Արցախի Ասկերանի շրջանի բնակիչ Ռաշիդ Բեգլարյանը բռնության գործադրմամբ գաղտնի առևանգվել է ադրբեջանցի զինծառայողների կողմից Հայաստան գնալու ճանապարհին։ Այդ մասին տեղեկացնում է Արցախի դատախազությունը։
Հաղորդագրության մեջ նշվում է․
«2023 թվականի օգոստոսի 01-ին, ժամը 17-ի սահմաններում, ԱՀ Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղի բնակիչ Ռաշիդ Արամայիսի Բեգլարյանը Շուշիի շրջանի Հին Շեն գյուղից ոտքով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև կապն ապահովող Լաչինի միջանցքի Հակարիի կամրջին Ադրբեջանի Հանրապետության կողմից 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի պահանջների խախտմամբ տեղադրված հսկիչ- անձնագրային կետը շրջանցելով՝ ՀՀ գնալու ճանապարհին, Ադրբեջանի Հանրապետության անհայտ զինծառայողների կողմից ըստ ազգային պատկանելության, Ռ. Բեգլարյանի կամքին հակառակ, բռնության գործադրմամբ գաղտնի առևանգվել է, ինչին հետևել է վերջինիս անհետանալը»։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործության հատկանիշներով: Գործի մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունը և դատավարական ղեկավարումն իրականացնում է Շուշիի և Քաշաթաղի շրջանների դատախազությունը:
Հիշեցնենք՝ Հայաստանի կառավարությունն արդեն դիմում է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որ վերջինս Ադրբեջանից տվյալներ պահանջի Ռաշիդ Բեգլարյանի պահման պայմանների, առողջական վիճակի մասին։ Բաքուն մինչև այժմ հայտնել է միայն այն, որ «քաղաքացին խախտել է» ադրբեջանա-հայկական սահմանն ու բերման ենթարկվել։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: