ՀԱՊԿ-ը պատրաստ է վերսկսել աշխատանքը Հայաստանի սահմանամերձ շրջաններում դիտորդական առաքելություն տեղակայելու առաջարկի վերաբերյալ, ռուսական «Ռիա Նովոստի» պետական լրատվական գործակալությանը հայտնել է Ռուսաստանի արտգործնախարարության ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը՝ վստահություն հայտնելով, թե «նման որոշումը կարող է դրական ազդեցություն ունենալ տարածաշրջանային իրավիճակի վրա»։

«Մենք շարունակում ենք դրական արձագանք ակնկալել Երևանից և պատրաստ ենք վերսկսել բովանդակային աշխատանքը Հայաստանի սահմանամերձ շրջաններում՝ ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տեղակայելու առաջարկի, ինչպես նաև մեր դաշնակցին օգնելու այլ համատեղ միջոցառումների շուրջ։ Համոզված ենք, որ համապատասխան որոշումների ընդունումը դրական ազդեցություն կունենա ընդհանուր տարածաշրջանային իրավիճակի վրա։ Եվս մեկ անգամ շեշտեմ՝ մենք պատրաստ ենք նման կառուցողական աշխատանքի», — ասել է պաշտոնյան։

Հայաստանը բազմիցս է հայտարարել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից իր դժգոհությունների մասին․ Երևանը ՀԱՊԿ-ից պահանջել էր դատապարտել 2022-ի սեպտեմբերին Ադրբեջանի ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք։ Այս պահանջը ՀԱՊԿ-ն այդպես էլ չկատարեց։ Այս լարվածությունից հետո Հայաստանը նախ չեղարկեց իր տարածքում ՀԱՊԿ զորավարժությունները, հետո էլ հրաժարվեց կառույցում գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից։

ՀԱՊԿ-ը մի քանի անգամ հայտարարել է, որ մշտապես պատրաստակամ է առաքելություն ուղարկելու հայ-ադրբեջանական սահման՝ ելնելով Հայաստանի անվտանգության ապահովման շահերից։ Ապրիլի կեսերին պաշտոնական Մոսկվան նորից հայտնեց՝ հայ-ադրբեջանական սահման ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու ժամկետները կախված են Երևանից, գնդակը Երևանի դաշտում է։ Մոսկվային Երևանն արտգործնախարարի մակարդակով արձագանքեց՝ Հայաստանի սահմանին ՀԱՊԿ առաքելությունից հրաժարվելու հարցի ձևակերպումը կոռեկտ չէ, քանի որ Հայաստանը չի հրաժարվել առաքելությունից, նախագիծը կա, դրա ուղղությամբ աշխատանքը շարունակվում է։ Օրեր անց էլ Հայաստանի վարչապետը հայտարարեց՝ Հայաստանը նույնպես պատրաստ է ՀԱՊԿ դիտորդական առաքելության տեղակայմանը։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest