Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանին ժամանակ է տվել մինչև օգոստոսի 8-ը Վագիֆ Խաչատրյանի մասին տեղեկություններ տրամադրելու համար։ «Ադրբեջանը պարտավոր է դատարանին տրամադրել տվյալներ տվյալ անձի գտնվելու վայրի, պահման պայմանների, առողջական վիճակի, ստացված բժշկական օգնության և հավանական վերադարձի մասին»,- ասել է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ շաբաթ օրը՝ հուլիսի 28-ին, Արցախում բնակվող Հայաստանի 68-ամյա քաղաքացի Վագիֆ Խաչատրյանին Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը առևանգել էր, երբ նրան ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ Արցախից Լաչինի միջանցքով տեղափոխում էին Հայաստանի բժշկական կենտրոն։
Միջադեպը մեծ հնչեղություն է առաջացրել։ Ադրբեջանն անմիջապես մեղադրեց Խաչատրյանին «Մեշալիի իրադարձություններին» իբր մասնակցության մեջ, հրապարակեց լուսանկարներ, «ռազմական հանցագործություններին» Խաչատրյանի մասնակցության մասին լեգենդներ։ ԿԽՄԿ-ն հայտնել է, որ Խաչատրյանին այցելել են Բաքվի բուժհաստատություններից մեկում, սակայն Խաչատրյանը, իբր, հրաժարվել է կապ հաստատել հարազատների հետ։ Ադրբեջանական ոցցանցերում գրում են, որ նա ազգությամբ քուրդ է եւ քիչ է մնում մեղադրեն Քեննեդիի սպանության մեջ։
Խաչատրյանի դուստրը պնդում է, որ հրապարակված լուսանկարներում իր հայրը չէ, և նա, ըստ Բաքվի, երբեք Սամվել Բաբայանի վարորդը չի եղել։ Ադրբեջանի մնացած պնդումներն ակնհայտորեն նույնքան «արժանահավատ» են։
Արցախում ասում են, որ Ադրբեջանը նույն պատրվակով կարող է ձերբակալել և մեղադրել Արցախում ցանկացած անձի, այդ թվում՝ կանանց և երեխաների՝ որպես «ահաբեկիչների ընտանիքներ»։ Թեև Հայաստանի օմբուդսմենը օրեր առաջ հայտարարեց, որ ոչ Խաչատրյանը, ոչ էլ այլ անձինք նման մեղադրանքով Ադրբեջանի կողմից հետախուզման մեջ չեն եղել։
ՄԻԵԴ-ի որոշումը նախադեպային արժեք կունենա իրադարձությունների հետագա զարգացման համար։ Եթե Հայաստանին չհաջողվի հասնել Խաչատրյանի վերադարձին և Բաքվի գործողությունների դատապարտմանը, ապա գործի կդրվեն այն ցուցակները, որոնք արդեն շրջանառվում են համացանցում։ Խոսքը, մասնավորապես, մոտ 300 հոգանոց ցուցակի մասին է, որում ընդգրկված են Հայաստանի ու Արցախի գրեթե ողջ ռազմաքաղաքական ղեկավարությունը եւ քիչ թե շատ հայտնի մարդիկ։ Իբր այդ մարդիկ հետախուզման մեջ են Ադրբեջանում, եւ նրանց ցանկացած պահի կարող են ձերբակալել։
Արցախցի վերլուծաբանները իրավիճակը համեմատում են 1988-90 թվականների հետ, երբ «անձնագրային ռեժիմի» պատրվակով ադրբեջանական ՕՄՕՆ-ը խորհրդային զորքերի ուղեկցությամբ «խուզարկություններ» ու ձերբակալություններ էր իրականացնում ազգային-ազատագրական շարժմանը մասնակցած մարդկանց։ Այնուհետև իրականացվեց տասնյակ հազարավոր հայերի մշտական բնակության վայրերից արտաքսելու եւ սպանելու «Կոլցո» օպերացիան։ Խաչատրյանի ձերբակալությունը, ինչպես նշվում է Արցախի օմբուդսմենի զեկույցում, եւս տեղի է ունեցել Հաքարի կամրջի ապօրինի անցակետում՝ ռուսական խաղաղապահ զորքերի գտնվելու վայրից մի քանի մետր հեռավորության վրա։
«Մեշալիի դեպքերի առնչությամբ կալանավորված Վագիֆ Խաչատրյանին քրեական պատասխանատվության ենթարկելը համապատասխանում է միջազգային և ազգային իրավունքի նորմերին», -հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազությունը։
Ձերբակալությունը ոչ մի կապ չունի ռազմական հանցագործությունների միջազգային իրավունքի հետ։ Հիշեցնենք, որ նման գործերը գտնվում են բացառապես Հաագայի Միջազգային դատարանի իրավասության ներքո, սակայն ոչ Հայաստանը, ոչ էլ Ադրբեջանը չեն միացել Հռոմի ստատուտին, որը կարգավորում է ՄՔԴ-ի գործունեությունը:
Բաքուն ոչ մի իրավական դրդապատճառ չի ունեցել և չունի, կան զուտ քաղաքական դրդապատճառներ՝ Արցախը բռնի ուժով ենթարկել Ադրբեջանին և կոտրել արցախցիների կամքը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ղեկավար Ալիևը մայիսի 28-ին նշել էր, որ Ղարաբաղի ներկայացուցիչները կարող են «համաներում» ստանալ միայն այն դեպքում, եթե նրանք կամովին հրաժարվեն իրենց բոլոր պաշտոններից, ցրեն խորհրդարանը և դիմեն Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար։ Նա նաև հայտարարեց, որ Բաքուն փակել է Ղարաբաղի անկախության և կարգավիճակի հարցը։
«Եթե ես ասեմ, որ կարելի է համաներում կիրառել, թող այս հնարավորությունը բաց չթողնեն։ Նրանք բազմաթիվ հնարավորություններ բաց թողեցին, և ամեն անգամ, ինչպես ասում են, մենք ստիպված էինք հարվածել նրանց գլխին, որպեսզի խելքի բերենք»,- ասել է Ալիևը։
Հատկանշական է, որ ԱՄՆ պետքարտուղար Բլինկենը «երախտագիտություն է հայտնել վարչապետ Փաշինյանին խաղաղությանն ուղղված իր հավատարմության համար և ողջունել նախագահ Ալիևի հայտարարությունները համաներում հայտարարելու մասին»։
Փաստորեն, Խաչատրյանի կալանավորումը Ալիևի ուժային գործողությունն է՝ ի պատասխան այն բանի, որ Արցախը չի համաձայնել «ցրել խորհրդարանը», հրաժարվել պետականությունից և կարգավիճակից։ Քաղաքական հարցերի ուժով լուծելը եւս գտնվում է Միջազգային քրեական դատարանի իրավասության ներքո։ Արցախի նախագահն արդեն խորհրդակցություններ է անցկացնում այս ուղղությամբ։
Նաիրա Հայրումյան