44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու համար ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում օգոստոսի 1-ին հարցաքննության հերթը պատերազմի օրերին պաշտպանության նախարարի պաշտոնն զբաղեցրած Դավիթ Տոնոյանինն էր։

Այժմ Տոնոյանը բանակում չարաշահումների գործով կալանքի տակ է։ Նա միջնորդել էր դատարանին անձամբ ներկա գտնվել Քննիչ հանձնաժողովի նիստում, հանդես գալ ելույթով ու նաև պատասխանել պատգամավորների հարցերին, և Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ բավարարել էր Տոնոյանի պահանջը։ Մինչ իր զեկույցին անցնելը, Տոնոյանը շնորհակալություն հայտնեց դատավորին՝ միջնորդությունը բավարարելու համար։

«Պատրաստ եմ թույլատրելի թափանցիկությամբ պատասխանել ձեր հարցադրումներին», -հայտարարեց Տոնոյանը՝ ընդգծելով, որ փակ նիստի անցկացման կարիք ևս լինելու է։ Նիստը վարող Անդրանիկ Քոչարյանը շտապեց նկատել՝ «շատ չէ, 30 հարց է, մյուս հրավիրյալների համար 80-90 հարց է նախատեսված եղել» ու հարցաշարը տվեց Տոնոյանին։

Տոնոյանը՝ սպիտակ-սև պիջակ վերնաշապիկով, առանց ձեռնաշղթաների էր։ Դատարանն էր այդպես որոշել։ Նրան մինչև ԱԺ հսկիչ անցագրային կետ ուղեկցել է ՔԿՀ վարչակազմի մեկ ներկայացուցիչ։ Հանձնաժողովի նիստում Տոնոյանը նստած էր առանց որևէ մեկի հսկողության։ հարցերին պատասխանելիս Տոնոյանի ձայնը դողում էր, և երբ նրան հարցրին՝ ինչպես է, պատասխանեց կարճ՝ «Ուժեղ»։

Դավիթ Տոնոյանը մինչև բուն հարցերին անցնելը նկատեց, որ լավ կլիներ՝ ընդդիմության գոնե երկու ուժերի՝ Հանրապետական և Հ․ Յ․ Դաշնակցություն կուսակցությունների ներկայացուցիչները փակ նիստին ներկա լինեն։ «Ես կարծում եմ՝ նրանք պետք է ներկա լինեն գոնե փակ նիստին, այն տեղեկությունը, որ ես կհաղորդեմ, նրանց համար կարևոր է լինելու հետագա գործունեության համար, հակառակ դեպքում կխնդրեմ նրանց այլևս չարտահայտվել առնվազն իմ գործունեության մասին», -հայտարարեց Տոնոյանը։

 

Ի՞նչ է արել Տոնոյանը պատերազմից առաջ և մարտական գործողությունների ընթացքում

2020-ի սեպտեմբերին, Տոնոյանն ասաց, զբաղեցրել է պաշտպանության նախարարի պաշտոնը և օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում իրականացրել է գործունեություն։ Նաև ուշշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ 2020-ի հոկտեմբերի 21-ից 29-ը, պատերազմական գործողությունների ընթացքում, վարչապետի հանձնարարությամբ գտնվել է Մեղրիում։

Հարցին, թե արդյոք նախապես տեղյակ եղել է 2020-ի սեպտեմբերին սպասվող մարտական գործողությունների մասին և եթե այո, ապա երբվանից և ինչ աղբյուրներից, Տոնոյանը նախ փորձեց հստակեցնել՝ եթե հարցը վերաբերում է պատերազմի սպառնալիքին, ապա, այո, պատերազմի վտանգ, սպառնալիք եղել է։

Այնուհետև շարունակեց․ «Պատերազմի սպառնալիքի մասին տեղյակ եմ եղել, նման վտանգ եղել է այն տեղեկատվության հիման վրա, որը ստացվում էր պարբերաբար։ Իրագվիճակը սպառնալից էր, բայց ռազմական գործողությունների մեկնարկի օր որպես էդպիսին, որևէ մեկին հայտնի չի եղել»։

Պատերազմը կանխելուն ուղղված նրա գործողությունների մասին հարցին ի պատասխան, նախկին պաշտոնյան ասաց, որ որպես լիազորված անձձ լիովին իրականացրել է պաշտպանական քաղաքականություն՝ զսպման ուժերի ու միջոցների զարգացում, զորքերի մարտական կարողությունների բարձրացում, այդ թվում՝ ավելացնել հրթիռային զորքերի ու հրետանու կրակային ու հարվածային հնարավորությունները, զինված ուժերը համալրել բազմագործուն ավիացիոն համալիրներով (ՍՈւ-30) և ԱԹՍ-ով։

Պատգամավորների հարցերից մի քանիսը վերաբերում էր պատերազմից առաջ Տոնոյանի գտնվելու վայրին՝ որտեղ է եղել, ինչ է արել, ինչպես է իմացել պատերազմի մասին։

2020-ի սեպտեմբերի 25-ին Տոնոյանը գործուղված է եղել Ռուսաստանի Դաշնություն զորավարժությունների։ Սեպտեմբերի 25-26-ի երեկոն դարձյալ գործուղմամբ գտնվել է ՆԱՏՕ անդամ երկրներից մեկում՝ սպառազինության և ռազմական տեխնիկայի մատակարարումների կազմակերպման նպատակով։ «Փակ նիստում կարող եմ մանրամասնել», -նշեց Տոնոյանը։

Իսկ արդեն սեպտեմբերի 26-ի երեկոյից մինչև 27-ի առավոտ՝ պատերազմի սկիզբը, գտնվել է օդանավում՝ դեպի Կենտրոնական Ասիայի երկիր, որտեղ պետք է շարունակվեին բանակցությունները։ «Վայրէջքի պահին, սեպտեմբերի 27-ի առավոտյան, երբ հնարավորություն եղավ հեռախոսները միացնելու, անմիջապես տեղեկացվել եմ Գլխավոր շտաբի պետի կողմից։ Այնուհետև ունեցել եմ խոսակցորւթյուն ՀՀ վարչապետի հետ։ Միայն 2-3 ժամվա ընթացքում կարողացել ենք ինքնաթիռ հայթայթել ու ստիպված եմ եղել վերադառնալ Վրաստանով», -նշեց Տոնոյանը՝ նկատելով, որ փակ նիստի ընթացքում ավելի մանրամասն կխոսի այդ մասին։ Տոնոյանը Երևանում եղել է միայն սեպտեմբերի 28-ին առավոտյան ժամը 4-ին և վարչապետից թույլտվություն ստանալուց հետո մեկնել է մարտական գործողությունների իրականացման վայր։

Ասաց, որ և Գլխավոր շտաբի պետի, և վարչապետի հետ խոսակցությունները գաղտնի կապով եղել են պարբերաբար։ Այդ զրույցների, ինչպես նաև խորհրդակցությունների բովանդակության մասին Տոնոյանն ասաց կխոսի նիստի փակ հատվածում։

Բանակը պատրա՞ստ էր պատերազմին

Տոնոյանին ուղղված պատգամավորների հարցն այսպիսին էր՝ ՊՆ պաշտոնին նշանակվելիս ի՞նչ վիճակում եք ընդունել ՀՀ պաշտտպանության նախարարությունը և Զինված ուժերը։ Տոնոյանը փորձեց ճշգրտել՝ ի՞նչ նկատի ունեն, Անդրանիկ Քոչարյանը արձագանքեց․ «Որքանո՞վ էր մեր բանակը պատրաստ հնարավոր պատերազմին, պահեստներից սկսած՝ կառավարումով ավարտած»։

«Զինված ուժերի վիճակը, պատրաստվածությունը գնահատվում էր բավարար Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության ապահովման առումով, իսկ ԼՂ ժողովրդի անվտանգության ապահովումը դրված էր Զինված ուժերի վրա։ ՀՀ ԶՈւ-ն պատրաստ էր իրենցից 2-3 անգամ գերազանցող ուժի դիմակայելու՝ հաշվի առնելով պատրաստվածությունը, աշխարհագրությունը և այն բնագծերը, որտեղ գտնվում էին մեր զինված ուժերը», -հայտարարեց Տոնոյանը։

Նախկին պաշտոնյան ընդգծեց, որ դա իր անձնական գնահատականը չէ, այլ տեղեկություն է հիմնված հաշվարկների ու փաստերի վրա։

Ինչ վերաբերում է բանակի հնարավորություններին կամ կործանիչների առկայությանը, ապա ըստ Տոնոյանի, ՀՀ ԶՈւ-ի հնարավորությունները եղել են զրո․ «Մենք կործանիչ հակաօդային պաշտպանության ավիացիա ընդհանրապես չենք ունեցել։ Հիմնվում ենք միայն նախկին խորհրդային միության սահմանից բխող սպառնալիքների դեմ ՌԴ-ի հետ համագործակցության և ՌԴ կործանիչների հագեցվածության ու կիրառման վրա»։

Անդրադառնալով զորահավաքային («մոբ») քաղաքականությանը, Տոնոյանն ասաց, որ գործող զորահավաքային մոտեցումը ճիշտ չի եղել։ «Այդ համակարգը 5-րդ սերնդի պատերազմների դեպքում թերի էր», -լրացրեց նա։

«Չենք հաշվարկել, որ Թուրքիան կհայտնվի Արցախում»

Պատգամավորների հարցն էր՝ պատերազմի օրերին ԳՇ պետի պաշտոնը զբաղեցրած Օնիկ Գասպարյանը բազմիցս հայտարարել է, որ պատերազմի 3-րդ օրը ՀՀ ԱԽ նիստի ընթացքում զեկուցել է, որ Հայաստանի զինված ուժերը ունակ չեն կանգնեցնել թշնամու ագրեսիան և պնդել է, որ պատերազմն անհրաժեշտ է կանգնեցնել քաղաքական միջոցներով։

Տոնոյանն ասաց՝ հիշում է՝ այդպիսի խոսակցություն եղել է Անվտանգության խորհրդում, խոսակցություններ եղել են նաև այլ ձևաչափերում։

«Դրա վերաբերյալ առաջին զեկույցը ստացել եմ ես, դուր է եկել ինձ այդ զեկույցը, թե դուր չի եկել, բայց մենք պարտավոր էինք և՛ վարչապետին, և՛ ԱԽ-ին ներկայացնելու մեր մոտեցումը, քանի որ դրա պատճառն այն էր, որ կար երրորդ կողմի անմիջական ներգրավվածությունը, որ մեզ համար տեսանելի էր, երրորդ կողմը Թուրքիան է։ Այդ ներգրավումն իրականացվում էր ոչ թե նախիջևանյան ուղղությամբ, ոչ թե ՀՀ-ի սահմանի ուղղությամբ, այլ ձիու քայլով՝ արցախյան թատերաբեմում։ Մեր կողմից թերի է եղել, մենք չենք հաշվարկել այդպիսի բան, որ Թուրքիայի ԶՈՒ-ն անմիջապես կարող էր հայտնվել արցախյան թատերաբեմից ընդամենը 45, 25 կմ հեռավորության վրա՝ իրականացնելով թռիչքներ», — ասաց Տոնոյանը։

Ինչո՞ւ հայկական կողմը չի հաշվարկել, որ Թուրքիան կարող է հայտնվել արցախյան պատերազմում, գուցե ռազմավարական դաշնակից Ռուսաստանի դիրքորոշումների՞ց, նրա հետ քննարկումների՞ց։ «Ինչո՞ւ ենք այդքան հանգիստ եղել», -հարցրեց պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

«Հաշվի էինք առել դաշնակցի և այն դաշինքի մասնակցությունը, որում որ մենք գտնվում ենք», -արձագանքեց Տոնոյանը՝ նշելով, որ ավելի մանրամասն կարող է խոսել նիստի փակի հատվածում։ Դաշինքը նկատի ունի ՀԱՊԿ-ն։

 

Մովսես Հակոբյանի մասին

Տոնոյանին ուղղված 30 հարցերից մեկով պատգամավորները հետաքրքրվում էին՝ ու՞մ ցուցումով է գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը պատերազմի օրերին գտնվել Արցախի ՊԲ հրամանատարական կետում։ «Ես շատ հստակ հիշում եմ, որ Արցախում Մովսես Հակոբյանի գտնվելը` թե՛ հրամանատարական կետում, թե՛ այլ վայրերում գտնվելը, ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի անձամբ խնդրանքն էր ինձ։ ՊԲ հրամանատարն ինձ էր դիմել, որ Մովսես Հակոբյանը գտնվի Արցախում, աջակցի իրեն»։

Տոնոյանի խոսքով, Մովսես Հակոբյանը թեև գտնվելով ՀՀ ՊՆ ուղիղ ենթակայության տակ, չէր կարող հրամանատարական ուղղահայացում որևիցե հրամաններ իջեցնել և, կարծում է, որ Հակոբյանը դա չի էլ արել։ «Խորհրդատվություն տալու առումով ես չեմ բացառում, որ խորհուրդ տված լինի։ Բացի դրանից, եթե չեմ սխալվում, նա հիվանդացավ քովիդով ու առողջանալուց հետո շարունակեց իր գործունեությունը ՀՀ ՊՆ–ում։ Դա եղել է Ջալալ Հարությունյանի պաշտոնավարման սկզբնական փուլում»,– ասաց նախկին պաշտոնյան։

«Վարչապետին պետք է օժտել գերագույն հրամանատարի լիազորություններով նաև խաղաղ պայմաններում»

Կառավարման համակարգի թերությունների մասին հետաքրքրվեց պատգամավոր Հայկ Սարգսյանը ու խնդրեց մանրամասնել՝ եղե՞լ են թերություններ։ Ի պատասխան Տոնոյանն ասաց, որ ռազմական գործողությունների ընթացքում շատ խնդիրների է առնչվել, որոնց կանդրադառնա փակ նիստում։ Սակայն մինչ փակ նիստը շտապեց հավելել․ «Այն, ինչի հետ ես, գլխավոր շտաբը, վարչապետը անձամբ առնչվեցինք շտապ փոփոխության անհրաժեշտություն ունի։ Բաց նիստում կարող եմ ասել, որ հրատապ է վարչապետին օժտել գերագույն հրամանատարի լիազորություններով նաև խաղաղ պայմաններում»։

Նիստի ընթացքում, նկատենք, ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրեց, որ Քննիչ հանձնաժողովի նիստին շուտով ներկա կգտնվի նաև Ջալալ Հարությունյանը, նախնական պայմանավորվածություն արդեն կա։ Դավիթ Տոնոյանն էլ իր կողմից առաջարկեց հրավիրել նաև ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին. միջնորդել դատարանին, որ նա ևս ներկայանա հանձնաժողովին, քանի որ Շուշիի մասով շահարկումներ կան, ու նա անպայման պետք է խոսի։ Անդրանիկ Քոչարյանը նշեց` եթե իրավական խոչընդոտներ չլինեն, ապա Արզումանյանը ևս կհրավիրվի հանձնաժողով։

Հասմիկ Համբարձումյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest