ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրենկ Փալոնը հրապարակավ մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ, գրում է Ամերիկայի ձայնը։

«Հուլիսի 29-ին ադրբեջանական զինուժը ձերբակալել է արցախցի մի քաղաքացու, ով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից տեղափոխվում էր Հայաստան` բուժման նպատակով։ Նրանք` [ադրբեջանական կողմը] անհիմն պնդում են, թե նա պատերազմական հանցագործ է եղել 1991-ի Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմի ժամանակ՝ այսպիսով, վտանգավոր նախադեպ ստեղծելով մյուս բոլոր հայերի համար, ովքեր մասնակցել են երկու պատերազմներին: Մարդու իրավունքների այս խախտումը տեղի է ունենում օգոստոսի 1-ին Սլովակիայի [մայրաքաղաք] Բրատիսլավայում կայանալիք Արցախի (Լեռնային Ղարաբաղ – խմբ.) ղեկավարության հետ ծրագրված բանակցություններից Ալիևի ռեժիմի դուրս գալուց մի քանի օր անց»,- մասնավորապես, հայտարարել է Փալոնը։

Ըստ հայկական հանձնախմբի համանախագահի, Ալիևի գործողությունները շարունակում են վկայել, որ նա շահագրգռված չէ փարատելու Լեռնային Ղարաբաղում հայերի անվտանգության և ապահովության հետ կապված մտահոգությունները, որոնք անհրաժեշտ պայման են տևական խաղաղ կարգավորման համար: «Փոխարենը, նա շարունակում է սաբոտաժի ենթարկել բանակցությունները և կիրառում է ճնշման մարտավարություն՝ հույս ունենալով սովամահ անել մարդկանց իրենց պատմական հայրենիքում կամ ստիպել նրանց ենթարկվել իր դաժան իշխանությանը»,- ընդգծել է Փալոնը:

Նրա խոսքով, Ադրբեջանը շարունակում է արգելափակել Լաչինի միջանցքը՝ թույլ չտալով, որ Լեռնային Ղարաբաղի հայերը ստանան պարեն, բժշկական պարագաներ և էներգակիրներ։ «Սա միջազգային իրավունքի խախտում է, և Ալիևի վարչակարգի կողմից [իրականացվող] էթնիկ զտումների ակնհայտ արշավ։ Միջազգային հանրությունը, ներառյալ` Միացյալ Նահանգները և ՄԱԿ-ը, կարող են և պետք է հստակ քայլեր ձեռնարկեն՝ կանխելու այս հումանիտար ճգնաժամի հետագա խորացումը։ Կոչ եմ անում պետքարտուղարությանը օգտագործել առկա դիվանագիտական բոլոր գործիքները, ներառյալ` պատժամիջոցները, այս շրջափակմանը վերջ դնելու համար»,- եզրափակել է կոնգրեսականը:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest