Պաշտպանության պատասխանատվության համաշխարհային կենտրոնն (Global Centre For The Responsiblity To Protect) անդրադարձել է Բաքվի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին։
Կենտրոնը ԼՂՀ-ում ստեղծված իրավիճակին անդրադարձել է իր ամենշաբաթյա «Վայրագությունների ահազանգ» հրապարակման մեջ, որով արձանագրվում են իրավիճակներ, երբ որևէ վայրում բնակչությունը վտանգի տակ է կամ ենթարկվում է զանգվածային վայրագությունների։
«Շրջափակումը Լեռնային Ղարաբաղում ապրող շուրջ 120 հազար հայերի, այդ թվում՝ 30 հազար երեխաների, զրկել է կենսական նշանակության այնպիսի ռեսուրսներից, ինչպիսիք են սնունդը, դեղորայքը, էլեկտրականությունը, վառելիքը։ Հուլիսի 28-ին Հայաստանի կառավարությունն Ադրբեջանին մեղադրեց շուրջ 400 տոննա հումանիտար օգնությունը Լեռնային Ղարաբաղ հասցնելուց հրաժարվելու մեջ։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հուլիսի 25-ին տարածած հայտարարությամբ հաղորդեց, որ, չնայած համառ ջանքերին, ԿԽՄԿ-ին վերջին անգամ շաբաթներ առաջ է թույլատրվել դեղորայք և անհրաժեշտ սնունդ հասցնել։ Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ դադարեցնեն Լաչինի միջանցքի արգելափակումը և ապահովեն մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով, ինչպես նաև երաշխավորեն հումանիտար հասանելիությունը՝ միջազգային իրավունքի և Արդարադատության միջազգային դատարանի որոշման համապատասխան։ Պետությունները պետք է երկխոսություն վարեն բոլոր կողմերի հետ, ինչպես նաև աջակցեն տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու համար անկախ փաստահավաք առաքելություն ուղարկելու վերաբերյալ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կոչին»,- ասված է հրապարակման մեջ։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: