Պետական մարմինները որևէ տեղեկություն չեն հաղորդում հուլիսի 20-ին Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության շենքի պատուհանից ցած նետված և մահացած տղամարդու մասին։ Միակ տվյալը այն է, որ տղամարդը 30 տարեկան էր, ազգությամբ ռուս, ՌԴ քաղաքացի։ Անգամ նրա անունը չի բացահայտվում։

Հիշեցնենք՝ անհայտ քաղաքացին, ըստ ՔԿ, իր անվամբ թմրամիջոցներ է ստացել ծանրոցով։ Նրան հունիսի 19-ին ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը արգելանքի է վերցրել, և հարցաքննության ժամանակ՝ «տեսագրման պայմաններում և փաստաբանի ու թարգմանչի մասնակցությամբ» նա «հետաքննության մարմնի ծառայողների ուղեկցությամբ», ձեռնաշղթաներով դուրս է եկել նախաքննություն իրականացնող քննիչի՝ հինգերորդ հարկում գտնվող աշխատասենյակից, միջանցքով մինչև վերջ գնացել է դեպի վերելակ տանող ելքի դուռը, դուռը բացվելուն պես նա անակնկալ արագ մոտեցել է վերելակին անմիջականորեն կից բաց պատուհանին և իրեն ցած նետել, ինչի հետևանքով մահացել է»։

Քննչական կոմիտեն գործով իր հանրային պաշտպանին է նշանակել՝ Զոյա Սաակովային, որը ոչ մի հարցի չի պատասխանում, ինչը ակնհայտորեն բխում է քննչական կոմիտեի շահերից։

Մենք փորձեցինք զրուցել նրա հետ, սակայն նա հորդորեց դիմել փաստաբանների պալատ։ Պալատի խոսնակ Սիլվի Տիգրանյանը ևս լռում է։ Նա պատասխանեց, որ հանրային պաշտպանի գրասենյանը նպատակահարմար չի համարում այս  պահին խոսել այդ գործից։ Ավելի ուշ նա այնուամենայնիվ խոստացավ, որ հանրային պաշտպանը ինչ հնարավոր է, կհայտնի։ Սակայն հանրային պաշտպան Սաակովան ընդամենը ընթերցեց մեզ համար քննչական կոմիտեի հաղորդագրությունը։

«Քննչական կոմիտեի վարչական շենքում տեղի ունեցածը ցավալի իրողոթյուն է, և պետք է դրա վերաբերյալ պատշաճ քննություն իրականացվի։ Քննչական բոլոր գործողությունները իմ ներկայությամբ կատարվել են սովորական, իրավական ընթացակարգով, քրեադատավարական պայմանների պահպանմամբ։ Որևիցե իրավունքի խախտման, այդ թվում խոշտանգման վերաբերյալ պաշտպանյալս որևէ տեղեկություն չի հայտնել», — ասաց հանրային պաշտպան Սաակովան։

Գրված է հաղորդագրության մեջ, որ նա ուղեկցությամբ դուրս է եկել միջանցք։ եթե ուղեկցությամբ է դուրս եկել, ինչպե՞ս է կարողացել իրեն ցած նետել, ինչո՞ւ ուղեկցորղները չեն կանխել դա։ «Այդ ժամանակ ես այնտեղ չեմ եղել, խնդրում եմ, քննչական կոմիտեից ճշտեք դա», — ասաց ՔԿ-ի նշանակած փաստաբանը։

Նա չցանկացավ պատասխանել նաև հարցին, թե ինչ վնասվածքներ է տեսել հանգուցյալի մարմնին։ Իսկ մեր ռեպլիկին՝ որ մարդուն տարան, սպանեցին, դուրս նետեցին ու փաստաբանները լռում են՝ պաշտպանելով քննչական կոմիտեին, նա ասաց․ «Դա ձեր ենթադրությունն է», և շտապեց նիստի՝ օդի մեջ թողնելով բոլոր հարցերը։

Նախաձեռնվել է վարույթ երկու հոդվածներով՝ «Ինքնասպանության հասցնելը» (Քրօր․-ի 162 հոդված, մաս) և «Պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ» (Քրօր․-ի 1446 հոդված, մաս 2)։ Մինչդեռ քննչական կոմիտեն դեպքից ժամեր անց տարածած հաղորդագրության  մեջ այն  որակել էր որպես «դժբախտ պատահար»։

Եվ այսպես, ստացված պաշտոնական սուղ տեղեկություններից ունենք հետևյալ պատկերը․ մարդը մտավ քննչական կոմիտե, հարցաքննվեց փաստաբանի ու թարգմանչի ներկայությամբ, ուղեկցողների հետ դուրս եկավ միջանցք, ձեռնաշղթաները ձեռքերին, կարողացավ դուրս ցատկել պատուհանից ու մահացավ։

Դեպքն այս  մեծ աղմուկ բարձրացրեց մամուլում։ Բազմաթիվ ԶԼՄ-ներ հիշեցին, որ ապրիլի 27-ին նույն եղանակով՝ պատուհանից ընկնելով, մահացել է Արարատի Հովտաշեն գյուղի բնակիչ, 62 տարեկան մսավաճառ Միսակ Պողոսյանը։

Նա ևս անցնում էր թմրամիջոցներին առնչվող գործով։ Նրա փաստաբան Սամվել Միրզոյանը ևս լռում է, պաշտպանելով ավելի շատ քննչական կոմիտեի, քան իր պաշտպանյալի շահերը, չի պատասխանու ոչ մի հարցի։ Նա ևս հանրային պաշտպան է, այսինքն՝ «պետական» փաստաբան։

Ակնհայտ է, որ փաստաբանները կաշկանդվածություն ունեն և չեն ցանկանում հրապարակավ արտահայտվել Քննչական կոմիտեի բաժանմունքներում տեղի ունեցող մահվան արտառոց դեպքերի մասին։ «Ես իմ տպավորությունը չեմ ասի, որովհետեւ չեմ ուզում հրապարակել նախաքննական գաղտնիք, իմ տպավորությունն արդեն գաղտնիքի բացահայտում է։ Համոզված եմ, որ քննությունն օբյեկտիվ է լինելու», — ասում է հանրային պաշտպան Միրզոյանը։

Միսակ Պողոսյանի դեպքում գործը քննում է ԱԱԾ-ն, և բացահայտման շանսերն անհամեմատ մեծ են, մինչդեռ ռուս տղայի դեպքում գործը քննում է քննչական կոմիտեն, և եթե պարզվի, որ հենց քննիչներն են խոշտանգելով սպանել երիտասարդին, ապա դուրս նետել պատուհանից, հանրությունն այդ մասին իմանալու զրո շանս ունի։

Մենք բազմաթիվ հարցեր ունեինք քննչական կոմիտեին, սակայն Forrights.am-ին հայտնեցին ՔԿ-ից, որ այս պահին տեղեկատվություն չեն կարող տրամադրել։ «Տեղեկատվություն հրապարակելու ենք, երբ էական հանգամանքներ ի հայտ կբերվեն՝ կապված տեղի ունեցածի պատճառների, դրան նախորդած շրջանում կատարվածի, պաշտոնատար անձանց գործողությունների կամ անգործության իրավական գնահատականի հետ։ Քննչական կոմիտեն բոլորից շատ է շահագրգռված, որպեսզի հանգամանքները լիարժեքորեն պարզվեն», — ասաց ՔԿ խոսնակը։

Նա հիշեցրեց՝ տարածված հաղորդագրության մեջ նշվել էր, որ այդ անձի հետ քննչական գործողությունը կատարվել է տեսագրման պայմաններում, թարգմանչի ու նրա փաստանի մասնակցությամբ։ «Սրանք անհերքելի հանգամանքներ են։ Մնացածը կպարզվի քննությամբ ու դրանց մասին պատշաճ, հնարավորինս մանրամասն հանրությանը կտեղեկացվի», — ասաց խոսնակը։

Սյուզան Սիմոնյան

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest