Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ին տված հարցազրույցում շարունակել է հերքել Լաչինի միջացքի ու Արցախի շրջափակման փաստը։
«Տեղաշարժի ազատությունն արգելափակված չէ»,- պնդել է Ալիևը ու նշել, թե, իբր, ապրիլի 23-ին Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումից հետո մարդիկ «անխոչընդոտ» անցել են։ Նա մեղադրել է Հայաստանին ու Կարմիր խաչին սադրանքների մեջ։ Այնուհետև Ալիևը ևս մեկ անգամ արդարացրել է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան։
«Պատերազմում հաղթելն իմ կյանքի կամ գոնե քաղաքական կյանքի առաքելությունն էր, և ես այն հաջողությամբ իրագործեցի։ Մենք վերականգնել ենք արդարությունն ու մեր տարածքային ամբողջականությունը ու հիմա խոսում ենք խաղաղությունից»,-ասել է Ալիևը՝ նշելով, թե տարածքային պահանջներ չունեն Հայաստանից, սակայն նա այդպես էլ չի հայտարարել, որ Բաքուն ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։
« ․․․ այն մարդիկ, որոնք ապրում են Ղարաբաղում, այն տարածքում, որն այժմ ժամանակավորապես վերահսկվում է ռուս խաղաղապահների կողմից, գտնվում են Ադրբեջանում։ Նրանք պետք է ընտրություն կատարեն՝ մնալ այստեղ՝ ապրելու որպես մեր քաղաքացիներ ու ազգային փոքրամասնություն, գիտե՞ք, մենք նրանցից շատ ունենք, կա՛մ հեռանան»,-հայտարարել է Ալիևը։
Հայաստանի նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն վարող Ադրբեջանը նախագահը նաև նշել է, թե «այլ պատերազմ չեն ուզում, ո՛չ հիմա և ո՛չ էլ ապագայում»։
«Ինչ վերաբերում է Ղարաբաղի հայերին, ապա նրանք չպետք է հետևեն իրենց, այսպես կոչված, առաջնորդներին։ Նրանք անընդհատ ստել են նրանց։ Ղարաբաղի հայերը պետք է հասկանան, որ լինելով ադրբեջանական հասարակության մաս՝ անվտանգության երաշխիքներով և իրավունքներով, այդ թվում՝ կրթական, մշակութային, կրոնական, մունիցիպալ, նրանք կկարողանան նորմալ կյանքով ապրել, նրանց այլևս չեն ենթարկի մանիպուլյացիայի։ Մենք նրանց նորմալ կյանք ենք առաջարկում»,- ասել է Ալիևը։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: