաքը: 987 հոգի կուսակցությանը փող է նվիրել, արդյունքում հավաքել են ավելի քան 506 միլիոն դրամ: Այսինքն, միջին հաշվով ամեն մարդ մոտ 520 հազար դրամ է փոխանցել:
Հասկացաք, չէ՞: Հայաստանում այդքան գումար տարին մեկ անգամ նույնիսկ քաղցկեղով հիվանդի համար չես կարող հավաքել: Իսկ ՔՊ-ում հավաքված են համարյա միլիոնատերեր: Իհարկե, ՔՊ-ում համոզված են, որ 987 հոգու խելքը գնում է իրենց համար: Եվ փող է տալիս, որ անամպ քարոզչություն անեն հանուն Տիգրան Ավինյանի հաղթանակի: Բայց որ խորանանք, կհասկանանք, թե որտեղից այդքան փող:
Դիցուք, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Մակունցի եղբայրն ավազի արդյունահանման բիզնես է սկսել: 2018-ից առաջ որտեղի՞ց Մակունցի եղբայրն այդքան փող գտներ Հայաստանում ամենափողաբեր բիզնեսներից մեկով զբաղվելու համար: Երևի միայն Սերժ Սարգսյանի սեյֆից: Ավելի անշառ մեկ օրինակ: «Հետքը» գրում է, որ «Գյուլագարակի ՔՊ-ական համայնքապետը տիրացել է համայնքային հողերին»: Իհարկե, կտիրանա: խանգարող ի՞նչ ունի: Մեկ նվիրատվությունը հերիք է, որ տիրանա նաև հարևան գյուղերի հողերին:
Պարզ է, չէ՞, Սերժ Սարգսյանի ժամանակ հարստանում էին հանրապետականները, Նիկոլ Փաշինյանի ժամանակ հարստանում են ՔՊ-ականները: Ինչո՞ւ: Որովհետև անխտիր բոլորը գիտեն՝ իշխանություն ունենալը գին ունի: Տալիս ես, թույլատրում ենք: Կգա ժամանակը, քեզ քո տեղը ցույց կտանք, եթե հանկարծ մեր գործերը լավ չեղան:
Դուք տեսե՞լ եք, թե ինչ գումարներ են հայտարարագրել մարզպետները: Կոտայքի մարզպետն ընդհանրապես Սերժ Սարգսյանի կադրն է, նա գիտի հարստանալու ձևերը: Տավուշի մարզպետը կանխիկ ունի 13 միլիոն դրամ և 15 հազար դոլար: Եթե անկեղծ, փող չէ: Այս մեկը Սերժ Սարգսյանի իշխանությունից սովորելու բան ունի, ի վերջո ուսման դռները միշտ բաց են: Իսկ ահա Արմավիրի, Տավուշի և Սյունիքի մարզպետները միասին ունեն մոտ 71 միլիոն դրամ: Հասկանո՞ւմ եք, հենց նրանք կարող են ունենալ:
Իսկ ո՞ւմ աշխատավարձերն է տարին երկու անգամ բարձրանում: Ճիշտ է, նրանց ու նրանց կից մարդկանց: Եվ այստեղ ՔՊ-ն գիտի՝ հեծանիվ հորինելու կարիք չկա, ամեն ինչ պետք է անել ըստ Սերժ Սարգսյանի, որի կոստյումը հենց հիմա Նիկոլ Փաշինյանի հագին է: Բայց ինչո՞ւ է այսպես: Պատասխանը ծիծաղելի է: Որովհետև Հայաստանը բիզնես զարգացնելու ոչ մի գործիք չունի: Թալանում են միայն այն երկրներում, որտեղ բիզնես զարգացնելու գործիքներ չկան:
Ո՞վ է գողություն անողը, նա մի մարդ է, որը չգիտի, թե ինչպես ապրի առանց գողանալու: Բացառված չէ, որ մինչև Մակունցի իշխանության գալը, նրա եղբայրը «ավազ» բառից գաղափար չի ունեցել: Ավելի բարձրաստիճանների, ասենք, Սուրեն Պապիկյանի կամ Ալեն Սիմոնյանի մասին լռում ենք: Նրանք մեզ դեռ կհիացնեն իրենց ձեռքբերումներով: ՔՊ-ում տեսնում են, որ Հայաստանը ապոկալիպսիսի շեմին է, հասկանում են, որ վաղը կարող է այս հնարավորությունն էլ չլինի: Ի՞նչ անել:
Ես գողանալու ոչ մի ձև չգիտեմ: Հետևաբար չեմ ասի, որ նրանք գողանում են: Ես կասեմ, որ նրանք բյուջեին ամենամոտ մարդիկ են, ավելին կասեմ, բյուջեն սազում է նրանց, հետևաբար, ինքնաբերաբար հոսում է նրանց ձեռքը: Դա սողանք չէ, դա կանգնեցնելը ոչ մի կոռումպացված չի հասկանա: Ուստի ՔՊ-ի առաջիկա բոլոր դրամահավաքներն ապահով ձեռքերում են:
Մհեր Արշակյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: