Այսօր կառավարության շենքի դիմաց, որտեղ ընթանում էր գործադիրի նիստը, մի խումբ արցախցիներ պահանջում էին հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

«Մենք կուզենանք վերջապես հանդիպել Հայաստանի վարչապետի հետ երեք տարվա ընթացքում մի՞թե մենք՝ Արցախի 30 հազար փախստականների ներկայացուցիչներս, էդքան արժանի չենք, որ վարչապետը մի անգամ մեզ ընդունի, լսի ու հասկանա՝ ինչի համար ենք մենք բողոքում», -հայտարարել է «Վերադարձ դեպի Դիզակ» հասարակական կազմակերպության նախագահ Մարգարիտա Քարամյանը։

Անդրադառնալով երեկ Ադրբեջանի կողմից Արցախի բնակչի առևանգմանը, Քարամյանն ասել է, որ այս շղթան անվերջ է տևելու։ «Վարչապետը ամեն օր խախտում է հայկական Սահմանադրությունը, անհեթեթ հայտարարություններ է անում, ինչը ավելի է խորացնում այս ճգնաժամը ու ավելի է լկտիացնում ռուսներին ու ադրբեջանցիներին։ Մենք վարչապետին զգուշացնում ենք, որ եթե ինքը միջոցներ չձեռնարկի վերականգնել արցախահայության անվտանգության իր գործառույթը, ուրեմն մենք ստիպված ենք լինելու ի լուր աշխարհի հայտարարել, որ Հայաստանի իշխանությունը ուզուրպացված է, Հայաստանի կառավարությունն ու իշխանությունները ծառայում են այլ երկրի և հետապնդում են ոչ թե հայ ժողովրդի, այլ օտար երկրների շահերը», -նշել է ակցիայի մասնակիցը։

Պահեստազորի գնդապետ Աշոտ Սարգսյանը, որը նույնպես կառավարության դիմաց էր, ասաց իրեն այստեղ բերել է Լաչինի միջանցքի փակ լինելու վերաբերյալ մտահոգությունները։ «Արցախից եմ, այնտեղ ունեմ բարեկամներ, հարազատներ։ Այնտեղ սով է, կան լուրջ պրոբլեմներ։ Հասարակությունը պետք է միավորվի ու պահանջներ ներկայացնի ոչ միայն կառավարությանը, ՄԱԿ-ի գրասենյակին, ՌԴ-ին, այլ բոլորին միաժամանակ, նաև՝ ՄԽ համանախագահ երկրներին։ Պահանջը պետք է լինի հստակ՝ ճանապարհը պետք է բացվի, կամ տալիս են ավելորդ մանդատ ՌԴ խաղաղապահ ուժերին, կամ մտցնել հավելյալ խաղաղապահ ուժեր՝ ՄԱԿ-ի հովանու ներքո», -նշել է պահեստազորի գնդապետը։

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest