Forrights.am-ի հարցազրույցը «Վերադարձ դեպի Դիզակ» հասարակական կազմակերպության նախագահ Մարգարիտա Քարամյանի հետ
-Տիկին Քարամյան, մի քանի օր է՝ կառավարության, դեսպանատների, միջազգային կառույցների շենքերի դիմաց ակցիաների եք մասնակցում։ Ի՞նչ եք կարծում ձեր պահանջները լսելի՞ են կառավարությանը, միջազգային կառույցներին։
Չեմ կարող ասել, թե ինչքանով են լսելի, բայց որ լսելի են, դա անկասկած։ Ստեղծված իրավիճակում ցանկացած ակցիա տալու է իր արդյունքները, որևհետև նման իրավիճակում, երբ շատերը չեն հասկանում, ինչ է կատարվում, իչպես գտնել լոծումներ, անհրաժեշտ են կտրուկ, երբեմն, անիմաստ ու ոչ արդյունավետ թվացող քայլեր։ Մեր փոքրաթիվ ակցիաները շատերը լուրջ չեն ընկալվում, սակայն այդ ակցիաներով ու նամակներով մենք կոնկրետ խնդիրներ ենք դնում թե կառավարության, թե դեսպանատների և միջազգային կառույցների առջև։
Բացի այդ, մեր պահանջները բխում են Ադրբեջանի օրեցօր աճող լկտիությունից, և այդ երկիրը իր հանցագործություններով ապացուցում է մեր պահանջների հրատապությունն ու կարևորությունը։ Մենք վերջապես սկսել ենք խոսել միջազգային հանրության հետ այն լեզվով, որը նա հասկանում է։
Մնում է, որ այդ լեզվով սկսեն խոսել Հայաստանի Հանրապետության իշխանությունները, որոնք, ըստ Սահմանադրության, Արցախի բնակչության անվտանգության երաշխավորն են, բայց չգիտես ինչու, մոռացել են կամ հրաժարվել են իրենց պարտականություններից և սպասարկում են այլ երկրի, նույնիսկ թշնամի երկրի շահերը։
-Վարչապետը Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս, Արցախից հնչում են դժգոհություններ։ Ի՞նչ այլ տարբերակ ուներ նա։
-Վարչապետը պետք է գործեր ու գործի ՀՀ Սահմանադրությամբ իրեն վերապահված գործառույթների և պարտականությունների շրջանակներում։ Այդ ժամանակ Հայաստանի առջև չէին ծառանա այն խնդիրները, որոնք արդեն վտանգի տակ են դնում ոչ միայն Արցախը, այլ նաև Հայաստանը ու ընդհաանրապես, հայկական պետականությունը։
Ցավոք, մեր երկրի բոլոր ղեկավարները անխտիր երկիրը նայում էին որպես «հայրական տան», որտեղ օրենքները գրված են, բայց չեն գործում, երկրի ղեկավարները երդվում են Սահմանադրության վրա, բայց չեն հարգում այդ Սահմանադրությունը։ Այստեղից էլ բոլոր հանցավոր սխալները, այդ թվում նաև Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի մաս ճանաչելը։ Արցախից հնչող դժգոհություններն, իհարկե, տեղին են, բայց Արցախի բոլոր ժամանակների իշխանուոյւնները նույնպես գործել են օրենքից դուրս։ Եվ այս ամենն է բերել մեզ այսօրվա աղետալի վիճակին։
-Ի դեպ, օրեր առաջ վարչապետը թերահավատություն էր հայտնում պատերազմում արցախցիների մասնակցության վերաբերյալ՝ ուղիղ նշելով, թե Արցախից դասալիքներ են եղել, պատերազմի օրերին դեպի Հայաստան ճանապարհին խցանումներ էին։ Խնդրում եմ ասեք՝ ունե՞ք տվյալներ արցախցիների մասնակցության մասին և որքա՞ն արցախցի է հուղարկավորվել Եռաբլուրում։
Թույլ տվեք չպատասխանել այդ հարցին, որովհետև դա այնքան անհեթեթ է, որ նույնիսկ չեմ էլ ուզում անդրադառնալ դրան։ Ես Հադրութից դուրս եմ եկել հոկտեմբերի 8-ին, իսկ երկու օր հետո այնտեղ սպանդ է տեղի ունեցել և դաժանաբար սպանվել են երկու տասնյակից ավելի խաղաղ բնակիչներ։
Կասեմ միայն, որ Եռաբլուրում հուղարկավորված են Արցախի 986 բնակիչներ, որոնցից 243-ը՝ Հադրութի շրջանից, ու դա այն դեպքում, որ մեր շրջանի բնակչության թիվը կազմում էր 13 հազար մարդ։ Ընդ որում՝ դա միայն Եռաբլուրում հուղարկավորվածներն են, որոնց բնակավայրերը օկուպացված են։ Իսկ քանի՞ հերոս է հուղարկավորված Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանատանը, կամ Հայաստանի Հանրապետության այլ վայրերում։
Ըստ Փաշինյանի, մենք իրավունք չունեի՞նք մեր երեխաներին, երիտասարդ կանանց դուրս բերել անօդաչուների տակից։ Էլ չասեմ, որ երկիր ղեկավարող մարդը, մանավանդ տղամարդը, չպետք է այդքան փոքրոգի լինի, եթե նույնիսկ եղել են դասալքության դեպքեր։ Դա ընդամենը փորձ է քողարկել սեփական անհաջող ղեկավարումը։
-Արցախի ԱԳՆ-ն երեկ տարածել էր հայտարարություն, որ պատրաստ է բանակցել միջազգային երաշխիքների ներքո, ի՞նչ եք մտածում այդ մասին, ինչի՞ շուրջ պետք է լինի բանակցությունների թեման։
Չեմ կարծում, որ Ադրբեջանը պատրաստ է բանակցել Արցախի ղեկավարության կամ ժողովրդի քվեն ստացած որևէ պաշտոնյայի հետ։ Նրանց պատկերացմամբ, իրենք հաղթող կողմ են, և բանակցությունները իրենց տեսակետից՝ դա միայն պարտադրանքների և հնազանդվելու սպառնալիքների շարան է։
Սակայն կան որոշումներ, որոնք 90-ականներին ընդունվել են միջազգային օրենքներին և իրավունքին համապատասխան, և դրանք չեն կարող անտեսվել, ինչքան էլ+ Ադրբեջանը ուժեղ գոռա։ Միջազգային իրավունքում կա մի շատ կարևոր դրույթ, որը ժողովուրդների ինքնորոշման իրավունքն է, ինչը մեզ հնարավորություն է տվել 1991 թվականին անջատվել Ադրբեջանից և ստեղծել սեփական պետություն։
Այսօր Ադրբեջանն անում է ամեն ինչ, որպեսզի ոչնչացնի մեր պետական կառույցներն ու բանակը։ Հենց այդ նպատակով էլ պատանդառել է 120 հազար մարդու, որ պարտադրի իր քմահաճույքները։
Կարծում եմ՝ արցախյան կողմը լավ է գիտակցում, թե ինչ են ուզում մեզ պարտադրել և ամեն ինչ կանի, որ բանակցությունների առանցքում լինի մեր ինքնորոշման իրավունքը։
-Իսկ եթե այնուամենայնիվ, խոսում են Ադրբեջանի կազմում Արցախի անվտանգության և Ադրբեջանի կազմում համատեղ ապրելու ճանապարհների մասի՞ն։
-Ադրբեջանի կազմում մենք ապրել ենք 70 տարի։ Արդյունքն այսօր հայտնի է բոլորին․ այսօր Ադրբեջանում չի ապրում ոչ մի հայ։ Ապրել Ադրբեջանի կազմում՝ նշանակում է մահ կամ էթնիկ զտում։ Թե ինչպես է Ադրբեջանը պատրաստվում ապահովել հայերի անվտանգությունն ու իրավունքները, ամբողջ աշխարհն է տեսնում այս օրերին։
Այդ ահաբեկչական պլացդարմը ունակ է նույնիսկ Կարմիր Խաչի մեքենայից մարդ առևանգել։ Այսօր էլ նորից արևանգել են Հին Շեն գյուղի բնակչի և հայտարարում են, որ իբր տղամարդը հատել է Ադրբեջանի պետական սահմանը։ Եթե Ադրբեջանը Արցախն համարում է իր տարածքը, ապա ի՞նչ պետական սահմանի հատման մասին է խոսքը։
Այդ երկիրը այնքան ստեր է հորինել ու շարունակում է հորինել, որ ինքն էլ է խճճվել իր ստերի սարդոստայնում։
Ոչ մի հայ չի ապրի Ադրբեջանի կազմում, և միայն Ադրբեջանից անկախ Արցախի կարգավիճակն ու Հայաստանին կապող անվտանգ, հայկական զինուժի կողմից վերահսկվող միջանցքը կարող է ապահովել մեր հարազատների կյանքը ադրբեջանցիների հարևանությամբ։
Հասմիկ Համբարձումյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: