Արցախի բնակիչ Վագիֆ Խաչատրյանը ամբողջ հայ ժողովրդի կերպարն է, Արցախն ու Հայաստանն է Ադրբեջանում, խնդրում եմ կանգնեք կողքիս, այսօր Երևանում ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Խաչատրյանի դուստրը՝ Վերա Խաչատրյանը։

Նա լրատվամիջոցների միջոցով խնդրել է իր հայրենակիցներին իրեն ուժ տալ՝ հայրիկին հետ բերելու համար։

Վերա Խաչատրյանը պատմել է, որ հայրը քրոջ ուղեկցությամբ հուլիսի 29-ին Արցախից տեղափոխվում էր Երևան, որպեսզի այստեղ սրտի շտապ վիրահատության ենթարկվեր։ «Հակարի կամրջի վրա պահանջել են անձնագիրը, զննելուց հետո փորձել են տանել հայրիկիս, քույրս Կարմիր խաչի ներկայացուցիչները խնդրել են չտանել, բայց սպառնացել են, թե ուժ կգործադրեն, եթե շարունակեն։ Այդպես, հայրիկիս նստեցնելով մեքենայի մեջ, տարել են անհայտ ուղղությամբ։ Հայրիկիս փաստացի առևանգել են», -լրագրողներին պատմել է Վերա Խաչատրյանը։

Կինը հուզված էր, նա ասել է, որ մինչև հիմա հորից որևէ տեղեկություն չունեն, նրա հետ կապ հաստատել չի հաջողվել։ «Միայն գիտենք, որ ասել են՝ Բաքվում է, հիվանդանոցում», -արտասվելով ասել է Վագիֆ Խաչատրյանի դուստրը։

Նշենք, որ երեկ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել էր Վագիֆ Խաչատրյանին կալանավորելու մասին։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը նշել է, որ Խաչատրյանը «միջազգային հետախուզման մեջ է»։ Ըստ պաշտոնական Բաքվի՝ «օգտագործելով տարբեր տեսակի զենքեր՝ նա տարբեր անձանց հետ 1991 թ․ դեկտեմբերի 22-ին կազմակերպել և Մեշալի գյուղի ադրբեջանցիների դեմ իրականացրել է հանցագործություններ, ոչնչացրել է նրանց պատկանող գույքը, պետությանը խոշոր չափի վնաս է հասցրել (մոտ 5,5 միլիոն մանաթի / մոտ 3,2 միլիոն դոլարի նյութական վնաս»։

Սակայն Վերա Խաչատրյանը հերքել է այդ մեղադրանքը։ Ինչ վերաբերում է երեկ տարածվող տեղեկությանը, թե Վագիֆ Խաչատրյանը Սամվել Բաբայանի վարորդն է եղել, Վերա Խաչատրյանը արձագանքել է․

«Վերջերս էլ ասում էին, որ Սամվել Բաբայանի վարորդն է եղել: Հարգելիներս, դա կեղծ լուր է։ Հայրս չի եղել Սամվել Բաբայանի վարորդը: Իմ հայրն այնպիսի անձնավորություն է՝ զուսպ, հավասարակշռված, բարիության կերպար: Այն, ինչ ներկայացրել է Ադրբեջանի ղեկավարությունը, այդ ամենը կեղծ է: Իսկ նկարները, որ համացանցում տարածվել է, որտեղ իբր երիտասարդ տարիքում հայրիկս է, դա ևս ոչ մի կապ չունի հորս հետ, դա հայրս չէ, չգիտեմ՝ ում նկարն են տեղադրում: Հիմա պետք է բոլորով օգնեք, որ  հայրիկիս ողջ ու առողջ վերադարձնենք: Հայրիկս դուք եք, ձեզնից յուրաքանչյուրն է: Մենք միասնական ազգ ենք, մենք միասին հայրիկիս ենք վերադարձնելու, ես վստահ եմ: Ես խնդրում եմ ինչ-որ կերպ տեղեկություն բերել հայրիկիցս»:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest